Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէի ցանկանում, որ ինձ ճանաչեն որպես նկարիչ Մինասի զավակ»

Մարտ 20,2014 13:40

Ասել է Նարեկ Ավետիսյանը՝  գերմանացի արվեստաբանին տված հարցազրույցում

Այս տարվա փետրվարի 20-ից մայիսի 4-ը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Մորիթցբուրգի Արվեստի թանգարանում «Մշակույթների երկխոսություն» կազմակերության նախաձեռնությամբ եւ իրականացմամբ, Սաքսոնիա-Անհալտ երկրամասի եւ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունների հետ համագործակցության արդյունքում ներկայացվում է «Մինաս եւ Նարեկ Ավետիսյան. մոդեռնը եւ ավանգարդը Հայաստանում» լայնածավալ ցուցահանդեսը: Վերջինիս շրջանակներում, ազգությամբ գերմանուհի, արվեստագիտությունների թեկնածու Մարի-Քրիստին Ֆրիտչը ծավալուն հարցազրույց է վարել արվեստագետ Նարեկ Ավետիսյանի հետ: Վերոնշյալ ցուցահանդեսի կապակցությամբ Գերմանիայում հրատարակված եռալեզու պատկերագրքում զետեղված տիկին Ֆրիտչի նշված հարցազրույցն արվեստաբանական վերլուծություն է, որը պատմական եւ քաղաքական փոփոխություններին համընթաց՝ Խորհրդային Հայաստանից մինչեւ անկախ Հայաստանի Հանրապետություն, ներկայացնում է հայ կերպարվեստի զարգացման փուլերը՝ հայր եւ որդի Ավետիսյանների արվեստի զուգահեռների միջոցով: «Մարտիրոս Սարյանը ժամանակակից հայ նկարչության հիմնադիրն է: Նրա ստեղծագործությունն արժանացել է սերունդների մեծարանքին եւ արժանանում է մինչ այսօր: Մինաս Ավետիսյանը Մարտիրոս Սարյանին հաջորդող սերունդի ներկայացուցիչն է, որի համար Սարյանն ընդօրինակելի նախահայր է: Սակայն, ինչպես գունամտածողության, այնպես էլ այլ ձեւամտածողության մեջ ձգտում էր գտնել իր սեփական ուղին եւ այն իրականացնել», – գրել է գերմանացի արվեստաբանը: Հարցին՝ ինչպե՞ս է բնութագրում հոր՝ Մինաս Ավետիսյանի վերաբերմունքը Սարյանի հանդեպ, Նարեկ Ավետիսյանը պատասխանել է. «Հայրս Մարտիրոս Սարյանի արվեստում տեսավ ինքն իր սեփական ֆովիստա-էքսպրեսիոնիստական վերապրումների ինքնությունը բացահայտելու բանալին: Այն բանալին, որով կկարողանար բացել «հայկականության ոգու դռները»: Հայրս, ինչպես Սարյանն էր ասում, «իսկական շարունակող էր»: Նա չդարձավ կրկնօրինակող, բայց որոշակի հենակետ գտնելով Սարյանի արվեստում` ի վիճակի եղավ ստեղծելու իր` մինասական ոճը եւ գնալու ավելի հեռուն` դեպի ակունքները, այնտեղից էլ` դեպի արվեստի ձեւի ու բովանդակության վերացական ներդաշնակությունը»:

Իսկ ի՞նչ ազդեցություն է ունեցել Մինաս Ավետիսյանի ժառանգությունը որդու՝ Նարեկ Ավետիսյանի եւ իր սերնդի արվեստագետների վրա:

«Ուսանողական տարիներին հայրս ինձ համար իսկական արվեստագետի օրինակ էր, մտածող, օժտված, պայքարող անհատականություն: Իմ առաջին ավանգարդիստական շրջանում ես մտածում էի, որ իմ խնդիրներն արդեն մի փոքր այլ են, քան իրենը: Եվ չէի ցանկանում, որ ինձ ճանաչեն որպես նկարիչ Մինասի զավակ: Դժվար էր, սակայն կարողանում էի ինքնուրույն լինել: Այժմ, իհարկե, ես այլեւս անկախ կամ նմանը լինելու խնդիր չունեմ: Ես անցա որոշակի ուղի եւ փորձառություն ձեռք բերելուց հետո հանգեցի այն մտքին, որ հայրիկիս ժառանգությունը եւ փառքը օրհնանք են ինձ համար: Չկա ոչ մի տարօրինակ բան, որ այսօր ես շարունակում են հայրիկիս սկսած ուղին, շարունակում եմ ժամանակին եւ նոր խնդիրներին համահունչ եւ անհատական կերպով:

Իսկ իմ սերնդակից արվեստագետների համար Մինաս Ավետիսյանը 60-70-ականների «հայկական մոդեռնիստական» վերելքի առաջնորդն է: Իրենց համար Մինասը հերոս է: Արվեստում հայազգի մեծ զավակի՝ Արշիլ Գորկու հետ նույնիսկ համեմատելի արվեստագետ է» – ի պատասխան գերմանացի արվեստաբանի հարցին՝ նշել է Նարեկ Ավետիսյանը: «Մինաս եւ Նարեկ Ավետիսյան. մոդեռնը եւ ավանգարդը Հայաստանում» լայնածավալ ցուցահանդեսի նույնանուն պատկերագրքում ներկայացված հարցազրույցում Նարեկ Ավետիսյանը անդրադարձել է նաեւ Մարի-Քրիստին Ֆրիտչի կողմից արվեստագետի ստեղծագործությանը եւ ֆրակտալ արվեստի նորամուծությանը վերաբերող հարցերին: «INTERFRACTAL-ները վերանայման են ենթարկում արվեստի եւ գիտության սահմանները: Եվ արդյունքում գիտությունը ընկալվում է որպես արվեստ, իսկ արվեստը ձեռք է բերում գիտական հիմնավորում: Ֆրակտալներն ի սկզբանե Հայաստանում մեծ հետաքրքրություն առաջացրեցին, սակայն աբստրակցիոնիստ արվեստագետները դժվարությամբ ընդունեցին այն փաստը, որ INTERFRACTAL-ն աբստրակցիայի զարգացման նոր աստիճան է: Այնպես ստացվեց, որ ես ներմուծեցի Հայաստան ինչպես համակարգչային արվեստը, այնպես էլ ֆրակտալ արվեստը: Արվեստագետները շատ են ինձանից հետաքրքրվում ֆրակտալների մասին եւ չի բացառվում, որ ես մի օր կստեղծեմ իմ INTERFRACTAL արվեստի դպրոցը»,-ասել է արվեստագետը:

Պատրաստեց ՎԻԿՏՈՐՅԱ ՓՈՇՈՏՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31