Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դեմ ենք»-ի երիտասարդները առայժմ չեն գնա վարչապետի հետ երկխոսության

Մարտ 19,2014 15:01

«Դեմ ենք» նախաձեռնության անդամները չեն պատրաստվում հանդիպել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Նախաձեռնությունը միշտ ասել է, որ պատրաստ է երկխոսության, պատրաստ է բարձրացնել խնդիրները նաեւ երկխոսության միջոցով: Բայց կարծում եմ, որ մինչեւ Սահմանադրական դատարանի որոշում կայացնելը, մինչեւ չարձանագրվի օրենքի հակասահմանադրականության փաստը, երկխոսությունը արդյունավետ չի լինի: Նախաձեռնությունը բաց է երկխոսության համար, բայց դա կլինի Սահմանադրական դատարանի որոշումից հետո»:

Մեր հարցին՝ ՍԴ որոշումից հետո անիմաստ չի՞ լինի վարչապետի հետ երկխոսության գնալը, ասաց. «ՍԴ-ի որոշումից հետո հարկ կլինի կենսաթոշակային համակարգի այլ ծրագիր մշակել, որը ընդունելի կլինի քաղաքացիների համար, եւ մեր երկխոսությունը ուշացած չի լինի: ՍԴ-ն կհստակեցնի այս օրենքի թերությունները, եւ կառավարությունը կսկսի շտկումներ մտցնել օրենքում, մենք էլ կաջակցենք, որ այդ շտկումները օրենքը ընդունելի դարձնի հասարակության համար»:

Դավիթ Խաժակյանի ընկալմամբ,  վարչապետի երկխոսության առաջարկը խոսում է այն մասին, որ վարչապետն էլ է ընդունել օրենքի բացթողումները, որոնք այս ընթացքում նախաձեռնության անդամները բարձրաձայնել են. «Իհարկե, նման ռեֆորմները հնարավոր չէ միանգամից գործադրել իդեալական տեսքով: Այդ իմաստով, նախաձեռնությունը պատրաստ է մատնանշել թերությունները եւ աջակցել օրենքը հնարավորինս շտկելու հարցում»:

Մեր հարցին, հնարավո՞ր է կուտակային կենսաթոշակային օրենքի այս տեսքով ներդրման հարցում քաղաքականություն է փոխվել` հաշվի առնելով վերջին ընթացքում մի քանի անգամ ՀՀ նախագահի` համակրանքի արտահայտումը օրենքի նկատմամբ եւ վարչապետի խոստովանությունը, թե «Ընդունում են, որ օրենքները, մանավանդ ամենաբարդ ռեֆորմին վերաբերողը, չի կարող լինել առանց թերությունների», ասաց, որ դեռ պետք է սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը. «Իսկ դատարանը պետք է առաջնորդվի իրավական դրույթներով եւ տա օրենքի իրավական գնահատականը: Իսկ օրենքը սոցիալական տեսանկյունից` բացթողումներով է, իսկ սա հասկանում են նաեւ կառավարության անդամները եւ հենց դրան է ուղղված վարչապետի հաղորդագրությունը…Նրա համոզմամբ, եթե ինքը տեսնում է այդ թերությունը, ուրեմն պատրաստ են քննարկել այդ փոփոխությունների շտկման հարցը: Վարչապետը պատրաստ է աշխատել այդ թերությունների վրա»:

Ակտիվիստի խոսքով, ակցիաները շարունակելու են, իսկ մարտի 22-ին նախատեսել են մեծ հավաք-երթ. «Այնքան ենք շարունակելու մեր ակցիաները, մինչեւ խնդրի լուծման տեսանկյունից մեզ բավարարված չզգանք»:

Հիշեցնենք, որ այս առնչությամբ այսօր նաեւ տարածվել է հայտարարություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Տղերք, խառն եք ինչ-որ … Ամբողջ հոգով ձեր շարժմանը կողմ լինելով հանդերձ, պետք է ասեմ, որ անցել եք ուլտիմատումների դաշտ: Եթե սպասում եք ՍԴ-ի որոշմանը, ապա ինքներդ տարատեսակ երթեր ու ակցիաներ չպետք է անեք, մինչև ՍԴ-ի որոշումը հայտնի չդառնա: Կարծում եմ, որ այս պահին ցանկացած հանդիպում նախարար, կամ ավելի բարձր պաշտոնատար անձի հետ օգտակար է: Ֆինանսների նախարարի պատվիրակների հետ չբանակցելը հիմնավորված էր, իսկ վարչապետի առաջարկը մերժելը՝ առնվազն չմտածված քայլ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31