Այս մասին այսօր հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Դմիտրի Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա մի քանի օր առաջ է վերադարձել Ղրիմից եւ այնտեղ կատարվողի ականատեսն է:
Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ Ղրիմի հայերը հայտարարել են չեզոքություն, որը պայմանավորված է նրանով, որ իր ազգաբնակչության խնդիրներով է համայնքը մտահոգվում:
Ղրիմում լարվածությունը մեծ է, ըստ բանախոսի՝ գերլարված, արդեն նկատելի են բախումներ, կա մեկ զոհ: «Արդեն սկսվել է արյուն թափվել, ինչը սարսափելի է»,- ասում է պարոն Մարտիրոսյանը:
Խոսելով Ղրիմում հանրաքվեի մասին՝ նա նշեց, որ պատկերն այնպիսին էր, ինչպիսին նկարագրում էին լրատվամիջոցները. ամեն ինչ հանգիստ է անցել, մարդկանց մեծ հոսք է եղել:
Կարդացեք նաև
Մեր հարցին, արդյոք պատերազմի հավանականություն կա՞, բանախոսը պատասխանեց. «Այսօրվա իրավիճակով, Ռուսաստանը որպես գերտերություն, սառը պատերազմ է հայտարարել ամբողջ աշխարհին, եւ փաստորեն ինքը արդեն Կոսովոյի հարցը չի կարող քննարկել այն սկզբունքով, որ ուժն է ամեն ինչ որոշում»:
Արեւմուտքի սպառնալիքներին էլ լուրջ չի վերաբերվում ասում է՝ փուչիկ է. «Ռուսաստանին անընդհատ ցույց են տալիս, որ բալիկ ջան, հաթաթա ես անում»:
Պարոն Մարտիրոսյանը բոլորի ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ Չինաստանը Անվտանգության խորհրդի քննարկման ժամանակ չեզոքություն պահպանեց, մատնանշեց, որ դեռ Յանուկովիչի փախուստից մի քանի ամիս առաջ ստորագրվեց պայմանագիր՝ Ուկրաինայի եւ Չինաստանի միջեւ, որով Ղրիմում վարձով տարածք է տրվում Չինաստանին. «160 հեկտարի մասին է խոսքը, հիսուն եւ ավելի տարի վարձակալության է տրվել: Իմ կարծիքով, հիմա դառնում է հասկանալի Չինաստանի չեզոք դիրքը Անվտանգության խորհրդի քննարկման ժամանակ: Չինաստանը ունի նաեւ Ռուսաստանի հետ պայմանագիր՝ երկարատեւ նավթի մատակարարման, իսկ եթե մենք նայենք՝ ո՞ր ուղիներով կարող է նավթի խորհանք լինել, մենք կտեսնենք, որ Ղրիմի այդ տարածքն է հարմար»:
Խոսելով Ուկրաինայի մասին՝ բանախոսը նշեց, ու Ուկրաինային դաժան ճակատագիր է սպասվում. Ուկրաինայից դուրս գալու ցանկություն են հայտնում նաեւ երկրի այլ մարզեր. «Ի վերջո Ուկրաինան կբաժանվի հինգ մասի,- ասում է Դիմիտի Մարտիրոսյանը եւ ավելացնում, որ սա մի ժամանակաշրջան էր, երբ Արեւմուտքի եւ Արեւելքի շահերը համընկավ,-որովհետեւ Արեւմուտքին ձեռք չի տալիս, որ Եվրոպայի կազմում հայտնվի ամենամեծ տարածքով երկիրը, այսինքն՝ ինքն էլ կողմնակից կլինի Ուկրաինայի մասնատմանը»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ