Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հերթական անգամ չբերվեց ամբաստանյալ Քյարամ Ամոյանը: Առողջապահության նախարարության ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը դիմել է նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին, որպեսզի լիարժեք փորձաքննություն անցկացնելու համար ներգրավեն նաեւ Հերացու անվան բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, նյարդաբան, դոկտոր Գուրգեն Հովհաննիսյանին:
Հիշեցնենք, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակվել էր փորձաքննություն:
Մեղադրող Սասուն Խաչատրյանը չառարկեց հանձնաժողովը եւս մեկ անդամով համալրելուն, իսկ ամբաստանյալներից Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանն առաջարկեց, որպեսզի դատաքննությունը չհետաձգվի, նյարդաբանին ներգրավեն առանց դատարան կանչելու:
Սակայն դատավորը հիշեցրեց, որ հնարավոր է՝ փորձագետը ունենա որոշակի կապեր, փոխհարաբերություններ դատավարության մասնակիցների հետ եւ պարտադիր համարելով նրան դատարան հրավիրելը, հայտնեց նիստը հետաձգելու մասին:
Կարդացեք նաև
Հովիկ Արսենյանը հայտնեց, որ ունի միջնորդություն: Նա ասաց, որ 2011թ. սեպտեմբերի 27-ից ներգրավվել է որպես Ա. Հակոբյանի պաշտպան եւ համոզված է ու քաջատեղյակ, որ իր պաշտպանյալի նկատմամբ ապացույցները կեղծ են եւ արհեստածին: Նա ասաց, որ Արտուշ Հակոբյանի առողջությանը եւ կյանքին վտանգ է սպառնում, ուստի միջնորդեց նրա խափանման միջոցը փոխել այլ խափանման միջոցով, դրսում առողջական հարցերը լուծելու համար:
Մեղադրող Սասուն Խաչատրյանն առարկեց, նշելով, որ չեն վերացել խափանման միջոցը փոխելու հիմքերը, իսկ նախագահողն էլ նկատեց, որ բացակա Քյարամ Ամոյանի դիրքորոշումը պարզ չէ:
Այստեղ տեղի տվեցին Արսենյանի նյարդերը եւ նա հարցրեց դատարանին, թե ո՞ւմ դիմի, գուցե օպերատիվ մարմինների՞ն, մարդկա՞նց, որ այդ գործով առաջխաղացումնե՞ր են ունեցել:
Իսկ երբ նախագահողը բարձր տոնով խոսելու դեմ փորձեց զգուշացնել, պաշտպանն ասաց, որ առոգանությամբ է ուզում ասել, որ լսելի լինի իր ձայնը: Դատական նիստը նշանակվեց մարտի 26-ին:
Aravot.am-ին Արտուշ Հակոբյանի հարազատները հայտնեցին, որ նա մեկ ամսվա ընթացքում 10 կգ նիհարել է, ունի շագանակագեղձի հետ կապված խնդիրներ: Նկատելի էր նաեւ նրա ձեռքերի դողը:
Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Սամվել Դավթյանը, Դավիթ Գալստյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում դիմակավորված գողություններ անելու համար:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ