Աշոտ Գաբրիելյանը՝ գրական «հնարամտությունների» մասին
Բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը գրական մամուլում հանդես է գալիս 2000-ականների սկզբից, ունի հրատարակած 3 ժողովածու՝ «Հրեշտակներն ասեղի ծայրին», «Հավատացեք, քանի որ չեք հավատալու» եւ «Գրպանի բանաստեղծություններ»: Մասնագետների բնութագրմամբ՝ նրա պոեզիան իր գրչակիցներից տարբերվում է հրապարակային կրքոտությամբ, միեւնույն ժամանակ քնարական պատկերներով: Շուրջ մեկ տարի է՝ Աշոտ Գաբրիելյանի մասին խոսելիս էլ կեսկատակ-կեսլուրջ ասում են, թե տեսնելով, որ ստեղծագործական գործունեությունը շահութաբեր չէ, բանաստեղծն «անցել» է բիզնեսի: Նկատի ունեն, որ նա 4 գրքի սրահ ընդգրկող «Հայգիրք» գրախանութների ցանցի տնօրենն է: Գրքի սրահներն ունեն օպերատիվ տպագրության հնարավորություն՝ «1 պրինտ», որտեղ յուրաքանչյուր ընթերցող կարող է պատվիրել աշխարհում տպագրված ցանկացած գրքի 1 օրինակ: Ընդ որում, այդ գործունեությունը օրինական է, պաշտպանվում են հեղինակային իրավունքները: Գրքի սրահներում կազմակերպվում են հանդիպումներ գրողների, արվեստի եւ մշակույթի այլ գործիչների հետ: Յուրաքանչյուր երեքշաբթի սրահներից մեկում անցկացվում է պոեզիայի ժամ: Առաջիկա շաբաթ օրը Իսահակյան 16 Ա գտնվող սրահում արվեստագետները հեքիաթներ կկարդան երեխաների համար: Առաջիկայում էլ նախատեսված է սրահներում անցկացնել նաեւ ֆիլմերի ցուցադրություն:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ դիտարկմանը, թե անշահութաբեր գրքի վաճառքը բանաստեղծը, փաստորեն, փոխարինել է գերշահութաբեր տպագրությամբ, Աշոտ Գաբրիելյանը հակադարձեց, թե գրքի տպագրությունը նույնպես շահութաբեր չէ, թեեւ հավելեց, որ իրենք տպագրում են նաեւ բուկլետներ, այցեքարտեր, ծննդյան ալբոմներ, օրացույցներ եւ այլն: Հարցին՝ իսկ դրանով կարելի՞ է «հիմնարկ պահել», մեր զրուցակիցը պատասխանեց. «Վաճառում ենք նաեւ ներկրված իտալական թղթեր, գերմանական բարձրորակ գրենական պիտույքներ, տպագրություն ենք իրականացնում ցանկացած իրի վրա: Իհարկե, մեր գլուխգործոցը տպագրությունն է ջրի վրա»:
Ռեպլիկին՝ երբ «Սփյուռ» տեղեկատուում որոնում ենք տալիս, առաջինը բերում է հենց «1 պրինտը», պարոն Գաբրիելյանը ենթադրելով ենթատեքստը, ասաց. «Դա հատուկ ենք արել, քանի որ ձեռնարկություններ փնտրելիս սկզբում բերում է թիվ պարունակող կայքի անունը, հետո նոր մնացածը՝ այբբենական կարգով»: Մեր զրուցակիցը հավելեց, որ էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով ընդունված «1 պրինտի» պատվերներն ընդամենը րոպեներ անց տաքսին հասցնում է պատվիրատուին: Ինչ վերաբերում է իր տնօրինության տակ գտնվող գրախանութներին, Աշոտ Գաբրիելյանը գովեստի խոսքեր հղեց աշխատակիցների հասցեին. «Հայգրքի» 4 սրահները ոչ թե զուտ խանութներ են, այլ ցանկացած գրքի մասին տեղեկատվական կենտրոններ, որ ապահովում են սրահների աշխատակիցները»:
Կարդացեք նաև
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ