Ոչ իշխանական ուժերի համախմբումը՝ հաջողության հասնելու դեպքում, կարող է հանգեցնել Հայաստանում ամբողջական իշխանափոխության: Համենայնդեպս, այդպես են վստահեցնում այդ ուժերից առնվազն երկուսը՝ «Ժառանգությունը» և հատկապես Հայ ազգային կոնգրես կուսակցությունը: Կոնսոլիդացիայի գործընթացում առանցքային դերակատարում ստացած ԲՀԿ-ն խուսափում է (գուցե՝ առայժմ) ամբողջական իշխանափոխության մասին հրապարակային հայտարարություններից, սակայն հասկանալի է, որ Գագիկ Ծառուկյանը չէր մտնի այս գործընթացի մեջ, եթե նպատակակետն ավելի խոստումնալից չլիներ: Բացառված չէ, իհարկե, որ Ծառուկյանը գերադասեր ընդհանրապես զերծ մնալ որևէ հակաիշխանական գործընթացում ընդգրկվելու՝ նաև վտանգավոր հեռանկարից:
Սակայն բացառված չէ նաև, որ իրեն այլընտրանք հռչակած այդ ուժի ղեկավարը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական երկարաժամկետ ծրագրերը սպասարկելուց հրաժարվելու այլընտրանք չի ունեցել: Բայց դա այս պահին չի փոխում իրերի դրությունը: Փաստն այն է, որ գործընթացը սկսվել է, ու բացառված չէ, որ հաջողության հասնի: Իսկ ո՞րը կարող է լինել դրա վերջնարդյունքը: Ամբողջական իշխանափոխությունը, ինչպես խոստանում է ՀԱԿ-ը: Այսինքն՝ ոչ միայն կառավարության, այլ նաև նախագահ Սերժ Սարգսյանի փոփոխությունը:
Ընդունենք, որ ԲՀԿ-ն կգնա մինչև վերջ, ճանապարհի կեսից հետ չի քաշվի ու ամբողջությամբ կծառայի ամբողջական իշխանափոխության նպատակին: Սակայն արդյո՞ք դա լինելու է այն հանգրվանը, որը, ինչպես հայտարարում են ոչ իշխանական ուժերը և ինչպես ցանկանում և կարծում է հասարակության զգալի հատվածը, կարող է դառնալ Հայաստանի ներկայիս վիճակի փրկությունը: Այն, որ իշխանափոխությունն անհրաժեշտություն է, քննարկման ու վիճարկման ենթակա չէ: Սակայն հայաստանյան նախկին փորձն ու ներկայիս իրողությունները հաշվի առնելով՝ չափազանց կարևոր է «ինչպե՞ս» հարցի պատասխանը:
Այս հարցին պատասխանելու համար, թերևս, պետք է հասկանալ հնարավոր իշխանափոխության տեսանելի սխեման՝ հիմնվելով այն «ճանապարհային քարտեզի» վրա, որը հրապարակավ ներկայացվում է ոչ իշխանական ուժերի կողմից: «Հրաշալի քառյակի» հայտարարած նպատակը կառավարության և նրա ղեկավարի փոփոխությունն է: Քառյակի անդամների առնվազն մի մասը վստահեցնում է, որ դա միջանկյալ նպատակ է: Այսինքն՝ նրանց միջանկյալ նպատակն է՝ վարչապետի պաշտոնում տեսնել քառյակի թեկնածուին: Թե ինչ անուն-ազգանունով, ըստ էության, քիչ էական է ընդհանուր գործընթացի տրամաբանության տեսանկյունից: Հասկանալի է, այդուհանդերձ, որ եթե ոչ՝ քառյակի բոլոր անդամների, ապա դրա հիմնական անդամի՝ ԲՀԿ-ի համար ամենացանկալի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է: Այսպիսով, եթե ոչ իշխանական ուժերը միջանկյալ հաջողություն արձանագրեն, ապա վարչապետ կարող է դառնալ Ռոբերտ Քոչարյանը կամ քառյակի երաշխավորությամբ՝ Պողոս Պողոսյանը: Իսկ ի՞նչ կլինի դրանից հետո:
Կարդացեք նաև
Այս սխեմայի իրագործման դեպքում «հրաշալի քառյակը», ըստ էության, կվերցնի իշխանության նաև գործադիր թևը: Նաև՝ որովհետև օրենսդիրը՝ Ազգային ժողովը, գոնե ղեկավարության մասով կարելի է վերցված համարել. ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն է: Ոչ իշխանական ուժերը հույս ունեն, որ իրենց կմիանան նաև հանրապետական այլ պատգամավորներ:
ԳԱՌՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում