Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանա լճից 70 մլն խմ ավելի ջուր են ուզում բաց թողնել հինգ տարիների ընթացքում (Տեսանյութ)

Մարտ 19,2014 16:39

Ավելի քան երեք ժամ տեւեցին այսօր ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները՝ 2001 թ. ընդունված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ:

Խնդիրն այն է, որ այս օրենքի նախագծով առաջարկվում է ժամանակավորապես՝ հինգ տարի ժամանակով, թույլատրել Սեւանից ջրի բացթողումները 70 մլն խ/մ-ով ավելի, քան նախատեսվում է օրենքով՝ 170 մ խմ, այսինքն՝ 240 մլն խմ: Օրենքի նախագծում մասնավորապես գրված է. «Մինչեւ Սեւջուր գետի եւ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծման, ինչպես նաեւ առաջնահերթ ջրամբարաշինության միջոցառումների իրականացման ավարտը ժամանակավոր՝ մինչեւ 2019թ. հունվարի 1-ը, Uեւանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակ uահմանել առավելագույնը 240 մլն մ3՝ կախված Սեւանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների (գ.Հրազդան, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարներ) ջրատվության աստիճանից»:

5597

Այս առաջարկը կառավարությունը , մասնավորապես՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը բացատրում էր Արարատյան հարթավայրի գյուղատնտեսության զարգացման խնդիրներով՝ ոռոգման ջրի կարիք կա: Իսկ որպես արդարացում բերվում էին հետեւյալ փաստարկները՝ գերակատարել ենք Սեւանում ջրի կուտակման ծրագիրը եւ նախատեսվածից մեկ մետրով ավելի ենք բարձրացրել Սեւանը եւ երկրորդ՝ բնականորեն Սեւանում ջրաշրջանառությունը՝ միայն տեղումներով եւ գետերի բերած ջրով տարեկան 1,5 մլրդ խմ է կազմում եւ 1-1,2 մլրդ էլ տարեկան գոլորշիանում է, այդ թվերի մեջ հավելյալ 70 մլն խմ-ն փոքր եւ ոչինչ չորոշող թիվ է կազմում:

Լսումներին մասնակցում էին աննախադեպ թվով շահագրգիռ կազմակերպություններ եւ անհատներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի մարզպետարանների ներկայացուցիչներ (նշենք, որ վերջում ԱԺ բնապահպանական եւ գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին՝ անձամբ ներկա լինելու եւ իր մարզի գյուղացիների խնդիրներով անձամբ հետամուտ լինելու համար), բնապահպաններ, գիտնականներ եւ փորձագետներ:

Բնապահպանները բազմաթիվ մտահոգություններ ներկայացրին այս օրենքի նախագծի դեմ, սակայն դրանք բոլորը հանգում էին մի պահանջի՝ չի կարելի թույլ տալ, որ Սեւանից ջրառը բերի բացասական բալանսի, այսինքն՝ Սեւանա լճի մակարդակը թեկուզ մեկ սանտիմետրով չպետք է նվազի: Ի դեպ, այդ մասին իր խոսքում ասաց նաեւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, որի հասցեին մինչ այդ բազմաթիվ քննադատություններ էին ուղղվել բնապահպանների կողմից:

Լսումներից հետո «Առավոտը» ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրիասյանից հետաքրքրվեց՝ գլխավոր մտահոգությունը բացասական բալանսի հարցն էր, կա՞ երաշխիք, որ չի լինի բացասական բալանս: Ա. Անդրիասյանն ասաց, որ հստակ պատասխան այդ հարցին չի կարող լինել, քանի որ ամեն տարի՝ կախված բնակլիմայական պայմաններից, առանձնահատուկ է: Մեր դիտարկմանը, թե «Սեւանա լճի մասին» օրենքի  11-րդ հոդվածի բ) կետով բացառվում է Սեւանի ջրային բացասական հաշվեկշիռը, պարոն Անդրիասյանը հավելեց՝ «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերից», եւ սա, ըստ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարի՝ հենց այդ «օրենքով նախատեսված» դեպքն է:

 

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31