Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ գեներալը Սամվել Բաբայանի եւ Սուրիկ Խաչատրյանի՝ թալանը չկիսելու հայտարարության մասին

Մարտ 19,2014 23:24

Գեներալ-մայոր, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը բարոյական չի համարում ազատամարտիկի այն հայտարարությունը, թե Հորադիզի անկման պատճառը ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի եւ Գորիսի գումարտակի հրամանատար Սուրիկ Խաչատրյանի տարաձայնություններն էին՝ թալանը չկիսելու հարցում:

Aravot.am-ի հետ զրույցում գեներալը պատմեց, որ Հորադիզի անկման պատճառը հակառակորդի զորքերի համալրմամբ էր պայմանավորված ու հերքեց Սուրիկ Խաչատրյանի,Սամվել Բաբայանի՝ թալանը չկիսելու մասին տեղեկությունները. «Նման բան չի եղել: Ադրբեջանցիները, երբ հարձակվել են մեր պաշտպանական բնագծերին,  մի քանի անգամ հետ ենք նահանջել, հետո վերախմբավորվել ու հարձակվել, նորից բնագծերը հետ գրավել, հիմա նույնն է, որ ասեն, թե եթե նահանջել ենք, ուրեմն թալանով էինք զբաղված ու չէինք կարողանում կռվել: Իրականությանը չեն համապատասխանում այդ տեղեկությունները»:

Պարոն Ավետիսյանը, չցանկանալով մանրամասնել, թե ով ու որտեղ էր թալանով զբաղված եւ դրա արդյունքում ինչ կորուստներ եղան, բայց ասաց, որ պատերազմի տարիներին թալանն իր սեւ գործն արել է ու դարձել պարտության պատճառներից մեկը:

Անդրադառնալով Կոռնիձորի ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանի ասածներին, թե Վազգեն Սարգսյանն անձամբ իրեն հորդորել է գնալ Հորադիզը հետ բերելու՝ պարոն Ավետիսյանը պատմեց. «Հորադիզի բնագծում այդ ժամանակահատվածում թե Ղարաբաղից, թե Հայաստանից մի շարք ստորաբաժանումներ, գնդեր, գումարտակներ  էին մարտնչում: Աջակցող ուժեր շատ կային այդ հատվածում: Եվ բազմաթիվ ստորաբաժանումների կողքին Արայիկի առջեւ խնդիր դնեն, որ Հորադիզը հետ գրավի՝ լուրջ չեմ համարում, չափազանցված է: Մենք կարող ենք այդ նույն կռված տղաներով հավաքվել, բոլոր բնագծերին տեղյակ ենք ու հարցնենք՝ Արայիկ որտեղ ես եղել, էս ինչ զրույցներ ես հիմա տարածում: Որտեղ էիր, որ այդ պահին չենք տեսել: Էդ ինչ խնդիր էր Վազգեն Սարգսյանը քեզ վրա դրել, որ Կոռնիձորից էլ եկել ու կռվում էիր, բա որտե՞ղ էիր կռվում: Եթե կռվում էիր այդ բնագծում, որտեղ ես էի կռվում, ես քեզ չեմ տեսել: Իմ աջի բնագծում տեսել եմ հադրութցիներին, ձախի բնագծում կռվում էին  Ստեփանակերտից Սամվել Կարապետյանի Օգանեվսկու տղաները, դաշնակ Ժիրոյի բատալիոնը, Ղեւոնդ Պետրոսյանի տղաները, Գորիսի բրիգադը, բա ո՞ւր էր Արայիկ Խուդավերդյանը»:

Մեր դիտարկմանը, թե ավելի վաղ ասել էիք, որ  Գորիսի գումարտակի հրամանատար Սուրիկ Խաչատրյանին էլ չեք տեսել, գեներալը շարունակեց. «Նրան նշանակել էր Վազգեն Սարգսյանը: Այդ գումարտակը առաքելություն էր կատարում այդ հատվածում, այն չորս վաշտերից էր կազմված: Խնձորեսկի, Տեղ գյուղի, Գորիսի եւ  համահավաք Խնածախի տղաներն էին: Այդ գումարտակի տղաները  խրամատներում զօրուգիշեր կանգնած էին, կռվի թեժ էպիկենտրոնում էին: Բայց այդտեղ Սուրիկ Խաչատրյանին չեմ տեսել: Սուրիկը Գորիսում էր»:

Մեր հարցին՝ ինչով էր Սուրիկ Խաչատրյանը զբաղված Գորիսում, պարոն Ավետիսյանն ասաց՝ չեմ կարող ասել. «Առաջին բնագծում որտեղ մահն ու կյանքն էին կռվում իրար դեմ, որտեղ պատերազմ էր գնում, որտեղ թշնամու զինվորներին էինք  առճակատվում, ես չեմ տեսել նրան: Մի քանի անգամ տեսել եմ Ֆիզուլիում, Կոռգան գյուղում, Գորիսի բրիգադի մշտական տեղակայման վայրում՝ Վալերի Գրիգորյանի աշխատասենյակում, մասնակցել եմ երկուսի միջեւ ընթացող տարաձայնություններին, փորձել եմ հարթել»:

Մեր հարցին՝ ինչ տարաձայնություններ ունեին, գեներալը չցանկացավ անդրադառնալ. «Նշեցի այն վայրերը, որտեղ տեսել եմ Սուրիկ Խաչատրյանին, որ ասեմ՝ չեմ տեսել, ճիշտ չէ, բայց տեսել եմ միայն վտանգից հեռու վայրերում, այնտեղ, որտեղ անմիջապես ռազմական գործողություններ են ընթացել, բախման էպիկենտրոնում, որտեղ մարդ են սպանում, իրար են կոտորում ես նրան չեմ տեսել»:

Մեր դիտարկմանը, թե Սուրիկ Խաչատրյանն էլ հակադարձել է՝ ասելով, թե ձեզ չի տեսել ռազմական գործողությունների ժամանակ, պարոն Ավետիսյանն ասաց. «Ստուգելու համար եկեք սոցիոլոգիական հարցում անցկացնենք, պարզ ամեն ինչ իր տեղը կընկնի: Կերեւա՝ ով ում եւ որտեղ  է տեսել: Այսօր իրար վրա քար գցելը շատ հեշտ է, ասում է՝ ես էլ իրեն չեմ տեսել:  Չեմ էլ ուզում արդարանամ կամ այնպես չէ, որ ինձ լավ կզգայի, եթե  Սուրիկ Խաչատրյանն ինձ տեսած լիներ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Karen says:

    Այդ մարդասպանը ոչ մի տեղ չի կռվել,նա փախչել է մարտից,այդ դասալաիքը,նրան գնդակահարություն էր սպասում,և հիմա,այդ անդբեջանում բանտ նստածը<>,պատկերացրեք ինչպես են վարվել նրա հետ,իրեն կոտորում է,իբր կռվել է:Նա դեռ պետք է պատասխան տա,ինչպես նացիստականներ նեն պատասխան տվել,տարբեր ժամանակներում:

  2. Норайр says:

    Моральным считаю любой вопрос. Наивысшая мораль-справедливость. Пусть рухнет мир, но восторжествует справедливость. Вот краеугольный камень, на котором строится государство и нация. Что вышеназванные господа были нечисты на руку, известно. Почему никто грязь не швыряет в память Леонида Азгальдяна или Саши Таманяна? Не дали повода. Были чисты. Были лучшими сыновьями своего народа, а не “шустрыми” авантюристами. Не надо затыкать рот. Есть вопрос-задавай! Нет ответа-молчи!

  3. swurhandak says:

    ՊՆ Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի պատասխանը
    ՊՆ Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի փոխադարձ հայտարարությունը իր գործընկերների հասցեին հնչեցրած մեղադրանքներ հերքելուն, կարծում եմ որ նորմալ է, այնպես որ զարմանալի ոչինչ չկա, իր ընկերներին նա պարտավոր է արդարացնել եւ պաշտպանել ամեն գնով: Իսկ այն կարծիքները , որը նա հնչեցրել է « Կոռնիձորի » ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի հասցեին, կարծում եմ անցնում է ամեն տեսակ բարոյականության սահմանը: Ուստի ես, որպես Հայկական Բանակի առաջմարտիկներից մեկը, կարող եմ տալ գեներալին պատասխան` Արա Խուդավերդյանի փոխարեն: Վերջերս թաթերական հրապարակում հնչեցրած Ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանի ( Ապարի ) արտահայտությունը կցանկանաի մեջ բերել. Ապարն ասում էր – Մենք ազատամարտիկներս, Ազատամարտիկներին անգամ հայացքով ենք ճանաչում, առանց խոսքեր փոխանակելու… Կարող ենք գուշակել, թե ով է կռվել, ով` ոչ … Նրա այդ միտքը ճշմարիտ է, այդպես էլ կա… Ես իմ բազմաթիվ հոդվածներում գրել եմ իսկական ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ և ԱՍՖԱԼՏԻ ՓԻԴԱՅԻՆՆԵՐԻ մասին: Պատերազմի ողջ ժամանակահատվածում 1989-1994 թվականներին լինելով ճակատային գծում, լավ գիտակ եմ Ազատամարտիկի եւ սուտ ազատամարտիկի մասին, ես չեմ փորձի զուգահեռականներ տանել , միայն կբերեմ մի փոքրիկ օրինակ, ( չկրկնվեմ հոդվածների նյութերից ): 1991 Թվականի կեսերին էր , երբ մեր ջոկատ կամավորագրվեց մի երիտասարդ, նա ներակայացրեց , որ եղել է Սասունցի Դավիթ ջոկատից: Եվ տղաների հետ ամեն անգամ վերհիշելով մեր մարտական օրերը, նա մեջ էր ընկնում և հայտարարում էր, որ ինքը եղել է Երասխավանի մարտում, հետո , երբ խոսք էր գնում Կոռնի ձորից նա նորից ասում էր, որ եղել է այնտեղ… Մի խոսքով բոլոր մարտերին և կռիվներին նա « մասնակցել »  է եւ մեր մարտական ընկերներից մեկը ասաց « Ախպե՛ր, կարողա՞ դու ԱՆՀԱՅՏ ԶԻՆՎՈՐՆ ես, վրաներս խաբար չկա »: Ու այդ պատմությունից հետո նրա անունը դրեցինք ԱՆՀԱՅՏ ԶԻՆՎՈՐ: Ի տարբերություն շատերի, մեր մարտական ընկերը` ԱՆՀԱՅՏԸ, իրեն ցուցաբերեց որպես հայրենիքի արժանի զավակ, նա պատերազմի ողջ ճանապահը անցավ փառքով` հասնելով մինչեւ գնդապետի աստիճանի: ԱՆՀԱՅՏԻ պատմությունը մնաց միայն մի զվարճալի հուշ:
    Այս պատմությունը նրա համար հիշեցի, որովհետեւ Արցախյան պատերազմի ժամանակ շատ ու շատ ի հայտ են եկել մարդիկ, որոնք ԿՆԿԱ ՓԵՇԻ ՏԱԿ ՊԱԽԿՎԱԾ, դարձել են ֆիդայիններ: Ամեն անգամ սահմանային գիծ գնալուց առաջ նրանց կա՛մ զոքանչն էր հերթական անգամ մեռնում, կա՛մ էլ քեռակինն էր ծննդաբերում: Այդ ՓԻԴԱՅԻՆՆԵՐԻ տեսակն էր, որ թիկունքում ձեռի հետ բենզինի ու ՔԱՎՈՐԻ ՍԵՂԱՆԻԿՆԵՐԻ բիզնեսով էր զբաղված: Չհաշված իր թալանածը ու կուրծք ծեծելը, թե տեսեք մենք կռվում ենք , իսկ դու՞ք… Չեմ ուզում հիշել անուններ, որոնք այդ տեսակի մարդկանցից են, սակայն բավական է ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ մի հայացք, որպեսզի տարբերի նրանց: Այնպես որ, ՊՆ գեներալ Վարդան Ավետիսյանը Անհայտի պես եղել է ամեն տեղ` բոլոր մարտերում ու կռիվներում, ու նա ամեն ինչից լավատեղյակ է: Նախ այն , որ իմ մարտական ընկերոջը` ԱՆՀԱՅՏԻՆ նա չի կարող հավասարվել, քանի որ Անհայտը պատերազմի ընթացքում երեք անգամ վիրավորվել է, սակայն նորից ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ: Իսկ պարոն գեներալի ասելով ինքը շատ բան գիտի, թե՛ ազատամարտիկների մասին եւ թե՛ դեպքերի… Դա շատ լավ է, անգամ ողջունելի է, որ մենք այսպիսի իրազեկ զինվորական ունենք, կարծում եմ , որ նրա վկա լինելը հնարավորություն կտա լույս սփռել մեր Արցախյան պատերազմի մութ էջերին: Կցանկանաի այդ հարցերը տալ գեներալին եւ ստանալ դրանց պատասխանները, քանի որ հանրությանը կարծում եմ հետաքրքիր կլինի այդ բացահայտումները
    1. 1992 թ Ապրիլի 14-ին ու՞մ հրամանով եւ ո՞վ գնդակահարեց ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին, եւ ովքե՞ր են փորձում այսքան տարի թաքցնել իրական պատմությունը:
    2.1992 թվականի հունիսի 13-ին ու՞մ հրամանով ծախեցին Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանը, դրան հաջորդող դեպքերի պարզաբանումների մասին լրացումներ անելով, այսինքն ու՞մ հրամանով հունիսի 17-ին պայթեցվեց « Հատուկ Գնդի » Հրամանատար Գնդապետ Վլադիմիր Կարապետյանի մեքենան, որի ժամանակ զոհվեց նա եւ Մարտակերտի ինքնապաշտպանության հրամանատար Վագիֆ Գալստյանը:
    3. 1993 թ. ապրիլի 17-ին ինչու՞ եւ ու՞մ հրամանով պայթեցվեց ուղղաթիռը, որում գտնվում էր Շահումյանի ինքնախաշտպանության հրամանատար Շահեն Մեղրյանը եւ ի՞նչ գաղտնիք գիտեր Մեղրյանը, որի բացահայտումից խուսափում էին:
    Գեներալ մայոր Վարդան Ավետիսյանը, կարծում եմ , որ տեղյակ պետք է լինի Բեկորի ( Աշոտ Ղուլյանի ) եւ Մոնթե Մելքոնյանի առեղծվածային զոհվելու մանրամասնություններին, միայն թե ոչ այն հայտարարված տարբերակը, որը այսքան տարի է սուտ մատուցվել է հանրությանը: Դրան գումարած « Արաբո » ջոկատի այն 79 մարտիկների մասին, ովքեր 1991-ին Մարտակերտում անհետ կորել են ըստ պաշտոնական տվյալների: Այս հարցերի շարքը բազմազան է, սակայն կբավարվենք գոնե այս հարցերի պատասխանները լսելով: ՊՆ Գեներալ- մայոր Վարդան Ավետիսյանին կարծում եմ, որ լավ է հայտնի Հայաստանում գեներալ դառնալու չափանիշները, քանի որ դա եզակի դեպք է համաշխարհային պատմության մեջ: Համաշխարհային պատմության մեջ ԳԵՆԵՐԱԼԸ դա բանակի եւ հաղթանակների խորհրդանիշ է, իսկ մեզ մոտ հակառակը` ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ եւ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ « սիմվոլ »: Տեսե՛ք Արցախյան պատերազմում մենք ունեցել ենք տաղանդավոր հրամանատարներ, անգամ գնդապետներ, որոնք անգամ տասնամյակներ անց չդարձան գեներալ, մինչդեռ անգրագետ ու չոլից փախած շարիկ ֆռռցնող հանցագործին դարձրեցին գեներալ: Արցախյան պատերազմի հաղթանակներին մեծ ներդրում ունեցած խորհրդային բանակի Փոխգնդապետ Դնեպրիկ Սուրենի Բաղդասարյանը մահանալով 2009 թվականին այդպես էլ չստացավ գեներալի աստիճան, մինչդեռ նրա շնորհիվ էր , որ ձեւավորվեց հայկական հրետանին, երեւի գնդապետը չէր համապատասխանում Հայկական չափանիշներին, որով գործում եք դուք: Գեներալական այդ աստղաբույլը, որը կա պատերազմի ընթացքում, այնքան գործ չի արել, որքան Կոռնիձորի ջոկատը եւ նրա հրամանատար Արա Խուդավերդյանը եւ նրա հասցեին հնչեցրած ցանկացած բացասական արտահայտություն դավաճանություն է որակվելու: Այնպես որ պարոն գեներալ, մինչեւ որեւէ ազատամարտիկի հասցեին հերյուրանքներ տեղալը, հիշեք, որ ունեք հարցեր , որոնց պատասխանին սպասում է ողջ հայ ժողովուրդը, ունեք հարցեր որոնք թաքցրել եք այսքան տարիներ: Եվ բացառված չի, որ ձեր գեներալական աստիճանը « վաստակել » եք այդ խոնհար լռության համար: « Կոռնիձորի » ջոկատի տղաների մարտական մի դրվագը բավական էր, որպեսզի այդ տղաներին ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ շնորհեիք, մինչդեռ մոռանում եք, որ հենց այդ ջոկատում է առաջին անգամ մկրտություն ստացել Մոնթե Մելքոնյանը եւ սփյուռքահայ մի քանի նվիրյալներ: Մոնթեի ԱՎՈ անունը կնքվել է « Կոռնիձորի » տղաների կողմից: Արա Խուդավերդյանի հերոսական կերպարի առջեւ խոնհարվում են Ազատամարտիկները, հասկանալով , որ նա անկաշառ եւ ազնիվ հրամանատար է: Այնպես որ ոչ մի տեսակի գեներալ իրավունք չունի Ազատամարտիկի կամ Ազատամարտի անունից խոսել, քանի որ դա պետք է վաստակել արյունով, ոչ թե սրա նրա ձեռքը համբուրելով: Բոլորս էլ գիտենք, թե ինչպես են Հայաստանում գեներալ դառնում, զգույշ եղե՛ք ձեր արտահայտություններում պարոնա՛յք…
    Իսկ հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ Արցախյան Ազատամարտի իրական պատմությունը կեղծողները միայն մեկ նպատակ էին հետապնդում, ստեղծել իրենց անձեռնամխելի իշխանությունը, ինչպես ասում են « Ով տիրապետում է անցյալին, տեր է նաեւ ապագային »: (кто владеет прошлым, тот владеет будущим.) որպեսզի մնան անսասան իրենց գեներալական տիտղոսներով եւ հերոսական անունով: Այնպես որ պարոն գեներալ, կխնդրեի մինչ իմ հասցեին ավելորդ խոսքեր ասելը կամ իմ կենսագրականում կեղտեր փնտրելը, հիշեցնեմ, որ ունեք հարցեր, որոնց պատասխաներին սպասում ենք անհամբեր:

    Հարգանքներով, Ազատամարտիկ` Վարդան Հովհաննիսյան Իսպանիա 22/03/2014

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31