Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Թումասյան. «Պետությունը հույսը կտրի, որ էդ մարդիկ արտագաղթելու են եւ այդ ճանապարհով լուծվելու է բնակարանային խնդիրը» (Տեսանյութ)

Մարտ 19,2014 16:33

Մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանը խոսեց կառավարության պարտավորությունների` աղետի գոտու վերականգնման հարցի` կանաչ տարածքների, աշխատատեղերի, մշակութային օջախների, բնակֆոնդի վերականգման վերաբերյալ: 4270 անօթեւան ընտանիքներից 3500-ը հաշվառված չեն անօթեւանների հերթացուցակում: Պետությունը փոխհատուցում է միայն այն ընտանիքներին, որոնք մինչեւ 2008 թվականի նոյեմբերի 1-ը կառավարության թիվ 432 որոշման համաձայն համապատասխան փաստաթղթեր են հանձնել եւ հաշվառվել են երկրաշարժի հետեւանքով անօթեւան դարձած եւ պետության կողմից փոխհատուցման ենթակա անօթեւանների հերթացուցակում:

«3500 ընտանիք տարբեր պատճառներով չեն կարողացել հերթագրվել, եւ 4270 ընտանիքից 2800 ընտանիքին, ովքեր անօթեւանների հերթացուցակում հաշվառված էին մինչեւ 2012թ., բնակարան փոխհատուցեցին Մուշ 2 եւ Անի թաղամասերում (Գլենդել Հիլզի կողմից կառուցված բնակարանների մասին է խոսքը), հիմա եւս 430 խոստացել էին, որ նախորդ տարի պիտի շահագործեին, բայց, այդպես էլ, ոչ միայն շահագործում տեղի չունեցավ, այլ նաեւ շինարարությունը չիրականացվեց: Եվ, հիմա մեր պարբերաբար հարցումներին, գրություններին չեն կարողանում իշխանությունները պատասխանել, թե լավ, երբ է վերսկսվելու բնակարանային շինարարությունը, որը մեկ տարուց ավել է` ընդհատվել է: Եթե լավագույն դեպքում այդ 430-ն էլ կառուցեն, միայն անօթեւանների հերթացուցակում մոտ 1200 ընտանիքի խնդիր կմնա բաց»,- ասաց «Շիրակ կենտրոնի» նախագահը:

Ըստ բնակարանների տրամադրման կարգի` ընտանիքը կամ քաղաքացին պետք է անպայման կորցրած լինի բազմաբնակարանային շենքից բնակարան: Նրանք, ովքեր սեփական բնակարան են կորցրել կամ երկրաշարժի պահին ապրել են հանրակացարաններում կամ վարձով բնակարաններում, այդ ընտանիքներին չի նախատեսվում փոխհատուցել. «Ստացվում է, որ 1000 ընտանիք մնում է անօթեւանների հերթացուցակից դուրս, եւ 3500 ընտանիք, ովքեր չեն հաշվառվել կամ չափորոշիչներին չեն համապատասխանել, կամ չեն կարողացել ամբողջական փաստաթղթեր ներկայացնել, ստացվում է մոտավորապես 4000-4200 ընտանիք մնում է անհայտ ճակատագրով»:

Նա նաեւ անդրադարձավ «Շիրակ կենտրոնի» գործունեության սկզբնական նպատակի,  բնակարանային, աշխատատեղերի եւ սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության, փոփոխմանը. «Կամաց-կամաց հիմա հասկանում ենք, որ մեր չափորոշիչները կամ նպատակները շատ փոքրացել եւ մարդկանց ընդամենը տարրական պայմաններ ապահովելու խնդիրներ են մեր առաջ կանգնել: Ամբողջ ձմռանը, երբ մենք այդ նախաձեռնությամբ հանդես եկանք (վառելիքի) հասկացանք, որ այս մարդկանց հետ չես կարող իրենց իրավունքների մասին խոսել` երբ մարդը վառելիք չի կարող հայթայթել, եւ իր` վառելիքի հայթայթման հիմնական աղբյուրը դարձել է աղբանոցը»:

Ձմռան ամիսներին Հայաստանի հյուսիսում` Գյումրիում, սովորական ջերմաստիճան է 28-30 աստիճան ցուրտը: Պրն.Թումասյանը ասում է, որ այդ պայմաններում մարդիկ չեն կարողանում դիմանալ. «Տնակներում ամռանը անտանելի շոգ է` խեղդող շոգ, ձմռանը` անտանելի ցուրտ: Վառարանը մի րոպե դադարեցնես, անմիջապես դրսի ջերմաստիճանի հետ կհավասարվի ներսի ջերմաստիճանը»:

Իրենց ուսումնասիրություններից ելնելով Վահան Թումասյանն ասում է, որ 25 տարի ապրել տնակներում նշանակում է ձեռք բերել հիվանդություններ. «Գրեթե երկրորդ, երրորդ վագոն-տնակում կա′մ ընտանիքի հիվանդ անդամ կա, կա′մ հաշմանդամ` ի ծնե հիվանդ երեխաներ կան, որովհետեւ այդ պայմաններում ապրել չես կարող: Ամբողջ հայության ամոթանքն է, որ մենք նման իրավիճակ ունենք. երբեմնի մշակութային ծաղկուն քաղաքի, երկրի կորիզը հանդիսացող քաղաքում նման իրավիճակ ունենք»:

Պրն.Թումասյանը հավելեց, որ ամենաքիչը արտագաղթում են հենց «տնակներում ապրող մարդիկ, այսինքն` պետությունը հույսը կտրի, որ էդ մարդիկ արտագաղթելու են եւ այդ ճանապարհով լուծվելու է բնակարանային խնդիրը»:

 

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31