Այսօր Սեւանա լճից նախատեսվածից ավելի ջրառ կատարելու կապակցությամբ Ազգային ժողովում կայացած լսումների ժամանակ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը մի քանի անգամ նշեց այն փաստը, որ Սեւանից հավելյալ 70 մլն խմ ջուր (օրենքով թույլատրված է 170 խմ) վերցնելը՝ գյուղատնտեսական նպատակներով՝ Արարատյան հարթավայրը ոռոգման ջրով ապահովելու համար, չի կարող լրջորեն ազդել Սեւանի էկոհամակարգի վրա: «Մենք այս տարիների ընթացքում Սեւանում 5,5 մլրդ խմ ջուր ենք կուտակել, երբ ծրագրով 3,5 մլրդ էր նախատեսված, նախատեսվածից 1մ ավելի բարձրացրել ենք Սեւանը… չեմ ասում, որ սա հիմք է, որ հիմա դիմենք Սեւանին, բայց ունենք պրոբլեմ եւ դրա համար ենք դիմում Սեւանին»,-ասաց Ա. Անդրեասյանը:
Նա համամիտ չէր այն տեսակետին, թե Սեւանին չի կարելի կպնել, քանի որ այն մեզ համար քաղցրահամ խմելու ջրի պաշար է.«Հայոց աշխարհը այնքան բարձրորակ խմելու ջրի աղբյուրներ ունի, որ դեռ կարիք չի եղել Սեւանին դիմելու»: Նրա այս պնդմանը ավելի ուշ բնապահպանները հակադարձեցին, որ այդ աղբյուրների 60%-ը հիմք են առնում հենց Սեւանից, եւ եթե Սեւանի մակարդակը նվազի՝ աղբյուրներն էլ կցամաքեն:
ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը հարցրեց. «Սեւանը Հայաստանի ամենախոշոր ջրի ավազանն է, Սեւանը ադամանդ չէ, որ նայենք հիանանք, երբ անհրաժեշտ է՝ պետք է նաեւ օգտվենք, բայց վերադարձնելու պայմանով: Երբ 90-ականներին Սեւանի ձկան պաշարները մեր երկրի սոցիալական վիճակը մեղմացրին, մտածում էինք հետո կվերականգնենք այդ պաշարները, բայց չվերադարձրեցինք: Հիմա էլ ջուր ենք վերցնում: Վեց տարվա մեջ արդեն երրորդ անգամ եք դիմում լրացուցիչ ջրառի համար: Վեց տարվա ընթացքում ինչո՞ւ չկարողացանք հասնել նրան, որ այլեւս դրա անհրաժեշտությունը չլինի: Ի՞նչ երաշխիք կա, որ երկու-երեք-հինգ տարի հետո էլի այս հարցին չենք անդրադառնալու»: Ի պատասխան Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարը հստակեցրեց, որ չի թերագնահատում Սեւանի ազգային նշանակությունը, բայց Սեւանը ինքնանպատակ չի, Սեւանը պիտի աջակցի նաեւ Արարատյան դաշտի ոռոգմանը: Նա նաեւ խոստացավ, որ եթե կլիմայական պայմանները թույլ տան, ապա 240 մլն խմ-ից պակաս ջուր կվերցնեն Սեւանից, սակայն Արարատյան հարթավայրում 15-16 հազար մանր հողակտորներ կան, եւ դրանց սեփականատերերը՝ շարքային գյուղացիները, ապրում են այդ բերքով եւ առանց ոռոգման ջրի չեն կարող:
ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի գիտքարտուղար Էվելինա Ղուկասյանի տվյալներով՝ նախորդ տարիների ընթացքում ջրի առավելագույն մուտքը լիճ կազմել է 220 մլն խմ, եւ եթե առաջարկվում է թույլատրել 240 մլն խմ հանել լճից, դա նշանակում է բացասական բալանսի բերել. «Ես՝ որպես երեսուն տարվա մասնագետ, պնդում եմ, որ լճի մակարդակի նույնիսկ մի քանի սանտիմետրով իջեցումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ լճի էկոհամակարգի վրա»: Է. Ղուկասյանը համարում է, որ ծայրահեղ դեպքում, եթե խիստ անհրաժեշտ է հավելյալ ջրառ (հիշեցնենք, որ թույլատրելի քանակը կազմում է 170 մլն խմ), ապա միայն՝ 220 մլն խմ մուտքի դիմաց՝ 220 մլն խմ ելք:
Կարդացեք նաև
ԱԺ նախկին պատգամավոր, «Սեւանա լճի մասին» օրենքի համահեղինակներից մեկը՝ Գագիկ Թադեւոսյանը հիշեցրեց, որ 2001-ին Սեւանի մասին ընդունված օրենքում միանշանակ նշված էր՝ «բացառել բացասական հաշվեկշռից», սակայն հիմա փորձում են չբացառել: Նա ընդվզեց նաեւ Անդրանիկ Անդրեասյանի կողմից անընդհատ հիշեցվող բնական ջրաշրջանառության մասին արտահայտություններից, համաձայն որոնց տարեկան բնականորեն՝ գետերի եւ տեղումների արդյունքում Սեւան է մտնում 1-1,5 մլրդ խմ ջուր եւ տարեկան 1-1,2 մլրդ խմ ջուր էլ գոլորշիանում է: «Ի՞նչ միլիարդուկեսի շրջանառության մասին է խոսքը: Երեք մետր ո՞նց բարձրացավ Սեւանը՝ օրենքն ընդունելուց հետո, եթե նման շրջանառություն կար, թողնեինք Աստծու պարգեւին, էլի, ինչո՞ւ թունել փորվեց, ինչո՞ւ ենք միջոցներ ձեռնարկել Սեւանի փրկության համար, հենա՝ բնական ձեւով կբարձրանար Սեւանը, էլի.. Եթե եւս 20մ իջներ Սեւանը՝ արդեն ճահիճ էինք ունենալու, լիճը կորցնելու էինք, հիմա էլ Սեւանն այն ունիկալ լիճը չի, որ ունեցել ենք 1928-30 թվականներին, թթվածնի պաշարը լճում նվազել է, ազոտինը՝ բարձրացել»:
Ի պատասխան Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը նշեց, որ շատ լավ է, որ այդ օրենքն ընդունվել է, եւ դրա արդյունքում է, որ նման քննարկումներ են ընթանում, այլապես ինչպես նախկինում՝ միլիարդավոր խորանարդ մետր ծավալով ջուր կհեռացնեին Սեւանից՝ առանց որեւէ քննարկումների, ինչպես եղել է մինչեւ 2001 թվականը. «Օրենքի ընդունման պատճառով է, որ չորս մետրով բարձրացել է լճի մակարդակը: Ազգային ժողովն ու կառավարությունն ամեն ինչ արել են, որ ծավալները բարձրանան: 50 կմ երկարությամբ թունել նույնիսկ զարգացած երկրների իրենց չեն թույլ տալիս շահագործել: Սեւանի հանդեպ բոլորս էմոցիոնալ ենք վերաբերվում, բայց որեւէ մեկը Սեւանի հանդեպ թշնամանք չունի: Բայց ի պաշտոնե ես պետք է ասեմ, որ ոռոգման համակարգի պրոբլեմ ունենք եւ Սեւանից ջուր է պետք»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ