Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քառյակը վարչապետի հարց չի քննարկել

Մարտ 19,2014 16:10

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների այսօրվա նիստում քննարկվել է կառավարությանը անվստահություն հայտնելու վերաբերյալ հարցը, և չորս ոչ իշխանական ուժերը սկսել են ստորագրահավաք իրականացնել, որ ապրիլի 28-ի քառօրյայում բարձրացնեն այդ հարցը:

Քառյակի նիստին այսօր մասնակցում էին, «Ժառանգությունից»՝ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը, ՀԱԿ-ից`Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը:

Քառյակը որոշել է մշակել սոցիալական տնտեսական և քաղաքական քայլերի մի ծրագիր, որոնք պետք է կատարվեն այն կառավարության կողմից, որը զբաղեցնելու է Տիգրան Սարգսյանի կառավարության տեղը: «Այդ աշխատանքը վաղուց սկսված է, որովհետև մենք իրականում հասկանում էինք, որ ինչ-որ պահի որոշման ենք հանգելու»,- ասաց Լևոն Զուրաբյանը: Սույն աշխատանքները հիմա ավելի համակարգված կգնան առաջ`իրենց մասնագետների և քաղաքական գործիչների կողմից: «Խոսքը գնում է այն քայլերի, ծրագրի մասին, որը պետք է այսօրվա վիճակում ՀՀ որևէ կառավարություն կատարի՝ Հայաստանը այս վիճակից հանելու նպատակով»,- հստակեցրեց Լևոն Զուրաբյանը:

Լրագրողները Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցին`կարելի՞ է ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումները նպաստեցին վերջնական որոշման կայացմանը: Պատասխանը եղավ. «Ես չեմ ցանկանում նսեմացնել, բայց նաեւ չեմ ուզում չափազանցնել պարոն Ծառուկյանի դերը: Բոլոր քաղաքական ուժերը հավասար ներդրում ունեն այս որոշումների կայացման հարցում: Բոլորն էլ կառուցողական մոտեցում դրսեւորեցին, դրա հետեւանքով, մենք ունենք այն, ինչ-որ ունենք»: Լրագրողները հետաքրքրվեցին, արդյոք կառավարությանն անվստահություն հայտնելը խնդիրների լուծման բանալի է: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ում միշտ էլ կարծել են, որ դա այդպես չէ, բայց այդ քայլը դիտարկել են, որպես քաղաքական ուժերի եւ հասարակության համախմբման գործիք, որը կարող է հզոր ալիք առաջացնել: Ամեն դեպքում, նրա համոզմամբ, սա սկիզբ է դնում մի գործընթացի, որ սկիզբն է կոռումպացման ռեժիմի հեռացման: Հիշեցնենք, վերջերս նման կարծիք էր արտահայտել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ առաջին անգամ է լսում այն մասին, որ «Ժառանգությունը» հնարավոր է դուրս գա քառյակից, եթե առաջնայինը լինի կառավարության անվստահության հարցը:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումից հետո մամուլում նման բազմաթիվ հրապարակումներ եղան, որոնք հերքվեցին «Ժառանգության» ներկայացուցիչների կողմից:

Լեւոն Զուրաբյանն էլ հորդորեց. «Լսեք այն մարդկանց, ովքեր «Ժառանգության» կողմից լիազորված են տեսակետ հայտնել եւ կտեսնեք, որ որեւէ հակասություն չկա»: Իսկ նման լիազորություն ունեն Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Ռուբեն Հակոբյանը: Մնացյալ տեսակետներն, ըստ նրա, կարող են նաեւ անձնական լինել, քանի որ կուսակցության անդամները մշտապես պնդում են, որ ազատական մոտեցումներ կան ու ոչ ոք սահմանափակված չէ կուսակցական որոշումներով:

Հարցին`ինչպե՞ս են քաղաքական մեծամասնության պայմաններում ոչ իշխանական ուժերը պատկերացնում հաջողության հասնել հարցի քվեարկության ժամանակ, իշխանական շրջանակներում համախոհներ ունե՞ն, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Մենք այնպիսի մի գործընթացի մեջ ենք մտնում, որտեղ կուլիսային բանակցությունները կարեւոր չեն: բոլորս էլ հասկանում ենք, որ իշխանությունները կնահանջեն միայն մեկ դեպքում, եթե ժողովուրդը դուրս գա փողոց: Մեր նպատակն է ապահովել համաժողովրդական մոբիլիզացիա`Ազատության հրապարակում»: Այդ առումով նաեւ համատեղ միջոցառումներ են կազմակերպվում: Դրանք կլինեն նաեւ հանրահավաքների տեսքով եւ կզուգորդվեն խորհրդարանական զարգացումներին:

Ո՞վ է լինելու քառյակի կառավարության ղեկավարը: «Որեւէ հարց, որը կապված է կադրային, անձնական, անհատական նշանակումների հետ, չի քննարկվել: Մենք նման հարց չենք էլ դնում»,- ասաց Լեւոն Զուրաբյանը`հիշեցնելով, որ մարտի մեկին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի օրոք որեւէ կառավարության մեջ ՀԱԿ-ը որեւէ պաշտոն չի վերցնելու: «Նման հարցեր չեն էլ քննարկվել: Մենք հիմա ժողովրդին ուզում ենք այս ճահիճին ալտերնատիվ ընթացք առաջարկել»,- ասաց նա:

Լրագրողները, այնուհանդերձ, հետաքրքրվեցին` ի՞նչ երաշխիքներ, որ դրական ավարտի կհասնեն: «Այդ գործընթացի վերաբերյալ, որը մենք ձեզ հետ միասին նախաձեռնել ենք, ոչ ոք չի կարող հստակ երաշխիք տալ: Բայց երկիրն այն վիճակում է, երբ բոլորիս ուժերի համախմբում է պետք, այդ թվում նաեւ սկեպտիկ լրագրողների եւ լրատվամիջոցների: Իսկապես սկսվել է պրոցես, կա ժողովրդի արձագանք, զարթոնքի հույս: Մի քիչ դուք էլ հավատացեք, որ դրանից ոչինչ չեք կորցնելու»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Լեւոն Զուրաբյանը շնորհավորեց նաեւ լրագրողներին`այս սպասված որոշման համար: Ի դեպ, մարտի 24-ի քառօրյայի ժամանակ ոչ իշխանական ուժերը կնախաձեռնեն, որ արտահերթ կարգով քննարկման դրվի եւս մեկ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, որը պետք է ուսումնասիրի քաղաքապետարանի կողմից 2012-13 թվականներին, բնակչության եւ տնտեսվարող սուբյեկտների կողմից լրացուցիչ վճարների եւ տուգանքների գանձման գործընթացը`արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների եւ այլ միջոցներով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետեւանքները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31