ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մարտի 19-ին հանդիպեց Հայաստանում Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ղազի Թահիր Խալեդին:
Հանդիպման ընթացքում նախարարը կարևորեց երկու երկրների միջև համագործակցությունը տրանսպորտի և հեռահաղորդակցության ոլորտներում, նշեց, որ բոլոր հիմքերը կան, որպեսզի համատեղ աշխատանքի արդյունքում դրանք հետագայում ավելի ամրապնդվեն և զարգանան։
Կողմերը քննարկեցին Հայաստանի և Իրաքի միջև տրանսպորտային կապուղիներ ունենալու հնարավորություններն ու տարբերակները, ինչը կնպաստի երկու երկրների միջև տրանսպորտի և կապի ոլորտում համագործակցության զարգացմանը:
Կարևորելով ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում Իրաքի հետ ցամաքային ուղիղ հաղորդակցություն ստեղծելու հնարավորությունները՝ դրանք առավել մանրամասն քննարկելու նպատակով Գագիկ Բեգլարյանը Իրաքի Հանրապետության տրանսպորտի նախարարին հրավիրեց Հայաստան։
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ դեսպան Ղազի Թահիր Խալեդն իր հերթին նշեց, որ չկա որևէ խոչընդոտ՝ երկու երկրների միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շուրջ համագործակցությունը զարգացնելու համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն