Մարտի 19-ին, Ազգային ժողովում Սեւանի հարցով կազմակերպված լսումների ժամանակ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը բնապահպանության նախարարից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս պետք է վերականգնել Սեւանի ձկան պաշարները եւ առաջարկեց. «Եթե երկու տարի պարբերաբար ձուկ որսալը դադարեցվի, ոչ մի մանրաձուկ Սեւան լցնելու կարիք չի լինի»: Հիշեցնենք, որ կառավարության ծրագիրը՝ մանրաձկեր աճեցնելու եւ Սեւան լցնելու վերաբերյալ, արժանացել է բնապահպանների քննադատությանը, նրանք անհանգստանում են, որ այդ ձկներին ֆոսֆորական եւ ազոտական կերերով են կերակրելու, իսկ դրանք Սեւանի մեջ լցնելը կարող է բերել լճի էկոհամակարգի խանգարման:
Նախարարը, անդրադառնալով ձկան պաշարների վերականգնման հարցին, ասց. «Որպեսզի կարողնանք ձկնային պաշարների ինքնավերականգնումն ապահովենք, ամեն տարի երկու տեսակի էնդեմիկ իշխան ենք բաց թողնում լիճ՝ 400 հազար մանրաձուկ: Ես կուզեի, որ ոչ թե 400 հազար, այլ 40 մլն մանրաձուկ լցնեինք, բայց բյուջեն 60 մլն դրամ է հատկացրել, այդքան ենք անում: Արգելում ենք Սեւանից արդյունագործական ձկնորսությունը: Վերջին տարիներին արդյունագործական ձկնորդության ոչ մի թույլտվություն չի եղել՝ ոչ սիգի, ոչ իշխանի: Աշխատում ենք թույլ չտալ ձկնագողության դեպքեր, ցանցերն ենք հավաքում, նավակները… Աշխատանքային խմբերով այրել ենք դրան, բայց ցավոք սրտի, մենք չենք հասցնում ամբողջությամբ վերահսկել ձկնագողությունը Սեւանի ավազանում, կան ձկնագողության դեպքեր»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ եթե լինեին խմբեր՝ հինգ-վեց հարյուր հոգանոց, հնարավորություն լիներ ամբողջությամբ շրջափակել Սեւանը եւ թույլ չտալ ձկնագողություն, ապա հարցը կլուծվեր:
Ի պատասխան պատգամավորն ասաց, որ նման օրենսդրական առաջարկով պատրաստվում է հանդես գալ՝ Սեւանի համար ոստիկաններից, բնապահպաններից կազմված վերահսկողական խմբեր, բնապահպանական ոստիկանություն ստեղծելու հարցով:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ