Այս պահին Մատենադարանի մոտից երթով դեպի Մաշտոցի պողոտա «Դեմ եմ պարտադիրին» շարժման մասնակիցները իրազեկման թերթիկներ են բաժանում փողոցով անցնող քաղաքացիներին՝ իրազեկելով մարտի 22-ին ժամը 14-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին: Նրանց հսկում են մեկ տասնյակից ավելի ոստիկաններ, որոնք հետեւում են նախաձեռնության անդամների գործողություններին՝ պարբերաբար զեկուցելով, թե որքանով է ավելանում ակցիայի մասնակիցների թիվը:
Իրազեկման ակցիայի կազմակերպիչները Aravot.am-ի հետ զրույցում նշեցին, որ պատրաստվում են երթը շարունակել կենտրոնական փողոցների մայթերով, որի ընթացքում անցորդներին կբաժանեն Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին թերթիկներ:
Նշենք, որ «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնությանը միացել են խորհրդարանական չորս ուժերը՝ «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, որոնք դիմեցին Սահմանադրական դատարան՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակային բարեփոխումների:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ