Լրահոս
Օրվա լրահոսը

Շտապօգնությունում կստեղծվեն մանկաբուժական բրիգադներ

Մարտ 19,2014 17:05

ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր կայացած ասուլիսի ժամանակ ներկայացվեցին շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի ներդրման արդյունքները և առաջիկա անելիքները։ Մի քանի օր առաջ այդ հարցը քննարկվեց ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայում։ 

Ներկայացվեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ «Շտապ բժշկական օգնության արդիականացման ծրագրի» գործարկումը նախատեսվել էր 2010, իսկ ավարտը` 2014 թվականին:

Ծրագրի արդյունավետության գնահատման նպատակով իրականացվել է շտապ բժշկական օգնության ծառայության կազմակերպման և տրամադրման ներկա իրավիճակի վերլուծություն` դաշտը կարգավորող նորմատիվային փաստաթղթերի առկայության, որակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների, ինչպես նաև ծառայության ֆինանսավորման մակարդակի և մեթոդների վերաբերյալ:
Մշակվել և 2013թ. ՀՀ առողջապահության նախարարի N 39-Ն հրամանով հաստատվել է «Բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրամադրման» նոր չափորոշիչը։ Նաև մշակվել են էլեկտրոնային կանչի թերթիկը, լրացման կարգը, խորհրդատվական թերթիկը, հաշվետվական ձևերը, լրամշակվել են ուղեկցող, ինչպես նաև սանավիայի թերթիկները: Տարբեր ծրագրերով ձեռք բերված շտապօգնության 94 մեքենայից 59-ը տրամադրվել է մարզերին, իսկ 35–ը` Երևանին: Աշխատանքներ են տարվում մեքենաների դեռևս գոյություն ունեցող պակասը լրացնելու ուղղությամբ:

Ծառայությունում ընդգրկված բոլոր մասնագետները (բժիշկներ, բուժքույրեր, վարորդներ) վերապատրաստվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կրթական նոր ծրագրերով։ Վերապատրաստման դասընթացներ են իրականացվել նաև շտապօգնություն տրամադրող բոլոր բուժհաստատությունների անձնակազմի համար։ Փոփոխություն է կատարվել վերակենդանացման կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրում` վերջին տարվա կլինիկական օրդինատորներին շտապօգնության ծառայությունում ընդգրկելու նպատակով:

2013թ. մշակվել է շտապօգնության ծառայության ըստ կատարողականի որակի գնահատման 80 ցուցանիշ, որից 17–ը կներառվի շտապօգնության վերլուծական համակարգում գործարկման առաջին տարվա ընթացքում: Շտապօգնության կողմից իրականացվող բուժօգնության որակի վերահսկման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների կողմից մշակվել ու ներդրվել են կյանքին վտանգ սպառնացող` որոշակի հիվանդությունների և սուր վիճակների ժամանակ, անհետաձգելի օգնության կազմակերպման ախտորոշիչ և բուժական միջամտությունների 16 գործելակարգեր և ուղեցույցներ:

Ծրագրի գնահատման համար իրականացվել է ծառայություններից օգտվելու և մատչելիության ցուցանիշների, հանրային իրազեկման ելակետային և վերջնական տվյալների համեմատություն։ Արձանագրվել է շտապօգնության կանչերի թվի զգալի աճ` Երևանում 2012 թվականի համեմատությամբ 2013-ին կանչերն աճել են 23 000-ով:

Աճի միտումը մասամբ բացատրվում է առավել որակյալ և արդյունավետ աշխատանքով։ Դրա օբյեկտիվ պատճառներից է նաև շտապօգնություն-պոլիկլինիկա փոխգործակցության արդյունավետության պակասը: «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» ուղղակի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվել են հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, ստեղծվել է շտապօգնության www.1-03.am կայքը:

Ծառայությունում ներդրված GPS վերահսկման համակարգի շնորհիվ առցանց ռեժիմում հնարավոր է ստանալ տեղեկատվություն շտապօգնության մեքենաների գտնվելու վայրի և շարժի մասին:

Այժմ աշխատանքներ են տարվում Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգ ներդնելու ուղղությամբ։ Այն զգալիորեն կբարձրացնի ՇՕ ծառայության արդյունավետությունը: Ծրագրային մոդուլների միջոցով կապահովվի տեղեկատվության արագ փոխանցում, էլեկտրոնային թերթիկի փոխանցման միջոցով կանչն ընդունող դիսպետչերի և բրիգադի միջև անմիջական կապի ստեղծմանը։ Միաժամանակ կստեղծվի տվյալների կենտրոնացված բազա, կներդրվի մշտադիտարկման մեխանիզմ։ Համակարգի գործարկման շնորհիվ հնարավորություն կընձեռնվի ցանկացած ժամանակային հատվածի համար ստանալ անհրաժեշտ հաշվետվություն կամ տվյալ:

Կոլեգիայում հավանության արժանացան շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրով իրականացված աշխատանքները։ Տրվեցին հանձնարարականներ` ինչպես ծրագիրն ավարտի հասցնելու, այնպես էլ նոր բաղադրիչներ ներդնելու ուղղությամբ։ Երեխաներին առավել որակյալ և արդյունավետ շտապ բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով նախարար Դերենիկ Դումանյանը հանձնարարեց Երևանի շտապօգնության համակարգում աշխատող մանկաբույժների ներգրավմամբ ստեղծել մանակաբուժական բրիգադներ` կազմակերպելով վերապատրաստման հատուկ դասընթացներ և ներդնելով ժամանակակից չափորոշիչներ։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31