Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկի եւ ԵՊՇՀ-ի վերամիավորմամբ կադրերի կրճատումներ կլինեն

Մարտ 19,2014 15:11

«Հայաստանի պետական ճարտարագիտական (Պոլիտեխնիկ) եւ Երեւանի պետական ճարտարապետության ու շինարարության (ԵՊՃՇՀ) համալսարանների վերամիավորման գործընթացում պետք է առավել լայն ընդգրկում ապահովել՝ այս ԲՈՒՀ-երի դասախոսական կազմի եւ ուսանողների: Սա հանձնարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքերով` վերամիավորումից հետո գնահատական կտրվի, թե ինչպիսի արդյունքներ կարող են լինել, ինչպիսի կառուցվածք եւ կադրային ինչպիսի փոփոխություններ կարող են լինել, որից հետո կառավարությունն իր վերջնական որոշումը կկայացնի՝ հաշվի առնելով նաեւ կոլեկտիվների կարծիքները:

Այս ԲՈՒՀ-երն առանձնացվել են 1988 թվականի երկրաշարժից հետո, եւ ինչպես պարոն Աշոտյանն ասաց, առանձնացվեցին Հայաստանում շինարարության ոլորտի կադրերի պատրաստմանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու, աղետի գոտու վերականգնման համար երիտասարդ կադրեր պատրաստելու համար.

«Կարծում եմ, որ այդ պահի համար ճիշտ որոշումն իր գործունեության ժամկետը սպառել է, առանձնացումն ամբողջովին ծառայել է իր նպատակին՝ պատրաստելով բազմաթիվ երիտասարդ կադրեր, որոնց զգալի մասն աշխատել է աղետի գոտում: Այսօր աշխարհում ընդհանուր առմամբ ԲՈՒՀ-երի խոշորացման տենդենց է գնում, փոքր ու միջին բուհերն այլեւս մրցունակ չեն լինում: Իհարկե, խնդիրը պետք է առավել պրակտիկ գործնական դաշտում հասկանալ՝ հաշվարկելով, թե ինչպիսի փոփոխություններ մենք կարող ենք ունենալ, դրական փոփոխություններ, ինչպիսի ռիսկեր կարող են լինել: Սա գործընթաց է, որն ընթանալու է բավականին պրակտիկ՝ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը գործընթացին»:

Վերամիավորման արդյունքում կադրային փոփոխություններ կլինեն, եւ ինչպես նախարարն ասաց, մեկ ԲՈՒՀ-ում չի կարող լինել երկու գլխավոր հաշվապահ, 8 պրոռեկտոր, վարչական այլ կրկնվող աշխատողներ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31