Արմավիր մարզի բնակիչ Աշոտ Խուդոյանն իր չորս անչափահաս երեխաների եւ կնոջ հետ այս գիշեր էլ կլուսացնի նախագահական նստավայրի դիմաց:
Նա երեկվանից վերսկսել է նստադուլը՝ պահանջելով քրեական գործ հարուցել քրոջ ու մոր նկատմամբ կեղծ ու ապօրինի ճանապարհով իրեն պապական կտակով հասանելիք տնից զրկելու համար:
Խուդոյանի կնոջ՝ Հեղինե Մակարյանի պատմելով, իրենք յոթ տարի առաջ են պարզել, որ ամուսնու պապի կտակած տունը, սկեսուրն ու ամուսնու քույրը ձեւակերպել են նվիրատվություն՝ իրենց անունով. «Այդ ժամանակվանից սկսել ենք պայքարել կեղծիքի բացահայտման համար: 2008-ին դիմել ենք Արմավիրի դատախազություն, բայց քրեական գործը կարճվեց՝ հանցակազմի բացակայութան պատճառով:
Դիմել ենք Սերժ Սարգսյանին, վեց անգամ նստացույց ենք արել, բայց քննիչը չի ուզում մեր ցուցմունքները ամբողջությամբ գրել»:
Կարդացեք նաև
Հեղինե Մակարյանի խոսքով, հարուցված վերջին քրեական գործն էլ շաբաթ օրն է կարճվել եւ յոթօրյա ժամկետում բողոքարկելու իրավունք ունեն: Ամուսիններն իրենց բողոքն արտահայտում են Բաղրամյան 26-ից դեպի գլխավոր դատախազություն, այնտեղից էլ՝ նախագահական նստավայր նստացույց անելով. «Ամուսինս նախկինում նույնիսկ հացադուլ է արել, բերանն է կարել, բայց ոչ մի անդրադարձ»:
Նրա պատմելով` 1976 թվականին ժառանգությունն ընդունվել է ըստ պապի կտակի, իսկ 1978-ին պարզվել է նվիրատվություն է արված. «Պարոն Կոստանյանը խոստացավ, որ էս կեղծիքին օրենքով լուծում կտրվի, բայց մարզում ընթացք չեն տալիս, ասում են՝ ապացուցեք, որ Կոստանյանը խոստացել է ձեզ, ի՞նչ անենք, որ ապացուցեք: Ասում են՝ թող վերեւից մեզ ասեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ