Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օպերային թատրոնը նոր գլխավոր խմբավար ունի

Մարտ 19,2014 13:50

Աշխարհի առաջատար օպերային թատրոններում, բացի օպերային ու բալետային ներկայացումներից, ընդունված են ստեղծագործական խմբերի (նվագախումբ, երգչախումբ, բալետային խումբ) եւ մենակատարների համերգային ելույթները: Նման միջոցառումները նպատակ ունեն երաժշտասեր հանրությանը ներկայացնել մեծանուն կոմպոզիտորների, բացի խաղացանկում եղած երկերից, նաեւ համաշխարհային երաժշտական գրականության այլ ընտիր նմուշներ եւս: Հասկանալի պատճառով, որեւէ թատրոնի խաղացանկում չեն կարող ընդգրկված լինել, ասենք, Վերդիի բոլոր 26 օպերաները: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որի խաղացանկում են «Աիդան», «Տրավիատան» եւ «Տրուբադուրը», օրինակ, 2011 եւ 2013 թվականներին ստեղծագործական խմբերի ու մենակատարների մասնակցությամբ հանդես է եկել «Վերդիանա» եւ Viva Verdi ծրագրերով: Երեկ Ազգային օպերային թատրոնում երեկո էր՝ դարձյալ «Վերդիանա» խորագրով, թատրոնի նվագախմբի, երգչախմբի եւ մենակատարների (Աննա Մնացականյան, Ինգա Կարապետյանց, Հայկ Տիգրանյան, Ալեքսեյ Ավետիսյան, Գեորգի Առաքելով) մատուցմամբ, դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Համերգը հաջողված էր, որի ապացույցը յուրաքանչյուր համարից հետո հանդիսատեսի բրավոներն էին:

«Առավոտը» զրույցի հրավիրեց օպերային թատրոնի նորանշանակ գլխավոր խմբավար Ռադիկ Մելիքյանին, որի խոսքերով՝ «համերգն ինձ համար այս պաշտոնում առաջինն էր եւ կարծես հաշվետվություն լիներ: Երգչախմբի մասին խոսելիս, կուզեի առանձնացնել խմբավարներ Զոյա Կարապետյանի եւ Հրաչ Բորյանի աշխատանքը»: Ի պատասխան մեր հետաքրքրությանը՝ գլխավոր խմբավարը սեղմ ներկայացրեց իր անցած ստեղծագործական ուղին: Նա 1990-ականների սկզբից ֆիլհարմոնիկ նվագախմբի երգչախմբի խմբավար էր, աշխատել է Հարություն Թոփիկյանի եւ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած կամերային երգչախմբերի հետ, հյուրախաղերով հանդես եկել Իտալիայում, Անգլիայում, Նորվեգիայում եւ այլն: 2004թ. հիմնել է «Սանկտուս» վոկալ անսամբլը, որը 2005թ. Գերմանիայում կայացած երգչախմբային արվեստի համաշխարհային մրցույթում «Անսամբլային արվեստ» անվանակարգում արժանացել է երկրորդ մրցանակի, ընդ որում՝ առաջին մրցանակ չի շնորհվել: «Սանկտուսի» հետ, եվրոպական երկրներից բացի, խմբավարը հայ երգչախմբային արվեստը ներկայացրել է նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում: 2010-ից Ռադիկ Մելիքյանը հանդիսացել է ՀՀ զինված ուժերի երգի եւ պարի անսամբլի երգչախմբի ղեկավար, մինչ այդ 4 տարի ղեկավարել է Նոր Ջուղայի (Իսպահան) Սուրբ Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը: Նոր պաշտոն ստանձնելու առիթով մեր զրուցակիցն ասաց, թե տեղեկացել է գլխավոր խմբավարի թափուր պաշտոնի մասին եւ ցանկություն հայտնել աշխատել հարուստ կենսագրություն ունեցող երգչախմբի հետ: Ընդ որում, 80 տարին բոլորած երգչախմբի հետ հիմնադրման օրվանից աշխատել է Ռոստովից հրավիրված խմբավար Նիկոլսկին, հետագայում այդ պաշտոնը վարել է Երեւանի կոնսերվատորիայի՝ նրա դասարանում սովորած Կարո Կարապետյանը, այնուհետեւ՝ Ռուբեն Այվազյանը եւ այլն: Ժամանակին երգչախմբի խորհրդատուներն էին Թաթուլ Ալթունյանը եւ Գրիգոր Սանդալջյանը: 1994-2013թթ. երգչախումբը ղեկավարել է Կարեն Սարգսյանը:
Ռեպլիկին՝ հավանաբար նախկինում մշտապես չի շփվել օպերային գրականության հետ, Ռադիկ Մելիքյանը հակադարձեց. «Տարբեր երգչախմբերի հետ աշխատանքի ընթացքում, անկասկած, ղեկավարել եմ օպերային գրականության գործեր»: Նկատեց, թե օպերային թատրոնի երգչախումբը ինչ-ինչ պատճառներով քիչ է անդրադարձել ակապելլա կատարումներին, փաստելով կայացած համերգում հնչած «Ռեքվիեմից» հատվածը եւ «Ավե Մարիան», որոնք ընդգծված ջերմ ընդունեց հանդիսատեսը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վերդին գրել է ոչ թե 40, այլ ընդհամենը 26 օպերա:

    Հարգանքով՝
    Հ. Պապյան

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31