Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. «Էդ ե՞րբ մի լավ բան արեցիք, որ իշխանությունը դեմ եղավ». «Հայոց աշխարհ»

Մարտ 19,2014 12:38

Հատված Հանրապետական խորհրդարանական խմբակցության անդամ, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ հարցազրույցից:

   -Ասում են՝ «Բարգավաճ Հայաստան»-«Ժառանգություն» հանդիպումից հետո իշխանությունը խուճապի մեջ է. գլուխը կորցրել է ոչ իշխանական ուժերի համախմբման հեռանկարից։ Ընդդիմություն-այլընտրանք համագործակցությունն իրո՞ք վտանգում է իշխող կուսակցության քաղաքական «անդորրը»։ 

-Այսպես ասեմ՝ ընդդիմությունը եւ այլընտրանքը հերթական անգամ կարծես թե գերագնահատում են իրենց հնարավորությունները՝ սեփական ուժերին ոչ համարժեք ծանրություն են պատվիրել, եւ իրենք իրենց սիրտ են տալիս, թե՝ վախեցած ենք, սարսափած ենք եւ ամեն ինչ անում ենք՝ խոչընդոտելու ոչ իշխանական ուժերի համագործակցությունը։

Բայց ումի՞ց պիտի վախենանք. չեմ կարծում, թե այնքան այլանդակ տեսք ունեն, որ սարսափենք, եւ նույնիսկ եթե այդպիսի տեսք ունենային, էլի սարսափելու բան չէինք ունենա։ Այ, եթե ներկայանային Գորգոնա Մեդուզայի կերպարով, այդ ժամանակ ոչ միայն մենք՝ գուցե ամբողջ աշխարհը սարսափեր նրանց տեսքից։

Իսկ եթե ավելի լուրջ, երբեմն տպավորություն է ստեղծվում, թե խորհրդարանական 4 ուժերը պարզապես կանխավ ապահովագրում են իրենք իրենց, որպեսզի «համախմբման գործընթացը» տապալելու դեպքում կարողանան արդարանալ, թե՝ իշխանությունն ամեն ինչ արեց, որ չհամախմբվենք։ Այդ ամենը արդեն ծիծաղելի է դառնում. մեկ ասում են՝ իշխանությունը ցայտնոտի մեջ է, մեկ ասում են՝ ցուգցվանգի վիճակում է… Հիմա էլ ընկած՝ բառարաններն են քրքրում, որ նոր բառեր գտնեն իշխանության «անելանելի վիճակը» արտահայտելու համար։

Հարցնող լինի՝ էդ ե՞րբ մի լավ բան արեցիք, որ իշխանությունը դեմ եղավ։ Կամ՝ մինչեւ հիմա ի՞նչ եք արել՝ բացի աղմկելուց, մեր արածը տեղի-անտեղի վատաբանելուց. լուծումներ առաջարկե՞լ եք, ցույց տվե՞լ եք մեր առաջարկած լուծումների թույլ տեղերը։

Եվ, ի վերջո, ամեն ինչ իր ժամանակն ունի՝ ժամանակը կգա, կներկայացնեք ձեր ծրագրերը, մոտեցումները, եւ եթե ընտրողները ձեզ հավատացին, վստահության քվե տվեցին, եկեք՝ մեզանից լավ արեք. ո՞վ է ձեռքներդ բռնել, առավել եւս, որ բերաններդ էլ որեւէ մեկը չի փակում։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31