Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետի փոփոխությունից հետո ՀՀ-ն դրախտո՞ւմ կհայտնվի. Վարդան Բոստանջյանի մեկնաբանությունները

Մարտ 19,2014 14:01

«Իրատեսական եմ համարում երեքից հինգ տարի»,-այսօր «Փաստարկ» ակումբում պատասխանելով հարցին, թե երբ կզգանք Մաքսային միության անդամակցության դրական անդրադարձը, այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նա վստահեցրեց, որ Մաքսային միության անդամակցությունը ՀՀ տնտեսության վրա դրական ազդեցություն կունենա:

Ի հակադրություն պարոն Բոստանջյանի դիտարկումների՝ հիշեցրինք ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի այն դիտարկումները, թե «Մեր տնտեսությունն ամբողջապես ռուսաստանյան տնտեսությունից է կախված, և դա տնտեսապես լուրջ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա. կլինի ինֆլյացիա, գնաճ»: Այս առիթով պարոն Բոստանջյանը բորբոքվեց. «Հասկանում եմ, թե ով որտե՞ղ ու ինչո՞ւ է ծառայում: Նման ծառայություններից ելնելով՝ կոչված են որոշակի սուբյեկտներ կամ ֆիզիկական անձեր ավելի վառ գույներով նկարագրելու այն, ինչ որ չկա և հնարավոր է չլինի: Մյուս կողմից էլ գնաճը հո ամենակարևո՞րը չէ»: Այնուհետև Վարդան Բոստանջյանը շեշտեց ՀՀ անվտանգության հարցն ու ասաց. «Հանգամանքների բերումով տասնամյակներ շարունակ գտնվել ենք անվտանգության այն համակարգում, որ այսօր ենք, և երբ առաջացավ Եվրաասոցացման և Մաքսային միության անդամակցության հարցը, սա երկընտրանք չէր»: Պարոն Բոստանջյանը պնդեց, թե «Եվրոպան նստած շնչահեղձ» չի սպասում Հայաստանին ու մանրամասնեց. «ՀՀ-ում գոյություն ունեցած արտադրական կուլտուրայի պայմաններում մենք մեր արտադրածը կարող ենք իրացնել այնպիսի անհատակ շուկաներում, ինչպիսիք են Մաքսային միությունն ու Ռուսաստանը»:

Հարցին՝ Ռուսաստանի դեմ իրականացված պատժամիջոցները արդյոք բացասաբար չե՞ն անդրադառնա ՀՀ տնտեսության վրա, պարոն Բոստանջյանն այսպես արձագանքեց. «Հանգիստ ապրեք, պատժամիջոցներ չեն լինի, որ դեռ մի բան էլ ազդեն ՀՀ տնտեսության վրա»:
Անդրադառնալով Ղրիմի հարցում ՀՀ-ի դիրքորոշմանը՝ պարոն Բոստանջյանն ասաց. «Մենք, լինելով փոքր երկիր, չափազանց զգույշ պիտի լինենք այս հարցում: Ավելորդ շարժումներ պետք չեն, որ գերհզորների հարվածների տակ չհանգրվանենք»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե վարչապետը փոխվի, հնարավո՞ր է ՀՀ-ն հայտնվի դրախտում, պարոն Բոստանջյանն ասաց. «Միայն կառավարությամբ չէ պայմանավորված, իշխանությամբ է պայմանավորված, ու ելնելով քաղաքական ելևէջներից՝ կառավարության վրա ենք սուրը ուղղում: Բայց կառավարության մեղքի բաժինը դոմինանտ չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31