Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթունավտանգ կատալիզատոր. Կառավարությունը վախենում է, որ «Դ!եմ եմ»-ը հասարակական-քաղաքական շարժման կվերածվի. «Մեդիալաբ»

Մարտ 20,2014 10:20

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը ողջունում է երկխոսություն սկսելու մասին վարչապետ ՏիգրանՍարգսյանի առաջարկությանը, բայց օրենքի պարտադիր բաղադրիչի դ!եմ պայքարը չի դադարեցնում: Նախաձեռնությունը կառավարության հետ երկխոսության կնստի, միայն ՍԴ որոշումից հետո:

«Երբ կլինի հստակ հաղորդագրություն այն մասին, որ կա պատրաստակամություն պարտադիր բաղադրիչը օրենքից վերացնելու, և կա ցանկություն երկխոսության օրենքի նոր տարբերակի շուրջ առանց պարտադիր բաղադրիչի, մենք պատրաստ կլինենք գնալ երկխոսության՝ նշելով, որ ողջ հանրությունը պիտի այդ լայն քննարկման որոշման կայացման մասնակիցը լինի», -վարչապետի առաջարկին պաշտոնապես արձագանքել է նախաձեռնությունը:
Նախաձեռնության ակտիվիստ Մանե Թանդիլյանը «Մեդիալաբին» ասում է , որ առաջնայինն այս պահին Սահմանադրական դատարանի դիրքորոշումն է:

«Վարչապետի հայտարարությունն ընդամենը նշան էր այն մասին, որ իրենք պատրաստ են, բաց են, այնպես , ինչպես մենք ենք մշտապես հայտարարել, որ պատրաստ ենք բանակցությունների, բայց օրենքը գտնվում է Սահմանադրական դատարանում եւ անհրաժեշտ է բոլոր հակասահմանադրական կետերը վերացնելուց հետո հարթակ ստեղծել երկխոսության համար»,-ասում է ակտիվիստը:

Նշենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստը սկսել է «Դ!եմ եմ» շարժման մասնակիցներին ուղղված ուղերձով՝ երկխոսության կոչ անելով երիտասարդներին:
«Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք երկխոսության, քանի որ կամ ամեն ինչ, կամ ոչինչ դիրքորոշումն անընդունելի է, ինչպես մեզ, այնպես էլ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդների համար: Մենք պատրաստ ենք երկխոսության, ընդունում ենք, որ մեր օրենքները, հատկապես ամենաբարդ ռեֆորմին վերաբերող օրենքները առանց թերությունների չեն կարող լինել: Կան, բնականաբար, թերություններ, որոնք մատնանշում են նաև մեր ընդդիմախոսները»,-իր ուղերձում ասել է վարչապետն ու հավելել, որ ճիշտ ճանապարհը` երկխոսության ճանապարհն է:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, որով, 1974 թվականի հունվարի 1-ից հետո բոլոր ծնվածները պարտավոր են աշխատավարձի 5-10%-ը փոխանցել կուտակային ֆոնդերին, որը տարիներ անց կվճարվի նրանց որպես կենսաթոշակ: Նոր համակարգը բուռն դժգոհություն առաջացրեց հասարակության տարբեր շերտերի ու ոչ իշխանական քաղաքական ուժերի մոտ: Բողոքի դուրս եկած քաղաքացիները դիմեցին Սահմանադրական դատարան ՝ վիճարկելով «Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի մասին» օրենքի պարտադիր բաղադրիչ սահմանադրականության հարցը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31