Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գլոբ թու Գլոբ» փառատոնի տնօրեն. «Փառատոները բազմազանության մեջ են գեղեցիկ»

Մարտ 19,2014 14:45

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 19-22-ը կանցկացնի Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը: Այն այս անգամ նվիրվում է Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին: Այդ կապակցությամբ փառատոնին մասնակցում են Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները` Անգլիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից, Դանիայից: Փառատոնը կբացվի մարտի 19-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` Շեքսպիրի «Լիր արքա» հայ-վրացական համատեղ ներկայացման առաջնախաղով (բեմադրիչ՝ Հակոբ Ղազանչյան):

Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը փաստեց, որ փառատոնն ունի տասից ավելի տարվա պատմություն, շուրջ 60 թատերախումբ է այցելել Հայաստան: Նա ասաց, որ փառատոնը հարթակ է՝ նոր գաղափարներ կյանքի կոչելու համար:

Հայաստանյան Շեքսպիրյան փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ այս տարի ինքնատիպ ձեւ են ընտրել փառատոնն անցկացնելու համար, որոշել են ներկայացումները ցուցադրել Շեքսպիրյան փառատոների տնօրեններին, որպեսզի հայ բեմադրիչներին հնարավորություն տան կապեր ստեղծել, ու հայ թատրոնը դուրս հանել Հայաստանի սահմաններից. «Դրսից թատերախմբեր չկան, փառատոնի այս հատվածը կոչել ենք Շեքսպիրյան օրեր, մանավանդ այս տարի Շեքսպիրի ծննդյան 450-ամյակն է: Ի դեպ, հայ բոլոր մեծությունները՝ սկսած Սիրանույշից, վերջացրած Խորեն Աբրահամյանով, Հայ թատրոնի պատմության մեջ մնացել են իրենց շեքսպիրյան դերակատարումներով»: Ջոունա Սնիեժկոն, որը Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի համակարգողն է, ներկայացրեց իր գործընկերներին ու ասաց, որ իրենք բոլորն էլ Շեքսպիրյան երկրներից են:

Բաթի Շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Ֆիլիպ Պարրը (Անգլիա) նշեց. «Որպես միջազգային շեքսպիրյան ներկայացումների ստեղծողներ, երբ գալիս ենք նմանատիպ երկիր, ուզում ենք լավ ներկայացումներ տեսնել եւ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններ գտնել…Բոլորիս միավորում է Շեքսպիրի նկատմամբ ունեցած մեծ սերը, Շեքսպիրը որպես եվրոպացի որքանո՞վ է անդրադարձել յուրաքանչյուրիս երկրի հասարակության վրա: Մենք բոլոր մոտեցումներով հետաքրքրված ենք»:

Լոնդոնի «Գլոբուս» թատրոնի «Գլոբ թու Գլոբ» Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Թոմ Բըրդի խոսքով, «Բոլոր լավագույն փառատոները բազմազանության մեջ են գեղեցիկ»:

Փառատոների տնօրեններից մեկն էլ պատասխանելով հարցին, դասակա՞ն, թե՞ ժամանակակից մոտեցումներով ներկայացումներն են պահանջված, ժպտալով պատասխանեց. «Լավ ներկայացումները»:

«Շեքսպիրը՝ Համլետի ամրոցում» փառատոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր գործադիր տնօրեն Լարս Էնջելսը (Դանիա) պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ իրենց երկրներում կա՞ երիտասարդ հանդիսատեսի ճգնաժամ, նշեց. «Համլետ» ներկայացման մեջ փորձել են ժամանակակից մոտեցումներ դնել, նոր պիես ենք գրել, հերոսը պատմում է սեփական կյանքի պատմությունները, հանդիսատեսին հարց է տալիս՝ ի՞նչ կարող եմ ես անել, եթե ծնողներս ամուսնալուծվել են…Ամբողջությամբ ինտերակտիվ ներկայացում է, հանդիսատեսի հետ եմ խոսում, հրավիրում մասնակցելու: Ժամանակակից թատրոնը ինձ համար հանդիպման վայր է, որտեղ հայտնաբերում ենք՝ ովքեր ենք ինքներս: Էքսպերիմենտը դուր է եկել քննադատներին»:

Հավելենք, որ Հայաստանում են նաեւ Նոյսի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Ռայներ Վիերցը (Գերմանիա), Գյուլայի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Սանդոր Զոզեֆ Գեդեոնը (Հունգարիա), Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Էմիլ Բորողինան (Ռումինիա), Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի եւ «Մարին Սորեսկու» թատրոնի տնօրեն Միրչա Կորնիստեանուն, Կրայովայի Շեքսպիրյան փառատոնի համակարգող Յոլանդա Մանեսկուն, Բարսելոնայի Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Վելվեհի Էռնանդես Մոնսեռռատը (Իսպանիա), Օստրավայի ամառային Շեքսպիրյան փառատոնի տնօրեն Անդրեյ Հարմեցկոն (Չեխիա):

Հյուրերին զարմացրեց լուրը, որ Հայաստանում տարածված են շեքսպիրյան հերոսների անունները, մասնավորապես՝ Համլետն ու Օֆելյան:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31