Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարար. «Սեւանի մակարդակի բացասական բալանսը մեր կողմից անընդունելի է»

Մարտ 20,2014 01:45

Բնապահպան Ինգա Զարիֆյանը մարտի 19-ին Ազգային ժողովում Սեւան  լճից հավելյալ 70մլն խմ ջուր բաց թողնելու վերաբերյալ օրենսդրական նախագծի լսումների ժամանակ  բարձրացրեց Հայաստանի ջրամբարների անբավարար լցվածության հարցը: Մինչ այդ հանդես եկած Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրիասյանը, բացատրելով հինգ տարի շարունակ Սեւանից հավելյալ ջուր բաց թողնելու անհրաժեշտությունը, ասել էր, թե Հայաստանի ջրամբարները բնակլիմայական պայմանների արդյունքում անբավարար են լցվում եւ չեն բավարարում ոռոգման ջրի կարիքը:

Ինգա Զարիֆյանի տվյալներով, սակայն, վերջին յոթ տարվա ընթացքում առնվազն չորս անգամ Ապարանի ջրամբարը գրեթե ամբոջությամբ՝ 97 մետր լցված էր: Նա բարձրացրեց նաեւ ձկնարդյունաբերության ծրագրի հարցը : Հիշեցնենք, որ կառավարության որոշումով մի քանի ՓԲԸ պետք է ձկնաբուծությունը խթանելու համար մանրաձկներ բաց թողնի Սեւան՝ մի քանի տարի շարունակ, եւ տարիներ անց այդ ձկներից ստացած եկամուտը կծառայի Սեւանի էկոհամակարգին: Սակայն բնապահպանները լուրջ ահազանգ են հնչեցնում, որ այդ մանրաձկների համար Սեւան է նետվելու ֆոսֆորով եւ այլ վտանգավոր նյութերով հարուստ կեր, որն անդառնալի վնաս կարող է  հասցնել լճի էկոհամակարգին:

Անդրանիկ Անդրիասյանը պատասխանեց, որ եղել են տարիներ, որ անգամ օրենքով թույլատրված 170 մլն խմ ջուրն ամբողջությամբ չեն վերցրել Սեւանից՝ կարիք չի եղել: Իսկ Ախուրյանի ջրամբարը, որ մշտապես լիքն է եղել, անցած տարի չէր լցվել՝ բնակլիմայական պայմանների պատճառով.«Աստված տա, կարիքը չի լինի, մենք էլ չենք օգտագործի»:

Խնդիրն այն է, որ Սեւանից ոռոգման ջուր վերցնելու կարիքն առաջացել է այն պատճառով, որ Արարատյան դաշտում արտեզյան ջրերը այնտեղ գործող բազմաթիվ ձկնաբուծարանների ոչ ռացիոնալ օգտագործման արդյունքում կտրուկ նվազել են: Այս հարցը բարձրացրեց ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանը: Նա հիշեցրեց, որ կառավարության կողմից նախատեսված միջոցառումներով նախատեսվում է  5-8 տարվա ընթացքում վերականգնել հարթավայրի արտեզյան ջրերի հավասարակշռությունը, եւ այդ դեպքում առանց Սեւանից ջրառի կարելի է լուծել Արարատյան դաշտի ոռոգման հարցը: Ի պատասխան Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրիասյանը նշեց. «Այդ միջոցառումները, որ ասում եք, շատ կարեւոր են, դրանք դառնալու են կառավարության գործունեության առանցքային խնդիրներից, եւ իրենց էֆեկտը կունենան առաջիկա տարիներին, բայց մինչ այդ, այս հինգ տարվա ընթացքում մեզ դեռ ջուր է պետք լինելու: Իսկ երբ այդ հարցը կլուծվի, մենք կվերադառնանք 170 մլն խմ թույլատրված նիշին»:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը իր խոսքում նշեց, որ 2001 թվականից հետո երկու անգամ են սահմանաված թույլատրելի ծավալը՝ 170մլն խմ-ը գերազանցելու խնդրանքով դիմել Ազգային ժողովին՝ 2008-ին, երբ Սեւանից ջրառը հասել է 303 մլն խորանարդ մետրի եւ  2012-ին՝ 220 մլն խորանարդ մետրի: 

Խոսելով Սեւանի մասին, մասնավորապես, անդրադառնալով Սեւանի մակարդակի բարձրացմանը, նախարարն ասաց. «Մենք հասել ենք մի կետի, որ արդեն իսկ ջրի մակարդակի բարձրացումը մի շարք միջոցառումներ է նախատեսում: Եթե մինչեւ այժմ միայն ափամերձ տարածքները մաքրելու հարցն էր, ապա այժմ ենթակառուցվածքների խնդիր է առաջանալու՝ ճանապարհներ եւ այլն, նաեւ ափամերձ տարածքները երեք մետրով բարձրացնելու խնդիր, եթե մինչեւ 2018-30 թվականները Սեւանի մակարդակը եւս 3-3,5 մետրով բարձրացնենք»:

Վերադառնալով քննարկվող հարցին՝ Սեւանից ջրառին, նախարարը նշեց, որ ինքը կողմնակից է պակաս ջրառի.« Մենք ասել ենք՝ ցանկալի կլիներ չավելացնել ջրառը, բայց եթե ստիպված են ավելացնել, ապա տարեկան բացասական բալանս չպետք է լինի: Բացասական բալանսը մեր կողմից ընդունելի չէ»:

Նույն բանն ասաց նաեւ ԱԺ գյուղատնտեսական, բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը. «Դուք դեմ եք բացասական հաշվեկշռին, ի՞նչ ենք անելու մենք՝ որպես պատգամավոր, եթե հստակ պատասխան չունենք՝ բացասական լինելու է, թե չէ՝ այդքան ջրառի դեպքում: Եթե բացասական է լինելու, ես դեմ եմ: Եթե բացասական չի լինելու՝ տանք հնարավորություն, որ գյուղատնտեսությունը բարգավաճի, բայց ոչ Սեդւանի հաշին, կա՞ հստակ պատասխան, որ բացասական չի լինելու հաշվեկշիռը»: Ի պատասխան նախարարն ասաց. «Դրա համար էլ ձեր դատին ենք ներկայացրել եւ այս լսումներն իրականացվում են: Տվեք այն ձեւակերպումը, որն անհրաժեշտ եք գտնում, մենք էլ խնդրենք Անդրիասյանին, որ լինի հստակ ձեւակերպումով: Դուք տվեք այդ ձեւակերպումը»:

Իսկ թե Անդրանիկ Անդրիասյանն ինչպես է մեկնաբանում բացասական հաշվեկշռի բացառումը՝ տեսանյութում:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31