Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ Դատի գրասենյակի հիմնադրում Ավստրիայում

Մարտ 19,2014 17:58

Ռումինիայից ու Լեհաստանից հետո տեղի ունեցավ Հայ Դատի հանձնախմբի ստեղծումը Ավստրիայում: Այս առթիվ, սույն թվականի մարտի 18-ին, մայրաքաղաք Վիեննայում կազմակերպված միջոցառմանը, որպես հրավիրյալներ ներկա էին Ավստրիայում եւ Հունգարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, Ավստրիայի հոգեւոր հովիվ Տեր Անդրեաս Քահանա Իսախանյանը, Ավստրիայի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներ: 

Ելույթ ունենալով, Եւրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նախ անդրադարձավ ներկայումս հայ ժողովրդի դիմագրաված հիմնախնդիրներին, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման հարցին, Թուրքիա Հայաստան հարաբերություններին, Արցախի հարցի ներկա հոլովույթին եւ մեր անելիքներին, ջավախահայությանը օժանդակելու խնդրին, Հայաստան-ԵՄ մերձեցման գործընթացի շարունակմանը՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշման պայմաններում, Սիրիայում հայության դիմագրաված հիմնահարցերին:
Գասպար Կարապետյանը շեշտեց, որ Եւրոպայի տարածքում Հայ Դատի աշխատանքների ծավալման առումով իր կարեւորությունն ունի Ավստրիան: Նա պաշտոնապես հայտարարեց, որ ձեւավորվել է եւ այսուհետ Վիեննայում կգործի Հայ Դատի հանձնախումբը: Ներկայացնելով, որ հանձնախումբն ունի երիտասարդ եւ որոշակի պատրաստվածություն ունեցող կազմ, ելույթ ունեցողը ներկաներին կոչ արեց օժանդակել Հայ Դատի աշխատանքներին, քանի որ դրանք ուղղված են հայության ազգային հիմնախնդիրների հետապնդմանը:

Վերջում ելույթ ունեցողը շնորհակալություն հայտնեց դեսպան Կիրակոսյանին՝ ներկա գտնվելու համար եւ շեշտեց, որ այնտեղ, ուր գործում են Հայաստանի պաշտոնական դիվանագիտական ներկայացուցչությունները, Հայ դատի գրասենյակները վերոնշյալ խնդիրների ուղղությամբ համագործակցում են վերջիններիս հետ:

Խոսք առնելով, պարոն դեսպանը գոհունակությունը փոխանցեց հանձնախմբի ստեղծման առթիվ եւ պատրաստակամություն հայտնեց սերտորեն համագործակցելու հանձնախմբի հետ: Արման Կիրակոսյանն առաջարկեց անմիջապես հանդիպել՝ քննելու համար գալիք ապրիլի քսանչորսի հետ կապված միասնական անելիքների օրակարգը, ինչպես եւ հետագա համատեղ աշխատանքները ծրագրելու նպատակով:

Այնուհետեւ Հայ Դատի նորաստեղծ հանձնախմբի ատենապետ Կարո Շատոյանը ներկայացրեց հանձնախմբի կազմը, եւ իր հերթին նշեց, թե առաջին օրվանից անհրաժեշտ է համագործակցել դեսպանության, ինչպես նաեւ տեղի բոլոր հայկական կառույցների հետ՝ ծրագրելու եւ համատեղելու նպատակով աշխատանքները, որոնք ուղղված են լինելու հիմնականում ավստրիացի հանրությանը, ակադեմիական շրջանակներին եւ քաղաքական գործիչներին՝ ովքեր գործում են, թե երկրի ներսում եւ, թե միջազգային հաստատություններում: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ զրույց եւ կարծիքների փոխանակում, համայնքային կառույցներ ներկայացուցիչների հետ:

Եւրոպայի Հայ Դատի հանձնախումբ
Ավստրիայի Հայ Դատի հանձնախումբ

19.03.20014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31