Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջին հերթին բարձրացվեց ցածր թոշակ ստացողների կենսաթոշակը

Մարտ 19,2014 13:45

Աղքատության կրճատման ցուցանիշները խոսուն են

    ՀՀ կառավարության՝ այսօր տեղի ունեցած նիստի ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարց է ուղղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, թե ս.թ. հունվարի 1-ից տեղի ունեցած կենսաթոշակների բարձրացումն ինչ ազդեցություն է գործում Հայաստանում աղքատության կրճատման վրա: «Գաղտնիք չէ, որ 550 հազար թոշակառուից 350 հազարն առնչվում է աղքատության հիմնախնդրին, – ասել է վարչապետը, – և մենք հունվարի 1-ից թոշակները բարձրացնելով 15 տոկոսով, այնպիսի վերաբաշխում կատարեցինք, որ առաջին հերթին կարողանանք բարձրացնել առավել ցածր թոշակ ստացողների թոշակները: Ի՞նչ ստացվեց արդյունքում, պարոն Ասատրյան»:   

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան – Պարոն վարչապետ, ինչպես գիտեք, 2014 թվականի բյուջեում ներառվեց 29 մլրդ դրամ միայն աշխատանքային կենսաթոշակների բարձրացման նպատակով: Մեր բոլոր վերլուծությունները հիմք հանդիսացան, որպեսզի Ազգային ժողով ներկայացնենք օրենսդրական նախաձեռնություն՝ կապված հաշվարկման կարգի հետ և հիմնական շեշտադրումը տեղափոխենք առավել աղքատ կենսաթոշակառուների թոշակների բարձրացմանը: Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը, ըստ մեր տեղեկատվական շտեմարանի տվյալների, մենք ունեինք 68 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ, 230 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին աղքատության ստորին գծից ցածր կենսաթոշակ և 330 հազար կենսաթոշակառու, ովքեր ստանում էին աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ: Ընդ որում ասեմ, որ այդ աղքատության գծերի փաստացի ցուցանիշները 2012 թվականի են՝ հաշվարկված ազգային վիճակագրական ծառայության կողմից, նաև հաշվի առնելով գնաճային կանխատեսումները:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Այսինքն՝ 300 հազար թոշակառու անցյալ տարի գտնվում էր աղքատության շեմից ցածր:

Արտեմ Ասատրյան – Այո: Բարձրացման արդյունքում շուրջ հինգ անգամ պակասեց ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ ստացողների թիվը: 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրանց թիվը կազմում է 12 հազար 800 կենսաթոշակառու՝ 68 հազարի փոխարեն: 230 հազար անձանցից, ովքեր ստանում էին աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, 2014 թ. հունվարի բարձրացման արդյունքում ունենք 138 հազար 300 անձ, ովքեր ստանում են աղքատության ստորին շեմից ցածր կենսաթոշակ, այսինքն շուրջ 40 տոկոսով նվազեց աղքատության ստորին շեմից ցածր ստացող կենսաթոշակառուների թիվը: Աղքատության վերին շեմից ցածր կենսաթոշակ ստացող 330 հազար անձանց փոխարեն բարձրացումից հետո ունենք 292 հազար անձ: Այսպիսով, թիրախավորված բարձրացումը էապես նվազեցրեց կենսաթոշակառուների աղքատության մակարդակը: Նաև հաջորդ տարվա բարձրացումը մենք նախատեսում ենք թիրախավորել նույն շրջանակում, քանի որ կենսաթոշակային համակարգը և ընդհանրապես կենսաթոշակային միջոցները, ճիշտ է, անմիջականորեն չեն դիտարկում աղքատությունը, բայց կենսաթոշակառուներն ամենաշատն են ենթակա աղքատության ռիսկին: Մենք ունենք նաև ազգային վիճակագրական ծառայության արդյունքները, թե կենսաթոշակների բարձրացումը ինչ ազդեցություն է թողնում աղքատության կրճատման վրա: Այդ առումով, կարծում եմ, այս քաղաքականությունը շարունակելու ենք:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Պետք է խնդրեմ Ձեզ, որպեսզի ԶԼՄ-ներին ամբողջական տեղեկություն տրամադրեք թոշակառուների շրջանում աղքատության ցուցանիշների հետ կապված, ինչպես նաև դինամիկան ներկայացնեք, ասենք վերջին 5-6 տարիների ընթացքում ինչ փոփոխություն է տեղի ունեցել: Հասկանալի է, որ այն դեռևս շոշափելի չէ, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի աննախադեպ ցուրտ ձմեռ էր, և մեր քաղաքացիները ստիպված եղան ավելի շատ էլեկտրաէներգիա և գազ ծախսել, քան նախորդ տարի, և հիմնականում այս թոշակի բարձրացումը ուղղվելու է այդ վճարներին, բայց, այնուամենայնիվ, շոշափելի փոփոխություններ կան, և այս ռազմավարությունը մենք պետք է շարունակենք՝ դիտարկելով այն որպես  աղքատության կրճատման արդյունավետ գործիք»:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31