Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչումը չպետք է կապել Ղրիմի հանրաքվեի հետ

Մարտ 19,2014 14:58

Բրիտանա-ամերիկյան տանդեմն, ըստ Արման Մելիքյանի, փորձում է
կանխել Ռուսաստան-Գերմանիա-Ֆրանսիա աշխարհաքաղաքական նոր առանցքի ձեւավորումը

– Հայաստանում տեսակետներ հնչեցին, որ մինչ Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը ՀՀ-ն պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը: ՌԴ-ն արդեն ճանաչեց Ղրիմի անկախությունը: Կարծում եք՝ սա այն պա՞հն է, որ ճիշտ կլինի, որպեսզի ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը:

– Ռուսաստանի կողմից Ղրիմի անկախության ճանաչումը որոշ հավելյալ նրբություններ է պարունակում՝ Ղրիմի անկախության հարցը հանրաքվեի հարց չի եղել: Հանրաքվեով Ղրիմի բնակչությունն իր ձայնը տվել է հօգուտ շարքային դաշնային վարչատարածքային միավորի կարգավիճակով Ռուսաստանի կազմի մեջ մտնելու, ինչն անկախության հետ որեւէ կապ ունենալ չի կարող: Ղրիմի անկախության հռչակումը տեղի խորհրդարանի կողմից եւ ՌԴ նախագահի կողմից այդ անկախության հապճեպ ճանաչումը նպատակ ուներ ապահովելու թերակղզու՝ Ուկրաինայից անկախ կարգավիճակը մինչ դրա՝ պաշտոնապես ՌԴ կազմի մեջ մտնելը, իսկ այդ մուտքի ժամկետներն էլ դեռ հստակեցված չեն. թեեւ նախագահ Պուտինն ու Ղրիմի իշխանությունների ներկայացուցիչներն արդեն իսկ ստորագրել են Ղրիմն ու Սեւաստոպոլը ՌԴ կազմի մեջ մտցնելու վերաբերյալ պայմանագիրը, որը հռչակում է, որ այդ որոշումը վավեր է ստորագրման պահից, սակայն պայմանագիրն օրինական ուժ կստանա միայն ՌԴ Դաշնային խորհրդի կողմից վավերացվելուց հետո: Այս մոտեցումը հնարավորություն կընձեռի ռուսական կողմին անկախ Ղրիմի զինված ուժերի միջոցով իրականացնել հարակից ռուսաբնակ մարզերի ռուս եւ ռուսախոս բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ համարվող գործողությունները:

Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը պետք չէ կապել այս կոնկրետ իրավիճակի հետ:

– ԼՂՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների դերն ու արձագանքը ինչպիսի՞ն պետք է լինի:

– Որքան գիտեմ, ԼՂՀ ԱԳՆ-ն արդեն իսկ դրական է արձագանքել Ղրիմի հանրաքվեի անցկացման փաստի ու գրանցված արդյունքների կապակցությամբ: Այս պահին, կարծում եմ, արցախյան կողմը նոր պաշտոնական հայտարարություններ անելու կարիք չունի:

– Իսկ պաշտոնական Երեւանի դիրքորոշումն ինչպիսի՞ն պետք է լինի:

– Հայաստանը պետք է դիտարկի այդ հանրաքվեն Ուկրաինայում վերջին ամիսներին ծավալված քաղաքական գործընթացների ընդհանուր համատեքստում: Ելնելով դրանից՝ հայկական կողմը, հիմնվելով իր տրամադրության տակ եղած տեղեկատվության վրա, կարող է արձանագրել, որ Ղրիմի բնակչության մեծամասնությունը մասնակցել է հանրաքվեին ու քվեարկել հօգուտ Ղրիմի Ինքնավար Հանրապետության ՌԴ կազմի մեջ մտնելու տարբերակի: Ինքնին բնակչության այսօրինակ վերաբերմունքը կարող է կողմնորոշիչ դառնալ նաեւ կիեւյան նոր իշխանությունների ու միջազգային հանրության համար, սակայն, հավանաբար, հանրաքվեի արդյունքների միջազգային լայն ճանաչումը որոշակի լրացուցիչ քաղաքական եւ դիվանագիտական ջանքեր է պահանջելու, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի իր միջնորդական մասնակցությունն ունենալ այս հարցում՝ հաշվի առնելով նաեւ Արցախյան հիմնախնդրի կարգավորման ընթացքում ձեռք բերած եզակի փորձի առկայությունը:

– ՄՄ-ին անդամակցելու իր որոշմամբ կարծում եք՝ Սերժ Սարգսյանը Հայաստանը փրկե՞ց Ուկրաինայի ճակատագրին արժանանալուց:

– Ուկրաինայում շատ կոնկրետ աշխարհաքաղաքական խնդիրներ են լուծվել ու դեռ շատ իրադարձություններ են տեղի ունենալու: Այդ ամենի հետ Հայաստանը կապ չունի, եւ այնպես չէ, որ եթե Հայաստանն այլ ուղի ընտրեր, այստեղ էլ նույնը տեղի կունենար: Բանն այն է, որ Հայաստանին այլընտրանք տրված չի եղել առաջին հերթին հենց Եվրամիության կողմից՝ վերջինս արեց հնարավորը, որպեսզի Հայաստանն ընտրի այն, ինչն ընտրել է պարոն Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին: Միաժամանակ, մենք պետք է հստակ հասկանանք, որ Հայաստանում իշխանափոխության ուկրաինական սցենարը միանգամայն իրատեսական ու արագ իրագործելի է:

– Աշխարհաքաղաքական այս իրավիճակում նման արագընթաց տեմպերով, ինչպես վարչապետի գլխավորությամբ՝ ՀՀ այլ պաշտոնյաներ են հայտարարում, ՄՄ-ին ձգտելն ի՞նչ է տալիս մեր երկրին:
– Անվտանգություն ու տնտեսական հարաբերական կայունության ապահովում այնչափով, որչափով դա կախված է Կրեմլից:

– Արեւմուտքն արդեն ՌԴ-ի հանդեպ սկսել է պատժամիջոցների սահմանումը, ինչին ՌԴ-ից կոշտ արձագանքներ են լինում: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը:

– Սա երկարաժամկետ քաղաքական, տնտեսական ու դիվանագիտական դիմակայության սկիզբն է: Միաժամանակ, կարծում եմ, որ բրիտանա-ամերիկյան ռազմավարական տանդեմին ձեռնտու չէ Ռուսաստանի կործանումը կամ ծայրահեղ թուլացումը՝ հավանաբար նպատակն այն է, որ Ռուսաստան-ԵՄ հարաբերություններում կասեցվի հնարավոր առաջընթացը եւ կանխվի Ռուսաստան-Գերմանիա-Ֆրանսիա աշխարհաքաղաքական նոր առանցքի ձեւավորումը:

– Ընդհանրապես, կարծում եք, որ Արեւմուտքն ունի՞ այն բարոյական մանդատը, որ ՌԴ-ի հասցեին մեղադրանքներ հնչեցնի, քանզի ժողովրդավարության քողի տակ նույն Արեւմուտքի ձեռամբ եղան արաբական գարունները, որոնք, ըստ էության, տվյալ երկրների եւ նրանց բնակչության համար որեւէ հարց չլուծեցին: Ավելին՝ առավել ծանր դրության մեջ հայտնվեցին այդ երկրները:

– Ես կարծում եմ, որ ցանկացած երկրի իշխանությանը արտաքին քաղաքականություն վարելու մանդատը տրվում է իր սեփական ժողովրդի կողմից: Վերջինիս համար մանդատ տալ-չտալու հիմք է հանդիսանում այն, թե որքանով է իշխանությունը կարողանում հոգալ մարդկանց բարձր կենսամակարդակը, ու եթե այն ապահովվում է անգամ այլոց իրավունքների խախտման միջոցով, փույթ չէ՝ այդ կարգի գործողությունները հիմնավորվում են բացառիկ ազգային շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ: Այսինքն՝ ապահով քաղաքացին ներողամիտ է իր բարեկեցությունն «ապահովող» իշխանության նկատմամբ ու պատրաստ է շատ բաների վրա աչք փակել:

Զրույցը`  ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31