Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու «Գորկի սադը» կռվախնձոր է դառնում Սամվել Բալասանյանի ու Վարդան Ղուկասյանի միջև

Մարտ 18,2014 21:05

Այսօր կայացավ Գյումրու ավագանու հերթական նիստը, օրակարգի 18 հարցերից մեկը վերաբերում էր «Քաղաքային զբոսայգի» Փակ բաժնետիրական ընկերության լուծարմանը: Այսինքն` խոսքը Գյումրու Սլաբոդկա թաղամասում գտնվող կենտրոնական զբոսայգու` «Գորկի սադի» մասին է, որտեղ ժամանակին նկարահանվել են «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը» և այլ հայտնի ֆիլմեր, սակայն  այժմ այն պատկանում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ու նրա ընտանիքին: Այստեղ է գտնվում Ղուկասյանների սպասարկման օբյեկտներից մեկը` «Օազիս» ռեստորանային համալիրը :

Սամվել Բալասանյանը Գյումրու ավագանու անդամներին առաջարկեց լուծարել Ղուկասյանի ընկերությունը, սակայն ավագանու անդամները, ովքեր մշտապես «խաթր» էին անում պարոն Բալասանյանին, այս անգամ ընդդիմացան`բնականաբար չուզելով լավ ու վատ լինել նախորդ քաղաքապետի հետ: Հատկապես կրքոտ ելույթներ ունեցան այն ավագանու անդամները, ովքեր Վարդան Ղուկասյանի օրոք ևս ավագանու անդամ էին: Օրինակ` Արամայիս Բաղրամյանը, ով կարելի է ասել ավագանու հավերժ անդամներից մեկն է, ասաց , որ կողմ է լուծարային հանձնաժողովի ստեղծմանը, ոչ թե ընկերությունը լուծարելուն, թող հանձնաժողովը ուսումնասիրություն կատարի, նոր միայն խոսեն լուծարելուց:

Նշենք, որ այս թեմայով որպես զեկուցող հանդես էր գալիս ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, որից Սամվել Բալասանյանը նախևառաջ հետաքրքվեց, թե ի՞նչ կարգավիճակում է գտնվում Գորկու այգին: Հենրիկ Գասպարյանը, ով նույնպես աշխատել է Վարդան Ղուկասյանի օրոք` որպես քաղաքի գլխավոր ճարտարապետ, զեկուցեց, որ քաղաքապետարանում որևէ փաստաթուղթ չեն կարողացել հայտնաբերել «Քաղաքային զբոսայգի» ՓԲԸ-ի մասին, չկա որևէ կանոնակարգ, ու թեև այն գրանցված է պետական ռեգիստրում, սակայն չկա ռեգիստրի վկայական: Իրենք հարցում են ուղղել ռեգիստրի տարածքային բաժանմունք, որտեղից ևս չեն կարողացել տեղեկատվություն տրամադրել այս թեմայով: Սա հունից հանեց Սամվել Բալասանյանին, ով նեղսրտեց, թե գեղեցիկ չէ, դուք հին աշխատողներ եք, գոնե դուք պիտի իմանայիք այս մասին:

«Ի՞նչ կա էդ այգում , համայնքը ինչպիսի՞ սեփականություն ունի, արդյո՞ք էդ կարուսելները ումն են և այլն, և այլն…Մենք պետք է հասկանանք վերջը, մենք ունենք տնտեսություն, ունենք զբոսայգի, որը 6 հեկտարի վրա, էդ ամեն ինչը պետք է պարզաբանվի: Չէ՞ որ սա համայնքային սեփականություն է, եւ բոլորիս համար պատմություն ունեցող այգի է», ասաց քաղաքապետը:

Նա, տեսնելով, ավագանու որոշ անդամների դիմադրությունը «Քաղաքային զբոսայգի» ՓԲԸ-ն լուծարելուն, օրակարգում փոխեց հարցի ձևակերպումը, առաջարկեց այն ոչ թե լուծարել, այլ լուծարային հանձնաժողովներ ստեղծել, այդ թվում և բնապահպանական, և ուսումնասիրել կարգավիճակը: «Հարգելի ավագանիներ, մենք վերջը մենք Գորկի այգու ճակատագիրը պետք է որոշե՞նք, թե՞ չէ: Մենք պետք է հասկանանք` ի՞նչ վիճակում է գտնվում Գորկու այգին, կարող ենք ստեղծել լուծարային հանձնաժողով, որի կազմում պետք է ընդգրկվեն նաեւ ավագանու անդամները, որովհետեւ ոչ պայմանագիր կա, ոչ բան: Լուծարելու դեպքում պետք է, անպայման, ստեղծենք լուծարային հանձնաժողով, եթե պետք չի լուծարել, չենք լուծարի, եթե պայմանագիրը տեղին է, ամեն ինչ տեղը տեղին է, որևէ բան չկա էս պահին», -պարզաբանեց քաղաքապետը:

Հարցի ձևակերպումը փոխելուց հետո անգամ ավագանու երկու անդամներ ձեռնպահ քվեարկեցին լուծարային հանձնաժողովի ստեղծմանը, այսպիսով` փորձելով ոչ ընդդիմանալ Սամվել Բալասանյանին, ոչ էլ դեմ դուրս գալ Վարդան Ղուկասյանին:

Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների, Գորկի այգին սեփականաշնորհված է Գյումրու նախորդ քաղաքապետի կողմից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Կառլեն says:

    Վարդանիկենք ամբողջ քաղաքն են գրավել, դրանք մետստազ են

  2. Հարություն says:

    Սադի անունը ՞Գորկի՞ չէ, այլ՞ Գորկա՞ է, իմացեք, իմանալը ամոթ բան չէ

  3. Нона says:

    Է օղուլ, դուք կրնաք ըդպես լավ պահել մեր պարծանքը՛ Այգին, ինչխոր ղուկասյանենք են պահել, են տարիները գիշերները եղբայրներով քնել են այգում, որ ծառերը չկտրեն, չփչացնեն, մե բամ էլ ավելացնեն… Քաղաքապետարան, տաք տեղը նստած քեզանից դուրս որոշումներ կկայացնես: Ըդոր տեղը կամանդտ հավաքե, գիշերները դու էլ քնե ընդեղ: Տեսնիմ կենես? Թե էլի պատրաստի բան էք տեսել, գուզեք ձեռքերտ ըդօր վրա էլ քցեք….Էրնեկ ձեզի, ոչ խելք ունիք, ոչ մեխք….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31