Բաց նամակ Մարկ Ցուկերբերգին
Ողջույն, Մարկ կամ ինչպես քեզ ընկերաբար կոչում են՝ Ցուկի: Չես նեղանում, չէ՞, որ սենց եմ դիմում, չէ՞ որ Ցուկի ասելով, միեւնույն է, ես քեզ իրական եմ ընդունում եւ չեմ համարում, թե դրա տակ ֆեյք է թաքնված…
Տես, է, գրեցի ֆեյք ու հիշեցի, թե ինչի համար եմ էս նամակը նախաձեռնել, թե չէ սկսելու էի քեզ ու քո ստեղծածը գովել ու մոռանայի:
Ուրեմն էսպես, Ցուկի, բարեկամս, կա մի հրաշալի երկիր՝ Հայաստան է կոչվում: Կարծում եմ՝ դու մի քիչ տիրապետում ես ժամանակակից տեխնոլոգիաներին եւ հանգիստ կարող ես համացանցում որոնել եւ գտնել այդ երկիրը: Մեր այս հրաշալի երկրում կա մի բարձրագույն օրենսդիր մարմին (եթե անկեղծ լինեմ՝ դրան էս պահին ավելի շատ սազում է օրգան բառը)՝ Ազգային ժողով է կոչվում: Քեզ հասկանալի լեզվով ասեմ՝ պառլամենտ: Մի խոսքով՝ այդ բարձրագույն օրգանի մի խումբ անդամներ վերջերս որոշել են ոտնձգություններ կատարել քո ստեղծածի, դե գիտես էլի՝ «Սֆաթագրքի» կամ ինչպես դասական գրաբարով դու ես կնքել՝ «Ֆեյսբուքի» հանդեպ: Քո ստեղծածը, ինքդ էլ գիտեիր, ի վերջո, հանգեցնելու է լիքը կեղծանունով օգտատերերի ավելացման: Դու ես սկզբունքն էդպես դրել, անձնագիր չես հարցնում, հետաքննություն չես ուզում անել՝ ով է, ինչ ցեղից է եւ այլն: Գրանցվեց՝ գրանցվեց: Թող օգտվի բարիքներից՝ ինչպես ուզում է: Մենակ քեզ մոտ չի: Բլոգոսֆերայում էլ է էդպես եւ համացանցում՝ ընդհանրապես:
Կարդացեք նաև
Չէ, ինձ ճիշտ հասկացիր, Ցուկի, անձամբ ես դեմ եմ վախկոտ, իրենց անունը կամ ֆեյսը՝ դեմքը, չունեցողներին, այսինքն՝ ֆեյքերին էլի: Բայց դե՝ մարդ են, իրենց իրավունքն է, կարող են կեղծանունով լինել, կարող է երկյուղելու պատճառներ ունեն, դրա համար են թաքնվում, որ առանց վախենալու ինչ ասես՝ գրեն: Դե, լրատվամիջոցների ներկայացուցիչներն էլ երբեմն կարող են օգտվել նրանց գրածից… Բայց հիմա, ինչպես ասացի, Հայաստան երկրի օրենսդիր օրգանը… Վաաաաայ, դե, մարմինն էլի… Ավելի ճիշտ՝ դրա մի խումբ անդամներ որոշել են «տապոռով» («տապոռը» գիտե՞ս ինչ է. ռուս ընկերներիդ հարցրու՝ կբացատրեն) պայքարել… Կարծում ես՝ ֆեյքերի՞ դեմ… Չէ, բարեկամս, չէ: Լրատվամիջոցների՛ դեմ: Ֆեյքերի դեմ չեն էլ պայքարի (թե ինչու՝ քիչ ներքեւում կասեմ): Սրանք դեմ են լրատվամիջոցների եւ խոսքի ազատությանը:
Ցուկի, բարեկամս, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ հենց սրանց մի մասը բնության պարտադրանքով պարապ է մնում կամ գարնանային սրացում է ունենում, որոշում է լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակող որեւէ օրինագիծ մշակել:
Եվ, գիտե՞ս, էս օրինագծով ինչ են ասում… Ասում են, թե լրատվամիջոցը պիտի որեւէ աղբյուրի գրառումից օգտվելուց առաջ ճշտի՝ դա ֆե՞յս է, թե՞ ֆեյք… Մա՞րդ է, թե՞ ոչ: Հարցնում ես՝ ո՞նց, եթե անգամ դու՝ էդ ամեն ինչը ստեղծողներից ու տնօրինողից մեկը, չես ճշտում… Ես էլ չգիտեմ, Ցուկի: Բայց այ, Հայաստանի հիշյալ օրգանի անդամները ուզում են պարտադրել:
Դե, երեւի լրատվամիջոցները նախապես պիտի նայեն՝ էդ օգտատերը նկար ունի՞, ամուսնացա՞ծ է, իսկ երեխանե՞ր, քանի՞սը ունի, որտե՞ղ է ապրում, այսքանից հետո էլ պահանջեն չորս լուսանկար՝ 3×4 չափի (ցանցում տեղադրված նկարները հաշիվ չեն, ինչ իմանաս՝ ում նկարն է), անպայման առանց գլխարկի, հա՝ նաեւ կոշիկի համարը, հագուստի չափը, իսկ եթե կնոջ անունով օգտատեր է՝ նաեւ հիմնական չափերը… Հասկացար, էլի, էն, որ ասում են՝ 90-60-90: Պետք է նաեւ հարցնել՝ կենդանիներ սիրո՞ւմ է, դատված եղե՞լ է, թե՞ ոչ, արտասահմանում բարեկամներ ունի՞: Չմոռանամ ասել, որ հարկ է անպայման ճշտել գրանցման հասցեն, ընտրացուցակներում ընդգրկված լինելը եւ, բնականաբար, վերջին քանի ընտրություններին է մասնակցել եւ քանիսում է կողմ քվեարկել հարազատ ՀՀԿ-ին… Այ, մանավանդ այս ճշտելուց հետո միայն իրավունք կա գրառումն օգտագործել… Որովհետեւ Հայաստանում ով դեմ է քվեարկել հարազատ ՀՀԿ-ին (պատկերացրի՞ր՝ ընտրազանգվածի 99 տոկոսը), նա արդեն ֆեյք է եւ որեւէ տեղեկության աղբյուր չի կարող լինել ու կարծիք էլ չի կարող արտահայտել… Իսկ արտահայտելուց էլ՝ նրան լսողն ո՞վ է:
Խոստացել էի ասել, թե ինչու նրանց պայքարը ոչ թե բուն ֆեյքերի, այլ լրատվամիջոցների դեմ է: Ասեմ՝ որովհետեւ իրականում տեղով մեկ ֆեյք են հենց իրենք՝ այդ օրգանի յոթանասունչգիտեմքանի անդամները. նախ՝ համարյա բոլորը մականուն ունեն ու հանդես են գալիս կենդանական աշխարհի, կինոհերոսների, կանացի ներքնազգեստի, զինատեսակի ու էլ չգիտեմ ինչ ատրիբուտների անուններով: Երկրորդ՝ ֆեյք են, որովհետեւ ընտրությունները կեղծել եւ գողացել են ուրիշների ֆեյսերը, այսինքն՝ մանդատները: Եվ ֆեյք են, որովհետեւ ֆեյս, այսինքն՝ դե՛մք չունեն, իրենք յոթանասունչգիտեմքանի (չես պատկերացնի, Ցուկի, թե հայերենում ինչ լավ է հնչում յոթանասուն թվականը՝ էս պարագայում) հոգանոց անդեմ զանգված են՝ միատեսակ կարծիք ունեցող, ավելի ճիշտ՝ սեփական կարծիք չունեցող (ունենալուց էլ՝ վախենում են արտահայտեն, հանկարծ «ֆեյքատերը» չբարկանա), միատեսակ քվեարկող: Իրենց դիրիժորը, այսինքն՝ ֆեյքատերը կամ ինչպես մեր ընկեր ու քո ստեղծածի ակտիվ օգտատեր Լեւոնը կասեր՝ «պախանը», ինչ ասի, էնպես էլ անում են… Էդպես, այդ յոթանասունչգիտեմքանի քաղաքական ֆեյքերը Հայաստանը ծախեցին ռուսական «Գազպրոմին»՝ մի ինչ-որ Միլլերի դարձնելով Հայաստանի «ստարշինա», որ մեր երկրում ինչ ուզենա՝ կարող է անել… Մի խոսքով՝ այդ յոթանասունչգիտեմքանի հոգանոց մեծ ֆեյքին կարելի մի կեղծանուն տալ, ասենք՝ «Եֆրեյտոր» (ասեմ իմանաս՝ եֆրեյտորները հնուց անտի ամենածառայահաճն են եւ հաճույքով կատարում են «ստարշինայի» բոլոր քմահաճույքները) ու վերջ… Կարող են մի դեմքով ու յոթանասունչգիտեմքանի աջ կամ ձախ ձեռքերով քվեարկել այսպես կամ այնպես՝ իրենք էլ չիմանալով, թե ինչու (սա էլ են իրենք խոստովանել)…
Ավարտելուց առաջ, Ցուկի, չմոռանամ ասել, որ ես ֆեյք չեմ, իրական մարդ եմ, իրական անունով ու ազգանունով, եթե երբեւէ (լրագրողական գործունեությանս արշալույսին) որոշ հոդվածների տակ կեղծանուն եմ դրել, միեւնույն է՝ բոլորը իմացել են, որ դա ի՛մ գրական կեղծանունն է:
Եվ քանի որ ֆեյք չեմ, ուստի, ինչպես միշտ, դնում եմ լուսանկարս եւ անունս նաեւ:
Քեզ շատ հարգող՝ ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Ընթերցողներիս ասեմ, որ հաջորդ շաբաթ արդեն միանգամայն լուրջ կվերլուծեմ ԱԺ մի խումբ պատգամավորների ներկայացրած եւ «ընդդեմ ֆեյքերի» անունը ստացած օրինագիծը, եթե, իհարկե, մինչ այդ յութանասունչգիտեմքանի ֆեյքերն ու կառավարության նրանց գործընկերները մեկ-երկու զավեշտալի խոսք չբլթացնեն, որին անդրադառնալն ավելի կարեւոր համարեմ, քան հիշյալ տգետագույն նախագիծը:
«Առավոտ» օրաթերթ