Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միայն բնակչի ցանկությունն իրավական հիմք չի կարող լինել

Մարտ 19,2014 14:25

Երեւանի քաղաքապետարանը Շինարարների փողոցի 15 վթարային շենքում դեռեւս գտնվող բնակիչներին բնակարաններից վտարելու հայցով պահանջ է ներկայացրել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Օրեր առաջ շենքի բնակիչ Արման Խաչատուրյանի եւ նրա կնոջ՝ Գոհար Հովհաննիսյանի դեմ նախնական դատական նիստն էր:

Արմանն ընտանիքի հետ այդ շենքում բնակվում է 1994 թվականից: Ունի երեք անչափահաս երեխա, հաշմանդամ հայր:

Նա դատարան ներկայացրեց հոր հաշմանդամության վերաբերյալ բոլոր տեղեկանքները: Նաեւ նշեց, որ հայրն առանց օգնության ոչինչ անել չի կարողանում եւ ծայրահեղ խնամքի կարիք ունի. «2010 թվականից հորս մոտ հայտնաբերվել է ինֆեկցիոն հիվանդություն, որի պատճառով այդ նույն վթարային շենքում իր համար մի առանձին սենյակ ենք վերցրել, որպեսզի հանկարծ երեխաներից ոչ ոք չվարակվի»:

Արմանը սա հատուկ նշեց, քանի որ դատարանում հարց բարձրացվեց, թե ի՞նչ հիմքերով է նա ցանկանում, որ քաղաքապետարանն իրեն նվիրի ոչ թե երկուսենյականոց, այլ՝ երկու առանձին մեկսենյականոց բնակարաններ:

Այդ լսելով՝ հայցվոր կողմի ներկայացուցիչն ասաց. «Բայց մինչեւ հիմա բնակվել եք այդ բնակարանում ձեր հոր հետ, որ հիվանդ է եղել, չէ՞: Ինչպե՞ս է եղել, որ այդ ժամանակահատվածում ոչինչ չի պատահել»:

Արմանը պատասխանեց, որ մինչ այդ էլ իրենք իրենց հարեւաններից մի փոքրիկ տարածք են վերցրել եւ հայրն ապրում է այդտեղ՝ առանձին են: Արմանի ծնողներն ամուսնալուծված են եւ, ըստ նրա, դա նույնպես կարող է իրավական հիմք լինել, որպեսզի իրենց տրամադրեն առանձին բնակարաններ եւ ինչպես նա ասաց նիստի ժամանակ. «Այդպիսի օրինակներ էլ կան, որ ամուսնալուծված են եւ ստացել են առանձին բնակարաններ»:

Դատական նիստին ներկա էր քաղաքապետարանի ներկայացուցիչը՝ քաղաքապետարանի իրավաբանական վարչության աշխատակից Հրանուշ Ներսիսյանը:
Հրանուշ Ներսիսյանը ներկայացրեց քաղաքապետարանի հայցի հիմքերը, նշեց, որ օրենքը չի թույլատրում բնակչին տրամադրել երկու առանձին մեկսենյականոց բնակարաններ, ովքեր հաշվառված են մեկ բնակարանում, իսկ միայն բնակչի ցանկությունն իրավական հիմք չի կարող լինել: Այդ հայտարարությանը հակառակ՝ պատասխանող կողմ Արման Խաչատուրյանն ասաց, որ եղել են բնակիչներ, ովքեր հաշվառված են եղել մեկ բնակարանում, սակայն ստացել են առանձին բնակարաններ եւ իր ցանկացածն էլ օրենքին հակառակ չէ:

Նախագահող դատավոր Անի Մխիթարյանը դիմեց Արմանին. «Եթե ցանկանում եք, որպեսզի քաղաքապետարանը ձեր ընտանիքին տրամադրի առանձին բնակարաններ, ապա պետք է ներկայացնեք ոչ միայն այն, որ ցանկանում եք, այլ նաեւ պետք է ունենաք իրավական հիմքեր»: Արմանը չէր կարողացել օգտվել իրավաբանական ծառայությունից, քանի որ ֆինանսապես ապահոված չէ, իսկ իրավաբանին վարձատրել է պետք: Այդուամենայնիվ, դատավոր Անի Մխիթարյանը հորդորեց գնալ հաշտության:

Թեքվելով դեպի քաղաքապետարանի ներկայացուցիչը՝ դատավորն ասաց. «Քաղաքապետարանում բարձրացրեք այդ հարցը, որ բնակիչն ուզում է երկու առանձին՝ մեկսենյականոց բնակարաններ»:

Հայցվոր կողմի ներկայացուցիչն ասաց. «Կփորձեմ եւս մեկ անգամ քաղաքապետարանում ճշտել՝ հնարավո՞ր է, արդյոք, բնակչին տրամադրել երկու առանձին մեկսենյականոց բնակարաններ, թե ոչ»:

Խնդիրն այն է, որ Երեւանի քաղաքապետարանն Արմանի ընտանիքին նվիրում է երկուսենյականոց բնակարան՝ իրենց վթարային շենքի երկուսենյականոցի դիմաց, իսկ Արմանը պնդում է, որ նա ունի իրավունք խնդրելու երկու առանձին մեկսենյականոց բնակարաններ, ինչն էլ դարձել է իրենց անհաշտության պատճառը եւ հետեւանքն առ այն, որ Արմանը դեռեւս չի ազատում Շինարարների 15 փողոցի վթարային շենքի իր բնակարանը եւ չի տեղափոխվում քաղաքապետարանի կողմից իրեն նվիրած երկուսենյականոց բնակարանում ապրելու: Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվեց մարտի 27-ին:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31