Ռուսաստանը հարցը ներկայացնում է որպես ինքնորոշում, սակայն ՄԱԿ-ի անդամ գրեթե մյուս բոլոր երկրները հայտարարում են, որ այդ ակտը եղել է անիրավական, ապօրինի, և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանը Ղրիմի հարցում մնացել է մենակ: Եվ ուրեմն` ինքնորոշումը և ՄԱԿ-ի կանոնադրությանը հավատարմությունը միաժամանակ, ըստ էության, իրար հակասող իրավիճակներ են: Եվ ուրեմն` հետաքրքրական է դառնում, երկու նախագահները իրա՞ր են հակասել, թե՞ երկուսն էլ հակասական պնդումներ են արել ինքնորոշման, իսկ մյուս կողմից` ՄԱԿ-ի կանոնադրության մասին:
Եվ այստեղ մի շատ հետաքրքիր հանգամանք արժե նկատի առնել: Բանն այն է, որ հեռախոսազրույցի մասին Հայաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված տեքստում նշվում է ինքնորոշման, ՄԱԿ-ի սկզբունքների մասին, այսինքն` հեռախոսազրույցը որոշակիորեն մանրամասնվում է: Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում տեղեկատվությունն առավել քան սուղ է, որևէ խոսք չկա, թե նախագահները ինչ մտքեր են հայտնել Ղրիմի մասին, չկա ինքնորոշման մասին, չկա ՄԱԿ-ի մասին:
Այս ժլատությունը հետաքրքրական մտորումների տեղիք է տալիս, մասնավորապես այն մասով, որ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանն ըստ ամենայնի չի ստացել այն, ինչ կուզեր ստանալ Հայաստանից՝ այսինքն` Ղրիմի հանրաքվեի ճանաչում: Եվ սա երևի թե հուսադրող բան է, հատկապես նախօրեի ղարաբաղյան անամոթության առկայության պայմաններում, երբ չգիտես ինչու անկախ Ղարաբաղը որոշել էր տոնել Ռուսաստանին Ղրիմի միացումը: Եվ ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքում ինքնորոշման և ՄԱԿ-ի կանոնադրության մասին ձևակերպումները տեղ են գտել հենց ցույց տալու համար, որ հեռախոսազրույցը որոշակիորեն հակասական բնույթ է կրել, այլ կերպ ասած` Ռուսաստանին չի հաջողվել Սերժ Սարգսյանից կորզել անվերապահ աջակցություն Ղրիմի հարցում:
Դե ինչ, պետք է գոնե ողջունել, որ այս անգամ ինքնասպանության չգնալու կամքը Երևանին բավականացրել է, թեև չի բացառվում իհարկե, որ Ռուսաստանը այնքան էլ մեծ կարևորություն չի տվել Հայաստանի աջակցությանը և նախընտրել է Հայաստանին թողնել չաջակցելու իրավունք, իսկ հետո դրա դիմաց ներկայացնել որևէ այլ` ավելի կարևոր պահանջ: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանի և Պուտինի հեռախոսազրույցի ձայնը միգուցե ավելի ուշ կարող է լսվել: Սպասենք, որովհետև պաշտոնական Երևանը այլ սպասումների տեղ պարզապես չի թողել:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում