Այսօր «Peoplemeter» ակումբում Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին՝ նշեց, որ ականատես ենք լինում նոր աշխարհակարգի ստեղծմանը, որը, ըստ էության, գալիս է փոխարինելու այն աշխարհակարգին, որը ստեղծվել էր երկրորդ աշխարհամարտից հետո: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ «Հայաստանը, որպես պետություն, պետք է կարողանա այս նոր աշխարհակարգում կողմնորոշվել, գտնել իր տեղն ու դերը, միաժամանակ հաշվի առնելով նոր ստեղծվող աշխարհակարգի առանձնահատկությունները, նշանակությունը: Սովորաբար մի աշխարհակարգից մյուսին անցնելը տեղի է ունենում պատերազմի, հակամարտության միջոցով, հիմա մնում է տեսնենք, թե ինչ կլինի առաջիկա մեկ տարվա ընթացքում»:
Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ նոր աշխարհակարգում Ռուսաստանի դերն ավելի մեծ կլինի, քան վերջին քսան տարիների ընթացքում է եղել: Ըստ նրա՝ «Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված աշխարհակարգի հիմնական կազմակերպությունը ՄԱԿ-ն էր, սակայն, այն ենթարկվեց հարվածների: Սակայն, գործող աշխարհակարգի ավարտի նշանները դեռեւս մի քանի տարի առաջ տեսանելի էին, այսինքն՝ այն ժամանակ, երբ արդեն ԱՄՆ-ն հաշվի չէր առնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումները»:
Ռուբեն Սաֆրաստյանը անդրադարձավ նաեւ Ղրիմի հանրաքվեին, եւ ըստ նրա՝ եթե արձանագրվում է ինքնորոշման դեպք, դա արդեն իսկ նշանակում է, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ընդունվում է այդ պահին. «Պետք է հաշվի առնել որոշ հանգամանքներ. նախ ամեն ինքնորոշման դեպք կարեւոր է ու հատուկ մեր ժողովրդի համար, բացի այդ, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ռուս-ուկրաինական հակամարտությունում ներգրավված են մի շարք հզոր երկրներ»,- ասաց նա, խորհուրդ տալով չհամեմատել Լեռնային Ղարաբաղի եւ Ղրիմի դեպքերը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթին, ապա ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ այն ներքին քաղաքական նշանակության ելույթ էր՝ ուղղված ռուս բնակչությանը:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ