ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը կարծում է, որ անդամակցելով Մաքսային միությանը `Հայաստանը ինչ-որ չափով կլուծի աշխատատեղերի հարցը:
«Մենք տեսնում ենք, որ մեր հանրապետությունը գնալով ավելի վատ վիճակում է հայտնվում, ինչը հիմնականում կապված է սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման, արտագաղթի հետ: Սրանք ամենակարեւոր խնդիրներից են»:
Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղար, ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը:
Նա նշեց, որ խնդիրները պետք է լուծվեն երկրի նախագահի մակարդակով:
Կարդացեք նաև
«Կառավարությունը պետք է սոցիալ-տնտեսական կուրսի փոփոխություն իրականացնի: ՀՀ նախագահը, իշխանությունը պետք է ամեն ինչ անեն, որ հասարակության հոգսերը թեթեւանան` առաջին հերթին աշխատատեղերի բացումով, որովհետեւ ում էլ հարցնում ենք, մարդիկ այսօր պատրաստվում են լքել Հայաստանը, գնում են աշխատատեղեր են փնտրում, մեծ մասամբ ժողովուրդն այսօր գնում է դեպի ՌԴ` այնտեղ աշխատատեղ գտնելու, եւ մեղադրել մեր ժողովրդին, մեր հասարակությանը, թե ինչու են արտագաղթում, սխալ է, որովհետեւ պետք է այնպես անել, որ ժողովուրդը չարտագաղթի, ՀՀ-ում գտնի աշխատատեղ` իրենց ընտանիքները պահելու համար»,-ասաց Անդրանիկ Ղուկասյանը:
Ըստ բանախոսի ` առկա խնդիրներից է նաեւ գների աճը:
Նա նշեց, որ ինչքան էլ բարձրացնում են աշխատավարձերն ու թոշակները, միեւնույն է ` դրանից ժողովրդի վիճակը չի բարելավվում:
«Այսօր ամենակարեւոր հարցը նաեւ գների աճն է, եւ ինչքան էլ, որ փորձում են ավելացնել աշխատավարձերը կամ թոշակները, միեւնույն է ` դրանից ժողովրդի վիճակը չի փոխվում, ընդհակառակը, տնտեսական այս ծանր պայմաններում ամենագլխավոր տուժողը մեր հասարակությունն է: Եվրոպայից եւ Արեւմուտքից միլիոնավոր գումարներ են գալիս, բայց մենք ոչ մի անգամ չտեսանք, որ այդ գումարները հատկացվեն գործարանների կառուցմանը կամ գործարանների վերակառուցմանը, նամանավանդ, մարզերում շատ ծանր իրավիճակ է, որտեղ գործարանները պարապուրդի մեջ են, չեն աշխատում»:
Նա համոզված է, որ անդամակցելով Մաքսային միությանը, Հայաստանը ինչ-որ չափով կլուծի աշխատատեղերի հարցը:
«Ես համոզված եմ, որ Մաքսային միության մեջ ընդգրկվելուց հետո ինչ-որ ձեւով նաեւ կաշխատեն այն գործարանները, որոնք այսօր պարապուրդի մեջ են, այն գործարանները, որոնք չեն աշխատում»,-եզրափակեց Անդրանիկ Ղուկասյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ