Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ծանակիր զքեզ, նմանապես մի հոխորտա

Մարտ 19,2014 10:40

Ծայրահեղությունների ժողովուրդ ենք. մի մասն իրեն ծանակելով, ինքնաձաղկանքով է զբաղված, մյուս հատվածը՝ ինքնամեծարանքով, մինչդեռ մեկնիմեկ երկուսն էլ մերժելի են, քանզի չեն նպաստում ապաքինմանը: Ամենևի՛ն:

«Հայաստանում մայդան կլինի՞»: Ով չի ծուլանում, հարցը տալիս և կամ՝ պատասխանողի դերում է: Մի տեսակ նախանձ կա ուկրաինական եղելությունների նկատմամբ /մանավանդ սկզբում/ և բարդույթ, որ Հայաստանում նույնի կրկնություն հնարավոր չէ, որովհետև հայերս ուրիշ ենք՝ վախկոտ, հլու, մեր էության, արյան մեջ տերերի դեմ ընդվզելու մղում չկա… Եվ ասում են՝ լուրջ-լուրջ, հիմնավորում են մտավոր մակարդակով միջինից բարձր անձինք:

Հարգելիներս, ինչ արագ, որքա՜ն հեշտ եք մոռանում անցյալը, որից հազիվ երկուսուկես տասնամյակ է անցել: Մտաբերեք 1988-1994 թվականները, եթե ավելի երիտասարդ եք, պատմել տվեք Ձեր ծնողներին, թող չհուլանան և Դուք մի զլացեք թերթել պատմությունը: «Թուրքի դեմ, հա՛, գուցե ելնեն, գուցե միավորվեն»,-այդպիսիք քամահրանքով կնետեն: Իբր, ոսոխի դեմ ելնելը քիչ է, թեև երեսուն տարի առաջ դա էլ չէին խոստովանի, կպնդեին, թե պարանոցներս կամովին դանակի տակ դնող, մորթվող ժողովուրդ ենք: Իսկ ճշմարտությունն այն է, որ հայությունն ութսունութին միայն ազերիների դեմ չէր ելել և մեկ ճակատով չէր գոտեմարտում, այլ մի քանի: Մոռացե՞լ եք, որ Բաքվին զորավիգ էր Կենտրոնը, ու մենք նաև Մոսկվայի, ամբողջատիրական համակարգի դեմ էինք բռունցքվել, միակուսակցական համակարգի, որը 1921-ին Թուրքիայի դրդմամբ և իր իսկ շահերից ելնելով՝ հայոց Սյունյաց աշխարհի Արցախ գավառը բռնի կցել էր հորինովի ազգի հորինովի հանրապետությանը: Եղեռն տեսած, բզկտված ժողովուրդը բոլշևիկյան ուժի դեմ ընդվզեց Սյունիքում, Արարատյան հանրապետությունում, կոլեկտիվացման տարիներին, 1965-ին, միակամ ոտքի ելավ նաև 1988-ին, որպեսզի շտկի պատմության սխալը, քանզի նրա հավաքական գիտակցության մեջ պարտությունը ժամանակավոր էր: Ելավ արդարության համար: Եվ ոչ միայն: Ելավ տեղական կառավարողների, կուսակցական իշխանիկների դեմ, ովքեր վախվորած պատսպարվել էին Բաղրամյանի վրա գտնվող Ձմեռային երկշենքյան պալատում՝ ականջալուր չլինելով բազմաց ձայնին: Դա հիրավի համազգային ընդվզում էր՝ երկարատև, ուժերի գերլարում պահանջող: Մտաբերեք ամենօրյա հանրահավաքները, քայլերթերը, նստացույցերը, գործադուլներն ու հացադուլները, ողջ հանրապետությունով հիմնված և գործող ենթակոմիտեները, կամավորական ջոկատները, զինամթերքի հափշտակումները… Սանտիմետր առ սանտիմետր, քայլ առ քայլ տապին, ցրտին, անձրևին առաջանում էինք՝ պարտադրելով նստաշրջան, պարտադրելով ժողովրդի պահանջների ունկնդրում, գոհացում:

Թե՞ կարծում եք հեշտ էր Մայիս քսանութին թատերական հրապարակում եռագույն պարզելը, մինչ այդ՝ մարտի ութին կանանց տոնը սգերթի վերածելն ու Ծիծեռնակաբերդ այցելը՝ ի հիշատակ Սումգայիթում, զոհվածների, լլկվածների, միութենական նշանակության ձեռնարկություններում գործադուլ կազմակերպելը, Նաիրիտ ու ատոմակայան կանգնեցնելը, այն դեպքում, երբ զրահամեքենաներով, զորքով էր լցված հանրապետությունը, բազմության գլխավերևում ռազմական ուղղաթիռներ էին:

Ահասարսուռ երկրաշարժն անգամ չբեկեց հայությանն իր սրբազան նպատակից, նա կռվեց հանուն հեծծող Արցախի մինչևիսկ ձեռքերը կապոտած՝ չերկյուղելով սահմռկած Կենտրոնի կարգադրությամբ ուսընդուս կանգնած խորհրդային ու ազերի զինուժից, չընկճեց նրան շրջափակումը:

Չթվա, տպավորություն չստեղծվի, թե մեծամտում եմ, թեև կկամենայի այդ հատկությունից գեթ մի փոքր ունենալ: Ես իսկությունն եմ վկայաբերում, ընդսմին՝ թռուցիկ: Մե՛նք, այո, մե՛նք խթան դարձանք, որպեսզի Եվրասիա մայրցամաքի վերջին կայսրությունը փլուզվի, մեր հասցեին երախտագիտության, հիացքի խոսքեր էին Ժողտան բակում բարձրաձայնում վրացին, լատիշը, լեհը, գերմանացին, էլի այլոք:

Եվ մեր հավաքատեղիի անունը մայդան չէր, այլ Ազատության, Անկախության հրապարակ: Սովետից դուրս գալն էլ սահմանադրական ճանապարհով էր, ու հարյուր տարի էլ անցնի, Պուտինի նմաններն օրենքի տառից կառչելու տեղ չեն ունենա, եթե մերոնք կամազուրկ քայլ չանեն: Համոզեցի՞, որ մերն ավելի հզոր Շարժում էր՝ խրոխտ, հաղթաբեր:

Թե ինչ կլինի Ուկրաինայում, իմ իմանալու բանը չէ, պայծառատես էլ չեմ, բայց փաստ է, որ մենք մեր տևական, մաշող պայքարից դուրս եկանք առանց տարածքային կորստի, առանց քաղաքացիական պատերազմի, իսկ զոհերը պարտադրված էին, և այսօր խոսել վախկոտությունից, նշանակում է չհարգել հայրենիքին արյուն, կյանք ընծայածների հիշատակը, ասել, թե մեզ Արցախ պետք չէր, նշանակում չունենալ ծնողական զգացում:

Կասեք՝ մենք չկարողացանք հաղթանակն ամրագրել, երկիրը սխալ հունով տարան ապիկար առաջնորդները, մինչդեռ ուրիշները… Ուրիշներն ի՞նչ: Ադրբեջանը կորցրե՞ց Արցախը, Վրաստանը վերջնարդյունքում զրկվե՞ց Հարավային Օսիայից ու Աբխազիայից, Չեչնիան ինչի՞ հասավ անդուլ կռիվներից ու բազում զոհերից հետո: Դա՝ երեկ: Նույնն այսօր կրկնվում է Ուկրաինայում: Արևելյան Եվրոպան, Բալթյան երկրներն օրինակ չբերեք, թեև մեզնից անդի էլ Մերձդնեստր, Կոսովո, Չերնոգորիա երկրամասեր կան, կա տարանջատ Կիպրոս: Դեռ հարց է՝ մեծ հարց, նրանք մեզ պես, մեր չափ կդիմանայի՞ն՝ գտնվելով մեր տարածաշրջանում, որ է քավարան, եթե ոչ ավելին:

Կուզե՞ք օրինակ բերեմ. միջնադարում քանի՞ խաչակրաց արշավանք եղավ Սուրբ երկիր: Ամենազոր Հռոմի պապի օրհնությամբ արքաներ էին առաջնորդում զինավարժ բանակների զորաշարժերը, վարում ճակատամարտերը, Երուսաղեմում, թագավորություն հիմնեցին, Անտիոքում՝ դքսություն: Դիմացա՞ն դժխեմ միջավայրին, երկա՞ր դիմակայեցին մոլեռանդ մահմեդականների անընդմեջ ճնշմանը: Մինչդեռ Կիլիկիո հայոց պետականությունն առավել ջլուտ դուրս եկավ՝ ոչ միայն ընդդիմանալով հուժկու հորձանքով հաջորդաբար վրա տվող Իկոնիայի, Դամասկոսի սուլթաններին, Հալեպի ամիրաներին, մամլուքներին ու մոնղոլներին, այլև հաճախ հենց նույն խաչակիրներին, դավանակից Բյուզանդիային:

Շատերիցդ լավ գիտեմ՝ որտեղ սխալվեցինք: Եթե, եթե… Հայտնի ճշմարտություն է՝ պատմությունը եթեներ չի հանդուրժում: Եթե այդքան գիտեիր, խելամիտ, հեռուն տեսնող էիր,-ինքս ինձ նման պահերի սաստում եմ,-դու ստանձնեիր առաջնորդի դերը՝ դառնալով նավավար, ցանկալի հանգրվան հասցնեիր հայոց երերուն Նավը: Վստա՞հ ես, որ փոթորկալի, որոգայթաշատ ծովում առաջին իսկ խութին բախվելով՝ չէիր փշրի նրա փուխր կողերը:

Օրերս մի հաղորդման էի հետևում: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը թափանցիկ ակնարկում էր, որ մեր գենում որձություն չկա, ինչի ապացույցը, իբր, պատմությունն է: Եթե ժողովրդի, ազգերի առումով կիրառելի է «արու», «էգ» եզրույթները, այլ կարծիքի եմ: Էգ, այն է՝ թույլ, զիջող, հաշտվողական ամենևին չենք՝ ոչ անհատապես, ոչ խմբովի, ոչ ազգովի: Երկուսի մեջտեղում՝ թերևս, այն էլ, եթե ուժի ապացույցը բիրտը, դժխեմը, դաժանը չեն, և խաղաղի, հղկվածի ներքո չենք հասկանում երկչոտը, անարին: Մենք երկսեռ ուժակիր ենք՝ ոչ բառի ներկայիս ըմբռնմամբ: Բնության մեջ կան, չէ՞, բույսեր, կենդանիներ, որոնք ինքնափոշոտվող են, ինքնաբեղմնավորվող: Մեր ժառանգական կոդում առկա է երկբևեռայնությունը՝ և՛ քաջարի ենք, և՛ համարձակ, և՛ շուտ խանդավառվել գիտենք և թե ընդունակ, ընկալունակ ենք նորի՝ միաժամանակ լինելով ներողամիտ, անհիշաչար, խաղաղաբարո, դյուրահավատ, ինչը ոչ թե պարզամտությամբ, աշխարհի անցուդարձից անտեղյակությամբ է պայմանավորված, այլ ժառանգաբար փոխանցված արիական ազնիվ արյամբ, որը որքան էլ խառնակել են, մնացել, ճողփում է զգալի հատվածի երակներում: Կարող եմ մեր խառնվածքը որակող բազում մակդիրներ բերել /ինչ՝ ինչ, հայերենը նման ճոխություն լիուլի թույլ տալիս է/, սակայն գոհանամ ասվածով, մանավանդ Ադիբեկյանի տեսակետը լավագույնս ժխտում է հենց նույն պատմությունը:

Դառնամ մեր իրականություն: Աշխարհում գնալով ահագնանում են մեծածավալ տարուբերումները, ստորջրյա հզոր շարժեր են առկա: Ցավալի է, որ երկփեղկված հայությունը գիտակցելով դա, արհավիրքներին դիմակայելու համար առայժմ ի զորու չէ մեկտեղել ուժերը, քանզի անօրեն փոքրամասնությունն օգտվելով դրանից՝ իշխում է մեծամասնությանը՝ մսխելով բնական ու մարդկային կարողությունները, տրվելով ամեն բան սեփականելու մոլուցքին, իսկ հանրույթը, գիտակցելով մահացու վտանգները, չի ելնում իր իսկ արյունակցի դեմ գոտեմարտի, թեև սմքում է արտագաղթից, մտածող հատվածը՝ անզորության գիտակցումից:

Ժողովրդի վրա մի բարդեք մեղքը, մի մեղադրեք նրան, ով կքել է հոգսերից, չգիտի ում ետքից գնա, մանավանդ այնքա՜ն բազմացել են փրկարար անխոց ծրագիր հրամցնողները, համոզված անսխալականները, ճամարտակողները, հոխորտացողները, այլոց աղունն աղացողները, պիտակավորողներն ու հողմաղացներին ձեռնոց նետողները…

Նույն հեռուստահաղորդմանը մասնակցում էր նաև, ըստ իս, պատվելի մի անձ՝ Սարգիս Հացպանյանը, ով ընդդիմանալով սոցիոլոգին, վկայում էր, որ բավական է դժգոհ զանգվածը հավատա դիմադիր քաղաքական ուժերի անկեղծությանը, մեկ օրում կազատվի ապաշնորհ կառավարողներից, թերևս՝ առանց արյուն հեղելու, նոր պատերազմով իրեն վտանգելու, ռուսական զինուժին միջամտելու հնարավորություն ընձեռելու, Եվրոպայի ու ԱՄՆ-ի աջակցության: Եվ հաջորդ իսկ օրը կսկսվի ներգաղթը, դեգերող զավակաց դարձը ծնողաց մեծ Տուն, քանզի Երկիր մոլորակի վրա մեր կեցավայրն այստեղ է, շիրիմներ կան, հիշատակներ: Առայժմ այստեղ է, մի մասն այստեղ է:

Իսկ մայդան օտարանուն բառի կիրարկումից հեռու մնանք, նրանից լավ հոտ չի գալիս և գիտակցենք, որ մեկ սերնդի կյանքի օրոք բոլոր խնդիրները լուծված տեսնելուն մտասևեռվելն անխուսափելի ձախողանքի կտանի:

Քիչ էր մնում մոռանայի՝ որպեսզի հնարավոր ընդդիմախոսիս կանխեմ, «գործակալ, իշխանության ու օտարի դրածո» չորակվեմ, վերոգրյալին հավելեմ՝ դեմ եմ երկրիս կամավոր մուտքին Մաքսային Միություն, դեմ եմ ռուսական ռազմաբազայի առկայությանը հայրենիքումս, չեմ ներում բազում ձախող քայլերով հայոց պետականությունը խարխլող և կոմունիստականից չտարբերվող հանրապետականին, պաշտում եմ հայերենը, չընդունելով ոչինչ արքունական՝ համակիրն եմ անկախացող բասկերի «Բարսելոնի» և ֆուտբոլն արվեստի հասցնող Մեսսիի:

Անվհատ լերուք, հայուհիք և հայորդիք, առողջ և հավատավոր, շեփորի կանչը Ձեզ կհրավիրի Ազատության հրապարակ:

 

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 արձակագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Akhpar says:

    անկախացող բասկերի և «Բարսելոնի» միջեւ ոչ մի կապ չկա: սովորեք աշխարհագրություն կամ խմբագիր պահեք:

  2. Վահան Ասրապեան says:

    Ոգեշունչ և պարտաւորեցնող` Մտաւորականի խօսք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31