Ազատամարտիկ Լեւոն Աղաբեկյանը անցած տարվա աշնանը կնոջ հետ վիճաբանելուց հետո դանակահարել է նրան:
Ազատամարտիկի կնոջ՝ Սիրանուշ Աղաբեկյանի պատմելով, ամուսինը վերջին տարիներին հարբեցողությամբ է զբաղված եւ հարբած վիճակում մշտապես վեճեր է ստեղծել իր ու երեխաների հետ. «Միշտ վիճաբանել ենք, ծեծել-ջարդել է, դուրս գցել տնից: Գնացել եմ երեխաներիս հետ քրոջս տանն ապրելու: Հոկտեմբերի իննին գործից տուն գնալու ճանապարհին էլի հարբած եկավ, առաջարկեց տուն վերադառնամ, չհամաձայնեցի, այդ ժամանակ դանակահարեց ինձ»:
Տիկին Աղաբեկյանի խոսքով, դանակահարության փաստով ինքը դիմել է ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ, բայց հետո ինքը որդու խնդրանքով հետ է վերցրել բողոքը` ամուսնուն անազատության չդատապարտելու համար:
Իր հերթին Լեւոն Աղաբեկյանը խոստացել է այլեւս չանհանգստացնել կնոջն ու երեխաներին եւ գնացել էր Տավուշի մարզ՝ մորական տուն. «Մի քանի անգամ զանգել է տղու հետ խոսել, բայց չի եկել: Այս տարվա հունվարի մեկի գիշերը գնացել ենք քրոջս տուն՝ Նոր Տարի շնորհավորելու, հարեւաններս գիշերով զանգահարել են, թե տունդ այրել են: Նախկին ամուսինս էլի հարբած գնացել, այրել է, ասել է, հարեւաններն էլ լսել են, որ ասում էր՝ եթե չեմ վայելելու, թող իրենք էլ չվայելեն»:
Կարդացեք նաև
Սիրանուշ Աղաբեկյանը դիմել է Վանաձորի ոստիկանություն, բայց այստեղ գործը կարճել են՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Տիկին Աղաբեկյանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարան՝ բողոքարկել ոստիկանության որոշումը եւ պահանջում է ամուսնուն քրեական պատասխանատվության ենթարկել, փոխհատուցել գույքի վնասները:
Այսօր վերաքննիչ քրեական դատարանում այս գործով դատական նիստը հետաձգվել է ազատամարտիկին մորական տնից բերման ենթարկելու դատավորի որոշմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ