Գերմանիայի ձախերի առաջնորդ Գրեգոր Գիզին անցած շաբաթ խորհրդարանի նիստում քննադատել է Արևմուտքին Ուկրաինայի հարցում երկակի ստանդարտներ կիրառելու համար, միևնույն ժամանակ՝ չարդարացնելով Ռուսաստանի գործողությունները:
Բերելով Կոսովոյի օրինակը՝ պատգամավորը պնդել է, որ ՆԱՏՕ-ն կոպտորեն խախտել է միջազգային իրավունքները. «Սերբիան չէր հարձակվել ուրիշ պետության վրա, և չկար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը, սակայն եղան ռմբակոծություններ, իսկ Կոսովոյի բնակիչները հանրաքվեով Սերբիայից անջատվելու որոշում կայացրին», – ասել է նա՝ հիշեցնելով, որ ինքն այդ տարիներին զգուշացրել էր, որ Կոսովոյով բացում են պանդորայի արկղը. եթե թույլ եք տալիս Կոսովոյին պետք է նույնը թույլ տաք այլ վայրերում ևս. «Միջազգային իրավունքը ավանդույթների վրա հիմնված իրավունքով խախտելով՝ կարելի է ստեղծել նոր միջազգային իրավունք»:
Անդրադառնալով Մաքսային միության և ԵՄ պայմանագրերի միջև երկընտրանքին՝ Գիզին կոպիտ սխալ է համարել Ուկրաինայի հետ «կամ կամ»-ով խոսելը ու Ռուսաստանի շահերի հետ հաշվի չնստելը:
«Ռուսաստանը զգուշացնում է, որ Ուկրաինայի և ԵՄ-ի սերտ հարաբերություններից հետո ՆԱՏՕ-ն կգա Ուկրաինա: ԵՄ-ում առհասարակ հաշվի չեն առնում Ռուսաստանի և Ուկրաինայի պատմությունը, նրանք չեն հասկանում Ղրիմի նշանակությունը Ռուսաստանի համար: Ուկրաինական հասարակության մեջ խորը պառակտում է առաջացել, բայց ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձնում», – ասել է նա՝ նշելով, որ այս պահին չկա ոչ մի քաղաքական գործիչ, որը կարողանա ամբողջ ուկրաինական հասարակությունը ներկայացնել:
Կարդացեք նաև
Գիզին խոսել է նաև նոր իշխանություններից ու ընդգծել, որ այն կազմված է նաև ֆաշիստներից. «Պաշտպանության նախարարը, գյուղատնտեսության նախարարը, բնապահպանության նախարարը, գլխավոր դատախազը, նրանք բոլորը ֆաշիստ են: Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը ֆաշիստական «Սվոբոդա» կուսակցության հիմնադիրն է, ֆաշիստները կարևոր պաշտոններ են զբաղեցնում, օրինակ` անվտանգության ոլորտում նրանք են գերիշխում» – ասել է նա և զգուշացրել, որ ֆաշիստները երբեք կամավոր չեն հրաժարվել իրենց իշխանությունից: Մեջբերելով «Սվոբոդա» խմբակցության առաջնորդ Օլեգ Տյագնիպոգի խոսքը, որն ասել էր՝ «Վերցրեք զենքերը, կռվեք ռուս խոզերի, գերմանացիների, հրեա խոզերի դեմ», նա դատապարտել է Գերմանիայի իշխանություններին, որ բանակցում են նրանց հետ:
Գիզին խոսել է նաև նախագահ Վիկտոր Յանուկովիչին պաշտոնանկ անելու մասին՝ համարելով, որ այդ քայլը հակասահմանադրական էր: Որպես հիմնավորում նա նշել է, որ ըստ Ուկրաինայի սահմանադրության խորհրդարանի 75%-ը պետք է կողմ քվեարկի, որպեսզի նախագահը պաշտոնանկ արվի, սակայն 73%-ն է քվեարկել: Բացի այդ նա պնդել է, որ քվեարկությունն անցել է զինված մարդկանց ներկայությամբ. «Դուք ասում եք, որ [Ղրիմի] հանրաքվեն արգելվում է Ուկրաինայի սահմանադրությամբ: Այդ դեպքում, ե՞րբ է գործում սահմանադրությունը ու ե՞րբ չի գործում: Նախագահին պաշտոնանկ անելուց չի գործո՞ւմ, իսկ Ղրիմի հարցում գործո՞ւմ է, դուք պետք է հասկանաք ընդունում եք Ուկրաինայի սահմանադրությունը, որպես մեկ ամբողջություն, թե մաս-մաս»:
Վերջում Գիզին առաջարկել է հաշվի նստել Ռուսաստանի շահերի հետ և երաշխիքներ տալ, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, Ուկրաինային կամուրջ դարձնել ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունների միջև և Ուկրաինայի Արևելքի ու Արևմուտքի միջև փոխըմբռնման գործընթաց սկսել. «Եվրոպայում անվտանգություն չկա ոչ առանց Ռուսաստանի, ոչ Ռուսաստանի դեմ. միայն Ռուսաստանի հետ», – ասել է «Ձախ» խմբակցության առաջնորդը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Հազիվ մի խելոք մարդ գտնվեց Եվրոպայում: