Այսօր Կապանում Սյունիքի մարզի քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ԶԼՄ-ներկայացուցիչների համար իրազեկման սեմինար էր կազմակերպվել, որտեղ ներկայացվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» և գործընկեր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը։ 2014թ.-ի հունվարից մեկնարկած ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ կավարտվի 2016թ.-ի դեկտեմբերին: Եռամյա ծրագիրը նպատակ ունի մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման եւ իրականացման գործում։ Ծրագրի օգնական Նվարդ Լոռյանի խոսքով` ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ներին եւ ԶԼՄ-ներին տրամադրվելու են փոքր դրամաշնորհներ, կոռուպցիոն թեմաների վերաբերյալ մոնիթորինգներ, լրատվական հետաքննություն իրականացնելու համար եւ այլն:
«Այս ծրագիրը շարունակում է մեր նախորդ հակակոռուպցիոն ծրագիրը, որը տրամադրում էր անվճար իրավաբանական խորհրդատվություն եւ ներկայացուցչություն դատարաններում: Այս ծրագրով նախատեսում ենք ստեղծել հակակոռուպցիոն մարմին եւ հակակոռուպցիոն կոալիցիա, որը բաղկացած կլինի ՔՀԿ-ներից եւ ԶԼՄ-ներից, որոնք իրենց մասնակցությունը կունենան կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է զարգացնել ՔՀԿ-ների կարողությունները, բարձրացնել հասարակական կազմակերպությունների վերահսկողությունը, ստեղծել կայուն երկխոսություն կառավարության եւ ՔՀԿ-ների միջեւ եւ այլն»,- նշեց ծրագրի օգնական Նվարդ Լոռյանը եւ տեղեկացրեց, որ ծրագրի ավարտին նախատեսվում է արդյունքների հիման վրա մշակել քաղաքականություն և ներկայացնել կառավարություն։
Ծրագրի տարածաշրջանային փորձագետ, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ Արշավիր Խալափյանը նշեց, որ Սյունիքում մարդիկ սրտացավ են, անտարբեր չեն բացասական երեւույթների նկատմամբ, այդ թվում նաեւ կոռուպցիոն դրսեւորումների նկատմամբ: «Եթե նայում ենք համապետական ընտրությունների արդյունքները, տեսնում ենք, որ ժողովուրդն այդքան էլ հուսահատ չէ, ժողովուրդը պատրաստ է իր իրավունքների համար պայքարել, ուղակի առիթ է պետք», – ասաց Արշավիր Խալափյանը եւ հավելեց, որ հիմնականում կոռուպցիոն դրսեւորումներ նկատելի են բնապահպանության եւ քաղաքաշինության ոլորտներում: «Բնապահպանական ոլորտում պատասխանատու պետական կազմակերպությունների կողմից մասսայական անտարբերություն է տիրում, դրա մասին է վկայում նաեւ հենց օրեր առաջ Ողջի գետի ջրերի գունափոխման հանգամանքը: Պատասխանատուները պարզապես անգործության են մատնված, այդ անգործությունը կարելի է որակել որպես կոռուպցիոն դրսեւորում: Քաղաքաշինության ոլորտում եւս տեսնում ենք կոռուպցիոն դրսեւորումներ` քաղաքի ճարտարապետական տեսքի, շինարարության արդյունքում առաջացող բնապահպանական խնդիրների մասին է խոսքը, եթե կոնկրետ բողոքող չի լինում, ապա պատկան մարմինները, ըստ էության, մնացած հարցերի վրա չեն խորանում», – ավելացրեց տարածաշրջանային փորձագետը:
Կարդացեք նաև
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում տեղական եւ միջազգային փորձագետների մասնակցությամբ կազմակերպվելու են ուսուցումներ, իսկ 2015թ-ի սկզբից էլ մոտ 2-3 հազար եվրո արժողությամբ փոքր դրամաշնորհներ կտրամադրվեն ՔԿՀ-ներին եւ ԶԼՄ-ներին: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 650 հազար եվրո:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ