Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Շաքարյան. «Թուրքիան հռետորաբանությունից հետո ոչինչ չկարողացավ անել»

Մարտ 19,2014 16:25

«Թուրքիան հռետորաբանությունից հետո ոչինչ չկարողացավ անել, պրակտիկ ոչ մի ազդեցություն չունեցավ Ռուսաստանի վրա, ինչը տեղի ունեցավ նաեւ Ուկրաինական զարգացումներում»,- խոսելով Ղրիմի իրադարձությունների եւ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների մասին՝ ասաց  թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Ըստ բանախոսի, այսպես Ռուսաստանը կարողացավ Սեւ ծովում հավասարակշռությունը հօգուտ իրեն փոխել, որի հետեւանքով Թուրքիան ընկավ շրջափակման մեջ:

«Ռուսաստանն ամրապնդեց իր դիրքերը՝ Ղրիմը վերցնելով Սեւ ծովում, Սիրիայում մենք գիտենք, որ Ռուսաստանը բավականին մեծ ներդրումներ  ունի,  Թուրքիան այդ ճակատում էլ ունի հետընթաց, Թուրքիան իր հերթին ունի շատ խնդիրներ Էգեյան ծովում՝ հույների հետ, Միջերկրական ծովում ունի խնդիրներ, եւ Սեւ ծովի ավազանից դուրս մղումը բավականին էական ռազմավարական հարված է Թուրքիային»,- նշում է թուրքագետը:

Ղրիմի համատեքստում ռուս-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս՝ կարեւորում է թաթարների հարցը:

«Ղրիմի թաթարների պաշտպանությունը Անկարայի կողմից գեղեցիկ կերպով տեղավորվում է Թուրքիայի պանթուրքիստական, նեոօսմանիստական վերջին մոտեցումների մեջ, որտեղ Թուրքիան իրեն համարում է աշխարհի բոլոր թուրքերի իրավունքների պաշտպան՝ լինեն դրանք թուրքմենները Հյուսիսային Իրաքում, թե թաթարները՝ Ղրիմում»:

Այստեղ թուրքագետը մատնանշում է այն հանգամանքը, որ Թուրքիայի իշխանությունը, Էրդողանը, թաթարների գործոնն օգտագործում է նաեւ  ներքաղաքական կյանքում. Էրդողանը Ղրիմի թաթարներին աջակցելու մասին  հայտարարեց թուրքական Էսքիշեհիր քաղաքում, որտեղ բնակչության 80 տոկոսը թաթարներ են, եւ դա արեց տեղական ինքնակառավարման ընտրությունների նախաշեմին:

Այնուամենայնիվ թուրքագետը կարծում է, որ Անկարան չի հրաժարվի Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները ամրապնդելուց. այդ երկու երկրները իրար հետ կապված են տնտեսական, առեւտրային պայմանագրերով եւ տարբեր ձևաչափի համագործակցությամբ.

«Միանգամից Ռուսաստանից հրաժարվելը Թուրքիայի համար ինքնասպանության նման բան կլինի»,- ասում է Արտակ Շաքարյանը:

Միեւնույն ժամանակ նա նշում է, որ անկախ Թուրքիայի, Անկարայի ցանկություններից, աշխարհը գնում է դեպի նոր սառը պատերազմ: «Այդ սառը պատերազմում Թուրքիայի դերը նորից բարձրանում է ԱՄՆ-ի համար եւ Թուրքիան գնալով բարձրացնելու է իր արժեքը ԱՄՆ-ի համար, ինչը Հայաստանի Հանրապետության համար այդքան էլ լավ չի, բայց նաեւ՝ ինչը շատ վատ է՝ Թուրքիայի ժողովրդավարության համար պայքարող ուժերի համար, որովհետեւ ինչպես մենք տեսնում ենք, վերջին մի քանի ամիսների Թուրքիայում կատարվող հակաժողովրդավարական դեպքերը որեւէ  արձագանք չեն գտնում Արեւմուտքում, Միացյալ նահանգներում»,- ասում է թուրքագետը:

Նորից անդրադառնալով Ղրիմի թաթարներին, պարոն Շաքարյանը նշում է,  որ թուրքական գործակալությունները Ղրիմի թաթարների հետ մասին ստեղծում են ժամանակավոր ջոկատներ, եւ  անհրաժեշտության դեպքում նրանք կլինեն Ուկրաինայի կողմնակիցը, որովհետեւ նրանց ձեռնտու է Ուկրաինայի տարածքում լինելը: Նույն զինված թաթարների մասին ասում է. «Շատ վտանգավոր են հայի համար, ընդհանրապես զինված թուրքը հայի համար միշտ հանդիսանում է պոտենցիալ վտանգ, ուստի դրանք լինեն զինված հրոսակախմբեր Բաքվում, Աստանայում, թե Ղրիմում, որեւէ տարբերություն չկա:  Զինված թուրքը միշտ առիթի դեպքում փորձելու է վնաս հասցնել հային»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31