Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարտադիր վճարումների տվյալները պետք է հասանելի լինեն սպառողին

Մարտ 19,2014 15:17

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Ըստ հեղինակի, նախագիծը կոչված է պաշտպանելու սպառողի շահերը և թույլ չտալու, որպեսզի «մատակարարների որոշ աշխատակիցներ առանց սպառողի ներկայության գործողություններ կատարեն հաշվիչների հետ»:

Կառավարության եզրակացության համաձայն օրինագիծը նոր հարցեր է հարուցում տեխնիկական-ֆինանսական լուծումների առումով՝ լրացուցիչ ծախս պարտադրելով սպառողին և բիզնեսին: Կառավարությունը նաև գտնում է, որ նախաձեռնության նպատակները սպառողի համար առավելագույնս հասանելի են և օրենքով կարգավորման անհրաժեշտություն չունեն:

Դիմելով հարցը ներկայացնող ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է.

«Պարոն Մովսիսյան, այս հարցը նախարարական կոմիտեում բուռն քննարկման առարկա դարձավ, քանի որ ես պաշտպանում էի պատգամավորի փաստարկները: Նախարարական կոմիտեում ինձ հավաստիացրիք, այդ թվում նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, որ խնդիրն ամբողջությամբ կարգավորված է, այդ թվում նաև ֆիզիկական անձանց համար:

Ի՞նչ է պատգամավորի փաստարկի էությունը. որ տվյալները պարտադիր վճարումների համար պետք է հասանելի լինեն մեր քաղաքացիների համար՝ գազի, ջրի պարտադիր վճարումների առումով, այսինքն՝ փաստարկը շատ տեղին է և ճիշտ փաստարկ է, որովհետև պաշտպանում է մեր քաղաքացիների շահերը: Քաղաքացին պետք է այդ հնարավորությունն ունենա՝ ստանալու ճշգրիտ տեղեկատվություն՝ ինչքան ինքը պետք է վճարի:

Հակափաստարկը, որ հնչում էր նախարարական կոմիտեում, այն էր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այդ խնդիրը լուծել է: Բայց մեր աշխատակազմը, ուսումնասիրելով այդ կարգավորման նորմերը, ինձ երեկ զեկուցել է, որ այդպես չէ, որ ֆիզիկական անձանց գծով կա խնդիր: Եվ ես ցանկանում եմ հասկանալ, եթե կա այդպիսի խնդիր, ինչպե՞ս ենք այն լուծելու: Միգուցե պատգամավորի առաջարկն իրավական ձևակերպումների տեսակետից մեզ համար անընդունելի է, բայց պետք է գտնենք ընդունելի ձևը և կարգավորենք այս խնդիրը, որ քաղաքացիներին նույնպես այդ տվյալները լինեն հասանելի, և ծառայություն մատուցող կազմակերպությունները (էլեկտրաէներգիա, գազ) պարտավոր լինեն այդ տեղեկատվությունն անվճար հասանելի դարձնել մեր քաղաքացիների համար: Սա է հարցադրման էությունը: Համեցեք, պարոն Նազարյան»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Ինչ վերաբերում է հաշվիչների կապարակնքմանը, ապա այստեղ, ինչպես գազամատակարարման և օգտագործման կանոններում, այնպես էլ էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում իմպերատիվ այդ նորմը գրված է և ապահովված է, և ցանկացած բաժանորդ իրավունք ունի իր ցանկացած ձևով կապարակնքելու հաշվիչները և, ես գտնում եմ՝ սա բավարար է այդ հարցի կարգավորման համար:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Համաձայն եմ Ձեր փաստարկի հետ, ուղղակի դրա մասին պետք է նաև իրազեկել մեր քաղաքացիներին: Մենք այստեղ խնդիր ունենք, որովհետև մեր աշխատակազմն էլ զեկուցում է, որ այդ հարցը կանոնակարգված է հստակ, և քաղաքացիները պաշտպանված են նորմատիվ ակտերով: Ուղղակի մեր քաղաքացիներին պետք է իրազեկել: Համաձայն եմ նաև պարոն Մովսիսյանի այն փաստարկի հետ, որ պատգամավորի առաջարկն անընդունելի է, որովհետև ենթադրում է լրացուցիչ ծախսեր մեր քաղաքացիների համար, եթե մենք այդպիսի պարտադիր նորմ օրենքով սահմանենք: Քաղաքացիների վրա լրացուցիչ ծախս դնելուն մենք կողմ չենք: Համեցեք, հաջորդ փաստարկը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Նաև ուզում եմ ասել, որ սպասարկման որակի ցուցանիշները կանոնակարգվում են ոչ թե օրենքով, այլ իմ այս նշած երկու փաստաթղթերով, և եթե մենք որակի սպասարկման որոշ ցուցանիշներ առանձնացնենք, բերենք օրենքի մակարդակի, մնացածները թողնենք նույնը, կարծում եմ, ավելի կդժվարացնենք և որևէ լավ բանի չենք հասնի: Եվ ես գտնում եմ, որ այս հարցերը պետք է մնան այս երկու փաստաթղթերի կարգավորման դաշտում:

Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա պետք է ասեմ, որ էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում՝ 9-րդ գլխում, հստակ գրված է, որ մատակարարը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների, համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին:

Երկրորդը` մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը    հանրապետական սփռման երկու հեռուստաընկերությունների միջոցով երկու անգամ ժամը 18:00-ից 20:00 և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում հայտարարել նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը տեղադրելու օրը: Երրորդը` սպառողի դիմելու դեպքում տրամադրել վերջինիս նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը: Եվ նաև նախորդ ամսվա էլեկտրաէներգիայի ծախսի վճարման հաշիվը փոստով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելու սպառողի գրավոր պահանջի կամ այդ պարտավորությունը պայմանագրով սահմանված լինելու դեպքում   մատակարարը պարտավոր է կատարել  այդ պահանջը: Վճարման հաշիվը փոստով առաքելու պահանջի դեպքում այդ ծառայության վճարը վճարում է սպառողը, վճարման հաշվի ներկայացումը էլեկտրոնային փոստով կատարվում է անվճար: Եվ նաև պետք է ասեմ, որ այսօր նաև գործում է Հայաստանի էլեկտրացանցերի կայքը, որտեղ յուրաքանչյուր բաժանորդ մուտք գործելով և մուտքագրելով իր կոդը, կարողանում է անմիջապես ծանոթանալ իր ոչ միայն նախորդ ամսվա, այլև ամբողջ տարվա ծախսերին:

Ինչ վերաբերում է գազամատակարարման և օգտագործման կանոններին, ապա այստեղ պետք է, և դուք ճիշտ նշեցիք, որ կազմակերպությունների մասով այս հարցը լիովին  լուծված է,  այնպես ինչպես ես նշեցի, իսկ սպառողների մասով, մի փոքր թերացում կա, որը մեր այս տարվա աշխատանքային ծրագրում նախատեսված է և մինչև հոկտեմբերի  1-ը կլուծենք: Եվ ես կարծում եմ նույն ձևով կնույնականացնենք, ինչպես էլեկտրաէներգիայի մատակարարման օգտագործման կանոնները, ծանուցման այս ամրագրված ձևը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան-Իսկ ավելի շուտ հնարավոր չէ՞, ինչո՞ւ մինչև հոկտեմբերի 1-ը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան-Պարոն վարչապետ, մենք նաև Եվրամիության ԻՆՈԳԵՅԹ ծրագրով փորձագետներ ենք հրավիրել , արդեն աշխատում ենք և իրենցով է պայմանավորված այդ ժամկետները,  որովհետև նրանք նաև փորձում են այսօրվա մեր ունեցած իրավիճակը գնահատել նաև Արևմտյան Եվրոպայի զարգացած երկրների փորձի հետ համեմատելով:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան-Շատ լավ,  այդ դեպքում պարոն Մովսիսյան, ձեր եզրակացության վերջին մասը վերախմբագրեք, որ մենք փաստարկը ընդունում ենք և կառավարության դիրքորոշումն այն է , որ իրավական լուծումը ենթադրում է, որ մեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ խնդիրը կլուծի և  որ մինչև հոկտեմբեր ամիսն այս խնդիրը մեր քաղաքացիների համար լուծված կլինի:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան– Գազի մասով հստակ ամրագրված է այն նորմը, որ մատակարարը պարտավոր է մինչև տվյալ ամսվա 15-ը նույնպես բոլոր վճարահաշվարկային կետերում այդ գրավոր ծանուցումը ապահովել և ցանկացած պահի գրավոր պահանջի դեպքում տեղեկություն տրամադրել:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան-Պարոն Նազարյան, պետք է  խնդրեմ, որպեսզի դուք զանգվածային լրատվական միջոցներով այդ տեղեկատվությունը  դարձնեք հասանելի : Ես համոզված եմ, որ մեր քաղաքացիները կօգտվեն այդ հնարավորություններից էլեկտրոնային եղանակով ստանալու տեղեկատվություն իրենց հաշիվների մնացորդների մասին, ինչքան պետք է վճարեն : Մանավանդ, որ տարեցտարի կտրուկ աճում է ինտերնետից օգտվողների թիվը: Այժմ, եթե չեմ սխալվում, այդ թիվը մոտենում է կես միլիոնի: Իսկ դա նշանակում է, որ արդեն մեր ընտանիքիների ճնշող մեծամասնությունը հնարավորություն ունի էլեկտրոնային եղանակով այդ տեղեկատվությունը ստանալ: Ուղղակի պետք է իրենց տեղյակ պահել, որ այդ հնարավորությունն ընձեռված է:

Օրենքի նախագիծը և ՀՀ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31