Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի բնապատկերը վերադարձրեք զինանշան

Մարտ 19,2014 17:19

 Բաց նամակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող հանձնաժողովի անդամներին

 Հարգելի հանձնաժողովի անդամներ, հանձնաժողովի ստեղծման գաղափարը անշուշտ ողջունելի է, կարծում եմ, նրա գործունեությունը Ձեր օգնությամբ կնպաստի Հայոց ցեղասպանության միջազգային արենայում լայն ճանաչման գործընթացին, եթե իհարկե այս առաջարկությանը լիարժեք ազգային մոտեցում ցուցաբերեք եւ ոչ թե անտարբերության մատնեք։

Հարգելի տիկնայք եւ պարոնայք, համոզված եմ, հիշում եք, որ անկախության ձեռքբերման այն խառնաշփոթ օրերին մեր նորելուկ պետական այրերը անհեռատեսություն թույլ տվեցին եւ, առանց ժողովրդի ձայնը լսելու, Հայոց լեռնաշխարհի արքա Արարատի բնապատկերը զինանշանից  դեն նետեցին։ Բիբլիական Արարատը Ցեղասպանության լուռումունջ վկան էր, հայ ժողովրդի ոգեղեն կապը Արեւմտյան Հայաստանի հետ, որ տարիներ շարունակ գտնվելով Խորհրդային Հայաստանի զինանշանում, մեզ զօրուգիշեր հիշեցնում էր անմեղ զոհերին, որոնք նահատակվեցին, նույնիսկ գերեզման էլ չունեցան հայրենի հողում։

Նույնիսկ այդ խայտառակ սխալից հետո մեր պետական այրերը, առանց խղճի խայթի, Սահմանադրության մեջ որպես ծաղրանք սուտ ու սխալ նշեցին, որ «Հայաստանի զինանշանի կենտրոնում, վահանի վրա պատկերված է Արարատ լեռը», ինչը, ինչպես համոզվում ենք, տեսողական խաբկանք է եւ ոչ թե իրականություն, քանի որ ոչ մի իրեն հարգող հայորդի, ինչպեսեւ Դուք, այնտեղ չի կարող տեսնել ալեհեր Մասիսի բնապատկերը։

Ստացվում է, որ թե՜ Հայաստանում, թե՜ Սփյուռքում ստիպված ինքներս մեզ ենք անամոթաբար խաբում եւ հայրենասեր ձեւանում։ Ճիշտ է, գործող զինանշանը եւս գալիս է մեր պատմության խորքերից, սակայն, ցավում եմ, որ տեսողական առումով  այն խաբված ու շփոթված այլ ազգերին, հատկապես այլ քաղաքական գործիչներին ոչինչ չի հուշում Օսմանյան կայսրության բարբարոս քաղաքականության մասին։

Այսօր Թուրքիան լայնածավալ կերպով խոչընդոտում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, սակայն որքան էլ փորձի խոչընդոտել, նրա ջանքերը ապարդյուն կանցնեն, քանի որ հանրությունը հիշում է այն դատավարությունը, երբ Բեռլինում Սողոմոն Թեհլերյանին դատապարտում էին որպես մարդասպանի, սակայն դատարանի դահլիճից մեղադրյալը ազատ արձակվեց որպես մեղադրող։ Նրանք նաեւ տեղյակ են, որ համաշխարհային գրական ասպարեզում ճանաչված գերմանալեզու գրող Ֆրանց Վերֆելը  իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով, գրեթե մեկ միլիոն տպաքանակով, աշխարհի 36 լեզուներով առաջինը համայն մարդկությանը տեղեկացրեց Հայոց կոտորածի ճշմարիտ պատմությունը։

Վերջապես եթե այսօր կոտորածի կազմակերպիչ Ահմեդ Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալն է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ դնում ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի, ապա նրանք մտավախություն ունեն, որ վաղ թե ուշ ոչ միայն միջազգային հանրությունը, այլեւ թուրք հասարակությունը կդատապարտի իրենց բարբարոս քաղաքական գլուխգործիչներին, քանի որ ագրեսիվ ժողովուրդ չի լինում, լինում է ագրեսիվ քաղաքականություն, որի պատճառով, ցավոք, հայ ժողովրդի հսկայական հատվածը նահատակվեց եւ ոչ թե թուրք հասարակության, թուրք ժողովրդի պահանջով։

Հարգելի հանձնաժողովի անդամներ, ինչպես տեսնում եք՝ այս ամենը բխում է հայ ժողովրդի շահերից, այնպես որ առաջարկությանը լիարժեք ազգային մոտեցում ցուցաբերեք, համարձակություն ունեցեք, հանրաքվե անցկացրեք, լսեք ժողովրդի ձայնը եւ, Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ուղղեք այդ չարաբաստիկ  սխալը, Արարատի բնապատկերը վերադարձրեք զինանշան, ինչպես նաեւ աջակցեք, որպեսզի մեր վաղեմի բարեկամ Ֆրանց Վերֆելի արձանը տեղադրվի Ծիծեռնակաբերդի ստորոտում։

Ճիշտ է, Արարատի վերադարձով եւ Ֆրանց Վերֆելի արձանը տեղադրելով Դուք ժողովրդին երջանկություն չեք պարգեւի, սակայն, համամիտ եղեք, որ ուրախություն կպարգեւեք։

Հակառակ դեպքում, այն, ինչ ձեւականորեն շարադրված է Սահմանադրությունում, որ իբր «ՀՀ զինանշանի կենտրոնում վահանի վրա պատկերված է Արարատ լեռը», հանեք, դա մեզ պատիվ չի բերում։ Պետք չէ ծաղրել ժողովրդին։  Եկեք ուղղակի անդադար չխոսենք Ցեղասպանությունից, այլեւ գործ անենք այդ ուղղությամբ, որպեսզի Ցեղասպանությունը որպես պատմական իրականություն միջազգային արենայում լայն ճանաչում ստանա։

Հարգելի հանձնաժողովի անդամներ, վերջապես ուզում եմ նշել, որ այս ամենի մասին տարիներ շարունակ տեղեկացրել եմ ե՜ւ տարբեր պետական այրերի, ե՜ւ տարբեր հասարակական, քաղաքական գործիչների, ինչպես նաեւ հրապարակվել են հոդվածներ մեր եւ Սփյուռքի մամուլի էջերում։ Սակայն առ այսօր անհասկանալի պատճառներով մինչ օրս նշված առաջարկությունը մատնված է անտարբերության։ Կարծում եմ,  անհրաժեշտ  եւ պարտադիր է լսել հայ ժողովրդի ձայնը։

 Հույսով եւ հարգանքներով՝  

Էֆրիկ Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մինաս Սահակյան says:

    Ինձ թվում է , որ Հայաստանի անկախացումից հետո կատարված մեծ սխալներից մեկն էր Սարյանի ստեղծած զինանշանից հրաժարվելը , Լեւոնը եւ իր թիմը մոլագարությամբ անվանափոխություններ էին անում ՝ փոխելով սովետական ժամանակաշրջանի համարյա բոլոր հայ պետական եւ մշակույթի գործիչների անուններով անվանակոչված տեղանունները , շատ ժամանակ մոռանալով , որ նրանցից շատերը հայրենասեր եւ հարգարժան անձնավորություններ էին :Միեվնույն ժամանակ չգիտես ինչու մոռանալում էին ռուս եւ օտարազգի կոմունիստների անուններով տեղանունները . օրինակ՝ Օստրովսկու փողոց , Դիմիտրովի փողոց եւ այլն : Հիմա ներկայիս իշխանություններից սպասում եք ինչ որ հայրենասիրական գործ , հիշեք Հայաստան-Թուրքիա մրցախաղից առաջ մեր հավաքականի մարզաշապիկերի վրայից Մասիսների անհետանալը , Եղեռնի հուշարձանի եւ թանգարանի լույսերի մարելը խաղի ընթացքում , դրանից հետո ՀՖՖ ի նախագահի չքմեղանալը , ես համոզված եմ , որ պետության նախագահի հրամանով էր դա կատարվել , այլապես ինչպես հասկանալ ( չփորձեք ինձ համոզել ՝ թե դա հյուրընկալության կանոններն էին պարտադրում ) նախագահի անսքող հրճվանքը երբ թրքերը գոլ էին խփում : Այնպես որ շատ բանի մի սպասեք սրանցից :

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31