ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), որը 2008-ի մարտի 1-ին, հիշեցնենք, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարն ու փոխոստիկանապետն էր, եւ ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելու գործում առանցքային դերակատարներից մեկը, խոսել է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին։
«Ես, որպես անձնավորություն, որպես Հայաստանի քաղաքացի, կուզենայի, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնար (…): Ես Քոչարյանի հետ շուրջ տասը տարի աշխատել եմ՝ իր ենթակայության տակ, եւ համարում եմ նրան լավ նախագահ»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը։
Եվ ուրեմն, ինչո՞ւ է Գրիգոր Գրիգորյանը նման հայտարարություն անում մի փուլում, երբ իր կուսակցական առաջնորդը հանդիպումներ է նախաձեռնել խորհրդարանական մյուս երեք ոչ իշխանական ուժերի հետ, իսկ խորհրդարանում նույն այդ չորս ուժերը պատրաստվում են ապրիլի 28-ին Ազգային ժողովում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Արդյո՞ք Գրիգոր Գրիգորյանի հայտարարությունը տեղավորվում է չորս ուժերի նախաձեռնության տրամաբանության մեջ, եւ ինչպես են դրանց ներկայացուցիչները վերաբերվում ԲՀԿ-ական պատգամավորի ասածին, արդյո՞ք կիսում են այդ կարծիքը։ Երեկ նրանք բոլորն էլ խուսափեցին պատասխանել այս հարցին։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «ՀԺ» թղթակցին ասել է, թե նման բա չի կարդացել եւ տեղյակ չէ հայտարարությունից։
ԲՀԿ-ական պատգամավորներից հաջողվել է կապ հաստատել միայն էլինար Վարդանյանի հետ։ Մյուսները խորը ընդհատակ են անցել։ Վարդանյանն էլ ասել է, թե հայտարարությանը ծանոթ չէ։ «Կծանոթանամ, հետո զանգեք»,- ասել է նա։ Հետո, սակայն, նա անհասանելի է դարձել։
Հայ հեղափոխական դաշնակցությունից ընդհանրապես չեն ցանկացել խոսել այդ թեմայի շուրջ:
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում