«Արաղի լոբբինգը ձեւավորվել է հենց արաղ արտադրողների շահերի պաշտպանության համար»,- Aravot.am-ի հետ զրույցում «Գովազդի մասին» օրենքում վերջին փոփոխությունն այսպես մեկնաբանեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Հիշեցնենք, որ այդ փոփոխությամբ թույլատրվում է հեռուստատեսությամբ որոշակի ժամերին թունդ ալկոհոլային խմիչք գովազդել:
Լեւոն Բարսեղյանի խոսքերով՝ «12 տարի առաջ արգելվել էր օղու գովազդը հեռուստատեսությամբ՝ թույլատրել էին միայն հայկական կոնյակի գովազդը: Հիմա մարդիկ որոշեցին վերականգնել այդ գովազդի իրավունքը եւ ամենաանհեթեթն այն է, որ հիմնավորման մեջ գրել են, թե հեռուստատեսությունը կարող է լրացուցիչ 1 մլրդ դրամ գովազդային եկամուտ ունենալ ամեն տարի՝ առանց խորանալու դրա մաթեմատիկայի մեջ: Եթե օղու վաճառքի համար 1 մլրդ դրամի գովազդ են տալու, դա նշանակում է, որ մոտավորապես 30-50-ապատիկի չափով օղի են վաճառելու, այսինքն՝ 30-50 մլրդ դրամի չափով օղի պիտի վաճառեն, որ շահեկան լինի այդքան գումարը հատկացնել օղու գովազդին: Անգամ, եթե 20 մլրդ դրամի օղի լինի՝ լուրջ թվեր են ստացվում: Մեզ յուրաքանչյուրիս միջին հաշվով հասնելու է լրացուցիչ 3-8 լիտր օղի՝ տարեկան: Այս տեսակ անհեթեթ հիմնավորում են: Մեր, ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամ տարեկան 8 լիտր լրացուցիչ օղի պիտի օգտագործի, որ նման բան լինի: Հիմնավորում են փորձում բերել, թե մեր ազգին դա վնաս չի տա, մենք սթափարաններ չունենք: Դե դրեք, ուրեմն 24 ժամ օղու գովազդ արեք, ինչո՞ւ եք քիչ ժամով անում: Դրեք ծխախոտի գովազդն ազատականացրեք: Ուղղակի ֆինանսական շահեր սպասարկելու համար դա ընդունեցին»:
Լեւոն Բարսեղյանը հիշեցրեց, թե «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծի քննարկման ժամանակ ինչ է ասել վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Օրենքը քննարկելիս ամենասկզբում հիշո՞ւմ եք վարչապետի ռեպլիկը: Ասաց՝ մեր կուսակցական լավ ընկերները առաջարկություն են բերել օրենսդրական, պիտի ընդունեք, էս անեք, էն անեք: Մի խոսքով, իրենք իրենց դուքանում ինչ ուզում՝ անում են»:
Լեւոն Բարսեղյանը միայն զարմացած է այդ օրինագիծը սատարողների եւ հեղինակների շարքում տեսնել անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին. «Ինձ համար զարմանալի էր տեսնել որ, անկախ պատգամավոր կա այդ խմբում: Չէի սպասում, ճիշտն ասած»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ