Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքից դուրս հանքարդյունաբերություն. հաղորդում հանցագործության մասին

Մարտ 20,2014 10:37

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գ․Կոստանյանին, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Երբ 2013թ հունիսի 26-ին առաջին անգամ ականատես եղանք Հանքասարի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչամբարում և Գեղի գետում տիրող աղետալի վիճակին, մեզ թվաց, թե դա նախորդ օրը տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքն է: Սակայն հետագայում պարզվեց ահավոր իրականությունը, որը հետևյալն է. Փաստացի, Գեղի գետը երեք տարի շարունակ ծառայում է որպես Հանքասարի ֆաբրիկայի թափոնատար, ինչը էկոլոգիական աղետ է դարձել շրջակա միջավայրի համար, իսկ պետական լիազոր և իրավապահ մարմինները զարմանալիորեն ոչինչ չեն «նկատում»:

Gexi_get_1 Gexi_get_3

Այս ամենը հիմնավորվում է ոչ միայն տարբեր ամիսներին արված տեսագրություններով, որոնցում ակնհայտ երևում է, թե ինչպես է խմելու ջրի որակ ունեցող Գեղի գետը թունավորվում պոչանքի նյութերով, այլ նաև մեր հարցումների և ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված աղաղակող օրինախախտումներով:
Բնապահպանության նախարարությունից ստացված պատասխաններից մասնավորապես պարզ է դառնում հետևյալը.
«Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքային նախագիծը 20.06.2011թ. ստացել է թիվ ԲՓ-49 դրական եզրակացություն, իսկ ֆաբրիկայի պոչամբարի աշխատանքային նախագիծն առ այսօր չի ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Ընկերությունն ունի նաև ջրօգտագործման թիվ 000311 թույլտվությունը, որի համաձայն` հարստացուցիչ ֆաբրիկան պետք է աշխատի ջրօգտագործման լրիվ շրջանառու համակարգով: Սակայն այդ համակարգը տեխնիկական-կազմակերպչական տարբեր պատճառներով առ այսօր չի գործում, ինչի հետևանքով պոչամբարի պարզված ջրերը լցվում են Գեղի գետը:

Ուսումնասիրելով հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքային նախագծին տրամադրված եզրակացությունը՝ պարզեցինք, որ պոչամբարի պարզված ջուրը պետք է կոլեկտորով ուղղվի շրջանառու ջրի համար նախատեսված պոմպակայան և մղվի հարստացման գործընթացի գլխամաս, իսկ պոչամբարի պարզվածքը և ինֆիլտրացիոն ջրերը հավաքվեն խյուսափոսում և մղվեն հարստացուցիչ ֆաբրիկա: Փաստորեն, բնապահպանության նախարարությունը, տեղյակ լինելով, որ պոչամբարը չունի փորձաքննություն անցած նախագիծ, իսկ ֆաբրիկան 2011թ.-ից ի վեր շահագործվում է նախագծային կոպիտ խախտումներով, որի հետևանքով պոչամբարի թափոնաջրերը ֆաբրիկա հետ վերադառնալու փոխարեն լցվում են Գեղի գետը, ոչ մի քայլ չի ձեռնարկել և ցուցաբերել է հանցավոր անգործություն, ինչի համար համապատասխան պաշտոնյաները պետք է կրեն պատասխանատվություն:
Դեռ ավելին: Պարզվում է, որ հարստացուցիչ ֆաբրիկան շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին փորձաքննական դրական եզրակացություն ստացել է միայն 2011թ. հունիսի 20-ին, սակայն արդեն կառուցված է եղել և արտադրանք է թողարկել դրանից դեռևս վեց ամիս առաջ՝ 2010թ. դեկտեմբերին, ինչի մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքի 22.12.2010թ. հրապարակումից, որում պարզ գրված է. «Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի հանքաքարի վերամշակման հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ ներկայում գործարկման ու տեխնոլոգիան յուրացնելու փուլում է տարեկան 150 հազ. տոննա հանքաքարի վերամշակման արտադրողականությամբ ֆլոտացիոն ֆաբրիկան` համապատասխան թափոնամբարով: Սկսվել է 51 տոկոս պարունակությամբ մոլիբդենի և 25-28 պարունակությամբ պղնձի խտանյութերի թողարկումը»:

Պետական այրերին և հանքարդյունաբերողներին հիշեցնենք, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի՝ արգելվում է շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործունեության իրականացում` առանց դրական փորձաքննական եզրակացության: Ստացվում է, որ ՀՀ նախագահն այցելել է օրենքի բացահայտ խախտումով կառուցված և շահագործվող ձեռնարկություն:

Ինչ վերաբերում է «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի և Հանքասարի հարստացուցիչ ֆաբրիկայի ղեկավար անձնակազմին, ապա նրանք պետք է պատասխանատվություն կրեն շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված այս հանցագործությունները կատարելու համար:
Մանրամասները տեսանյութում՝

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. suren says:

    հիմնավորված և հրաշալիորեն կազմված հաղորդում է և մայն շնորահակալություն ունեմ հայտնելուը հետևողականության և պրոֆեսիոնալության ու հասրակական պատասխանատվության կազմակերպման համար

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այսպես ուղղակի արդեն չի՛ կարող: Հայաստանում էլ պիտի ստեղծել անկախ Բնապահպանական դատարան և ոստիկանություն: ՀՀ Բնապահպանության Նախարարությունը լրիվ սպառված կառույց է:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ա) հանքարդյունաբերության ԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ կամ գոնե կիսով չափ ազգայնացում.այսինքն՝ ԲՈԼՈՐ հանքերում պետության առնվազն 51% սեփականություն: Ու յուրաքանչյուր հանքից տարեկան արտահանվող հումքի ՊԵՏԱԿԱՆ պլանավորում, որպեսզի դադարեցվի/զսպվի հանքերից ներկա վիշապային չափերի հասնող հումքի գերարտադրությունը:

    բ) կամ՝ բոլոր հանքերի ժողովրդականացում. այսինքն՝ բաժնետոմսերի առնվազն 51%-ի վերաբաժանում աշխատողներին և/կամ ժողովրդին:

    գ) կամ՝ ՀԱՏՈՒԿ ՀԱՐԿԻ (10 %) գանձում բոլոր հանքերից: Այս փողով ստեղծել մարզային ՊԵՏԱԿԱՆ բանկ,որը պիտի խթանի երկարաժամկետ-մաքուր-այլընտրանքային տնտեսության ստեղծումն ու զարցացումը. կա՛մ պետական նախաձեռնությամբ, կա՛մ երկարաժամկետ ՊԵՏԱԿԱՆ անգրավ վարկեր տրամադրելով (10-15 տարով ու 1-2%-ով):

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31