Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հայրապետյանի «Աշխարհաքաղաքական ծուղակի» շնորհանդեսը՝ նրա ծննդյան օրը. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 18,2014 21:11

Հրապարակախոս Տիգրան Հայրապետյանը, որի կյանքն ընդհատվեց տասնհինգ տարի առաջ, հավերժ կմնա 35 տարեկան: Ու ամեն տարի նրա հարազատներն ու ընկերները մարտի 18-ին կնշեն նրա հերթական 35-ամյակը, որովհետեւ նա, ում ծննդյան 50-ամյակն էր այսօր, երբեք չի դառնա 65-ամյա թոշակառու, 75-ամյա պապիկ, նա կմնա նույն երիտասարդ Տիգրան Հայրապետյանը:

PrevPhoto
NextPhoto

Նրա հրապարակախոսական գործերն էլ կապրեն եւ դեռ կխոսեն, որովհետեւ այդ գործերը մեկանգամյա օգտագործման համար չէին, դրանք խորն էին ու մնայուն: Նրա գործերը տարբերվում են այսօրվա հրապարակախոսների գործերից, որոնք երեկ հայհոյում էին, իսկ այսօր մեծարում նույն մարդուն, երեկ աջ ազատական էին, այսօր՝ ձախ սոցիալիստ… Որովհետեւ Տիգրան Հայրապետյանը գիտեր, որ լրագրողը, հրապարակախոսը շատ ավելի լուրջ առաքելություն ունի, քան քաղաքական հոսանքների ներքո վերեւ-ներքեւ, աջ ու ձախ, հետ ու առաջ անելը…

Տիգրան Հայրապետյանը լուրջ գրական ժառանգություն է թողել: Իսկ լուրջ գրական ժառանգությունը միայն լուրջ տերուտիրական ունենալու դեպքում է արժեք ստանում: «Տիգրան Հայրապետյան» ստեղծագործ մտքի պաշտպանության հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրեն, հայագետ, հրապարակախոս Նազենի Ղարիբյանը` ընկերների եւ բարեկամների օգնությամբ այդ գործերի արդեն 3-րդ հատորյակը հրապարակեց՝ «Աշխարհաքաղաքական ծուղակ» խորագրով: Ի դեպ, այդ հատորյակում տեղ գտած հոդվածներից մեկը, որը կրում է նույն անունը, հրապարակվել է «Առավոտում»՝ 1999-ին :

Այսօր՝ Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրը, այդ հատորյակի շնորհանդեսն էր:

Շնորհանդեսին ներկա էին մարդիկ, ովքեր գնահատել եւ գնահատում են Տիգրան Հայրապետյանին, ովքեր զգացել եւ զգում են նրա գրչի ուժը:

Շնորհանդեսի ավարտին ներկայացվեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող «Տիգրան Հայրապետյան» մրցանակաբաշխության արդյունքները: 2006-ից ի վեր անցկացվող մրցանակաբաշխության ժամանակ «Տիգրան Հայրապետյան» կրթաթոշակի են արժանանում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ եւ աշակերտ(ներ): Այս անգամ այդ պատվին արժանացան ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը եւ աշակերտներ Լիլիթ Աղաջանյանն ու Մարիամ Փաշինյանը:

Ավանդական մրցանակ ուներ նաեւ «Հայկական ժամանակը», որին այս անգամ արժանացավ բանաստեղծ Արփի Ոսկանյանը՝ «Հայկական ժամանակում» հրապարակվող իր քաղաքական հանելուկների համար:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31