«Կառավարությունը հետ քայլ չի անում, առաջ քայլ է անում»,-այսօր կառավարության նիստից հետո ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, արդյոք կառավարությունը հետ քայլ է անում, քանի որ այսօրվա նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ պատրաստ են «Դեմ եմ» շարժման հետ երկխոսելու, հնարավոր է այդ օրենքում թերություններ կան:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե կառավարությունն ինչ զիջումների է պատրաստ, պարոն նախարարն ասաց, որ ներկայումս որեւէ լրացուցիչ առաջարկություն կամ դիտարկում չի կարող ներկայացնել. «Ընդհանրապես մենք միշտ պատրաստ ենք եղել, եւ վարչապետի ասածն էլ հստակ էր այդ առումով, որ պետք է աշխատանքներ իրականացվեն հանուն, քանի որ այս դեպքում շատ հստակ է, որ եւ կառավարության եւ մեր իշխանության քայլերն ուղղված են երկրի ապագային եւ զարգացմանը: Եվ երիտասարդները, ովքեր նույն մտահոգություններն ունեն, ապա այս դեպքում չեն կարող տարընթերցումներ լինեն»:
Արտեմ Ասատրյանն ասաց, որ նախ հարց է առաջանում, թե ինչպիսի խնդիրներ կան, որոնք կարող են քննարկվել այդ երկխոսության ընթացքում, եւ որոնց լուծումները կարող են տրամադրվել: Հարցին` գիտե՞ն, թե ինչ խնդիրներ են, պարոն Ասատրյանն ասաց` «Տեղյակ չեմ, քննարկումները կլինեն, ըստ այդմ էլ կլինեն համապատասխան առաջարկություններ»:
Հարցին էլ՝ արդյոք շարժումը քաղաքականացնելու միտում չի՞ տեսնում նախարարը, քանի որ մարտի 22-ին «Դեմ եմ»-ի ակցիային մասնակցելու են ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները, պարոն Ասատրյանն ասաց. «Ես կուզեի բացառել շարժումը քաղաքականացնելու հնարավորությունը, քանի որ այդ առումով չեմ կարծում, որ դա կօգնի ընդհանուր մեր գործին եւ լուծվելիք խնդիրներին»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ