Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ ՊՆ. շուտով կհրապարակվի այս գործով դատարանի որոշումը

Մարտ 20,2014 10:40

ՀՀ վարչական դատարանում վերսկսվել է ՀՀ պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցադիմումի հիման վրա 2010 թվականի հունիսի 15-ին կասեցված գործի քննությունը: 2014 թ. մարտի 19-ին տեղի ունեցավ սույն գործով դատաքննությունը: Հայցվոր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը ներկայացրեց հայցադիմումի բովանդակությունը և պահանջը, ինչպես նաև հղումներ կատարեց ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012թ. N 1010 որոշման մեջ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2007 թ. թիվ 1551 բանաձևից և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Շտոլն ընդդեմ Շվեյցարիայի գործով 2007 թ. վճռից մեջբերված հատվածներին, որոնց համաձայն պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ցանկերը սահմանող իրավական ակտն ամեն դեպքում պետք է հասանելի լինի հանրությանը: Պատասխանող կողմի ներկայացուցիչը ներկայացված հայցադիմումի դեմ առարկությամբ հանդես եկավ՝ վկայակոչելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի դ) ենթակետի պահանջը, ինչպես նաև ՀՀ կառավարության 13.03.1998թ. N 173 որոշումը: Պատասխանող կողմը պնդեց, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012թ. N 1010 որոշումը սույն գործի շրջանակներում կիրառելի չէ, քանի որ կազմակերպությունը տեղեկատվության հարցումը պահանջել է 2010 թվականին, իսկ հիշյալ որոշումն ընդունվել է 2012 թվականին և չի կարող հիմք հանդիսանալ նախկինում պահանջված տեղեկատվությունը տրամադրելու համար:

Ա. Սաքունցի այն հարցին, թե արդյոք իրավաչափ էր մերժումն այն դեպքում, երբ առկա էին դեռևս 2007 թվականի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1551 բանաձևով և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Շտոլն ընդդեմ Շվեյցարիայի վճռով արտահայտված մեկնաբանությունները, պատասխանող կողմը դրական պատասխան տվեց, պատճառաբանելով, որ գոյություն ունի ներպետական օրենսդրություն, որով տվյալ դեպքում այլ դրույթ է նախատեսվում: Սակայն, այնուամենայնիվ, վերջինս ընդունեց, որ ՀՀ-ի կողմից վավերացած միջազգային պայմանագրերը կազմում են ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասը: ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հայտնեց դատարանին, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծվել է հանձնաժողով, որն զբաղվում է գաղտնագրման ցանկերի մշակմամբ և պետք է հստակ սահմանվի, թե ցանկերից որն է համարվում հասանելի և որը գաղտնի, սակայն, միաժամանակ հայտնեց, որ չի կարող ասել, թե երբ կավարտվեն այդ ցանկերը մշակող հանձնաժողովի աշխատանքները: Դատարանը դիրքորոշում հայտնեց այն մասին, որ հնարավոր է այդ ցանկերը մշակվելուց հետո կազմակերպության կողմից պահանջված տեղեկատվությունը չհամարվի գաղտնի, և, գտնելով, որ առկա է իրավական դաշտի անորոշություն, առաջարկեց ՀՀ ՊՆ-ից ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք պահանջված տեղեկատվությունը համարվելու է գաղտնի, թե ոչ: Հայցվոր Ա. Սաքունցը հայտնեց, որ չի տեսնում իրավական դաշտի անորոշության խնդիր, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում, ինչը նշանակում է, որ գաղտնի տեղեկատվության ցանկերը սահմանող հրամանը պետք է կորցներ իր իրավաբանական ուժը, բացի այդ, ՀՀ Պն-ն, չտրամադրելով պահանջված տեղեկատվությունը, պետք է հստակ հիմնավորում ներկայացներ, որ այդ տեղեկատվության տրամադրումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել ՀՀ-ի համար: Ա Սաքունցն ընդգծեց, որ ՀՀ ՊՆ-ի պահվածքը հակասում է ՀՀ Սահմանադրական դատարանի և միջազգային պայմանագրերով ամրագրված նորմերին, որի հետևանքով խախտվում է կազմակերպության տեղեկատվության ազատության իրավունքը: Այնուհետև, դատական նիստի ընթացքում հետազոտվեցին գործում առկա ապացույցները, որից հետո դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Ա. Սաքունցը նշեց, որ իր կողմից ներկայացված պահանջն ունի էական նշանակություն ՀՀ քաղաքացիների համար, քանի որ ՀՀ ՊՆ-ն հակված չէ հաշվետու լինել ՀՀ քաղաքացիներին իր գործունեության ընթացքում օգտագործված ռեսուրսների և դրանց արդյունավետության մասին և խնդրեց բավարարել կազմակերպության կողմից ներկայացված հայցը: Պատասխանողի ներկայացուցիչը իրավաչափ համարեց ՀՀ ՊՆ-ի գործողությունները, գտնելով, որ չեն խախտվել որևէ մեկի իրավունքները և խնդրեց ամբողջությամբ մերժել կազմակերպության հայցը: Դատարանը, սույն գործով դատաքննությունն ավարտված համարելով, նշանակեց դատական ակտի հրապարակման օր: Դատական ակտը կհրապարակվի 2014 թ. ապրիլի 9-ին, ժամը 14:11-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31