Իշխանությունները բառիս բուն իմաստով ասելիք չունեն։ Բերենք թեկուզ «կուտակայինի» օրինակը։ Կառավարությունն այսօր կրծքով է պաշտպանում մի համակարգ, որի ամբողջ իմաստն այն է, որ 35 տարի հետո լավ է լինելու։ Խնդիրը նույնիսկ այն չէ՝ լավ է լինելու, թե ոչ։ Խնդիրն այն է, որ եթե արտագաղթի ներկայիս տեմպերը պահպանվեն, ուղիղ 28 տարի հետո Հայաստանում բառիս բուն իմաստով մարդ չի մնալու։ Իսկ արտագաղթի տեմպերն, ի դեպ, նույնը չեն մնում, հոսքը գնալով ուժեղանում է (եւ ակնհայտորեն ավելի է ուժեղանալու՝ կապված հայաստանյան օրենսդրության փոփոխությունների հետ): Երբեւէ լսե՞լ եք, որ կառավարությունը հոդաբաշխ բացատրության տա, թե ինչու է դատարկվում երկիրը։ Մի անգամ Սերժ Սարգսյանն ասել է, որ պատճառը «գաղջ մթնոլորտն է», եւ վերջ։
Չնայած՝ եթե հարցնեք տասնյակ հազարավոր արտագաղթողներին, որեւէ մեկը չի ասի, որ երկրից հեռանում է գաղջ մթնոլորտի պատճառով։ Մարդիկ շատ կոնկրետ պատասխաններ կտան։ Մեկի բիզնեսը Սաշիկն է խլել, մյուսի ունեցած-չունեցածը բանկում «տոկոսի տակ է», երրորդի կրպակն է փակվել «հարկային բարեփոխումների արդյունքում», չորրորդը պարզապես աշխատանք չունի ու հույս էլ չունի, որ երբեւէ կունենա, եւ այդպես շարունակ։ Խնդիրը հո միայն Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալը չէ, խնդիրը հո միայն այն չէ, որ երկրում հարյուրավոր երեխաներ դպրոց չեն գնում՝ պարզապես, որովհետեւ կոշիկ չունեն, իսկ Տիգրան Սարգսյանն իր արժանապատվությունից ցածր է համարում շարքային մահկանացուների նման սովորական ինքնաթիռով ճամփորդելը եւ բյուջեի հաշվին հատուկ չվերթեր է պատվիրում։ Դե հիմա մարդ է, գուցե երեխա ժամանակ հեծանիվ չի ունեցել՝ հիմա տեղը հանում է։
Խնդիրն այն է, որ ցանկացած կառավարության գործունեության գնահատականը որոշվում է կոնկրետ արդյունքներով, իսկ սրանց դեպքում արդյունքն անփոփոխ է՝ երկիրը դատարկվում է։ Վերջ, սա է, որեւէ այլ չափանիշ չկա։ Սրանք վեց տարի է օյինբազություններ են անում ու ասում «մոտ ապագայում դրական արդյունքներն իրենց զգացնել կտան», բայց ինչ անում են՝ «խիյարը թարս է բուսնում»։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում