Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը դատարանում սեռական հայհոյանքներ է տվել, իսկ կարգադրիչները չեն միջամտել

Մարտ 18,2014 20:06

Այսօր Գավառի ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել նիստից առաջ, իսկ դատական կարգադրիչներից որեւէ մեկը չի միջամտել, քանի որ նրանք պարզապես տեղում չէին: Հայհոյող ամբաստանյալը հանրաճանաչ բախտագուշակ Վարսիկի որդին է` Սարգիս Հակոբյանը, որի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստն է այսօր  տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ բախտագուշակի որդին պարբերաբար խոշտանգումների է ենթարկել կնոջը` Հասմիկ Խաչատրյանին: Սարգիս Հակոբյանը տարիներ շարունակ կնոջը դաժանաբար ծեծի ենթարկելուց ու հայհոյանքներից բացի, պարբերաբար ծխախոտը հանգցրել է կնոջ մարմնին, անգամ 6-ամյա տղային է ստիպել է թքել մոր վրա եւ բռունցքով հարվածել մոր երեսին:

Aravot.am-ի հետ զրույցում Հասմիկ Խաչատրյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը պատմեց, որ ամբաստանյալը անպարկեշտ է պահել իրեն դատարանի միջանցքում, նիստերի դահլիճի մոտ սեռական հայհոյանքներ է տվել նիստին ներկա գտնվելու պատրաստվող կանանց. «Ես խնդրել եմ դատարանին այդ հանգամանքը արձանագրել: Ճիշտ է, Սարգիս Հակոբյանը հայտարարեց, որ ինքը սեռական բնույթի հայհոյանք չի տվել որեւէ մեկին, բայց ինքս եմ լսել, նաեւ այնտեղ ներկա 10 ավելի մարդիկ են լսել, ներկաներից մի քանիսը նույնիսկ ձայնագրել են»:

Մեր այն հարցին, արդյոք դատարանը ամբաստանյալի անպարկեշտ վարքագիծը հաշվի կառնի՞, հատկապես, որ նրա խափանման միջոցը որպես կալանք փոխելու միջնորդություն է ներկայացվել, փաստաբանն ասաց. « Չգիտեմ դատարանը հաշվի կառնի՞, թե ոչ, բայց ես հայտարարեցի, որ դատական դեպարտամենտին եւ արդարադատության խորհրդին բողոք եմ ներկայացնելու, որովհետեւ դա առաջին հերթին դատական կարգադրիչների անգործության հետեւանքն է, երբ այդքան մարդու ներկայությամբ՝ ոչ մի կարգադրիչ այդտեղ չէր, որպեսզի փորձեին կասեցնել միջադեպը: Սա շատ վատ երեւույթ է, երբ դատարանը կարողանում է ամբաստանյալին այնպիսի արտոնություններ տալ, որ նա գտնվի ազատության մեջ ու նման կերպ իրեն դրսեւորի: Սա խոսում է այն մասին, որ ամբաստանյալը փորձում է ճնշում գործադրել իրեն մեղադրողների նկատմամբ:  Ընդ որում, երբ ես դատարանին ասացի հայհոյանքների մասին, դատավորը փոխանակ ավելի կոշտ մոտեցում ցուցաբերի ամբաստանյալի նկատմամբ, մի բան էլ կասկածելով հարցրեց` հա՞, հայհոյանքնե՞ր ես տվել»:

Իսկ ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդությունն այսօր դատարանը չքննարկեց, պարոն Մուրադյանն ասաց, որ, չնայած  դատավորը նախորդ նիստին ասել էր, որ ապացույցների հետազոտումից հետո այդ հարցը կլսեն, այսօր ապացույցների հետազոտությունն ավարտվեց, իսկ դատավորը նորից հետաձգեց միջնորդությունը քննարկելը:

Բացի հայհոյանքներից՝ ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը, ինչպես վստահեցրեց փաստաբանը, դատական նիստի ընթացքում էլ է իրեն անպարկեշտ պահել. «Նրա հոր` Համլետ Հակոբյանի հարցաքննության ժամանակ ամբաստանյալը մի տեսակ գողական ձեւով ասաց`եթե հերս խոսում ա, պիտի բոլորը լռեն: Այս երեւույթին դատարանը կոշտ մոտեցավ ու դուրս հանեց դահլիճից: Ընդհանրապես, այս նիստին ամբաստանյալն ավելի ագրեսիվ վարքագիծ ուներ»:

Փաստաբան Տիգրան Մուրադյանի ներկայացմամբ, այսօրվա դատական նիստին վկաներ հարցաքննվեցին, ամբաստանյալի հայրը փորձել է իր ցուցմունքով հերքել նախկին հարսի` Հասմիկ Խաչատրյանի ցուցմունքները, իբր ծեծ չի եղել, վեճեր չեն եղել: Իսկ մեկ այլ վկայի ցուցմունքն ամբողջությամբ համապատասխանել է Հասմիկի տված ցուցմունքներին:

Նշենք, որ Սարգիս Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2րդ մասի 3-րդ կետով` խոշտանգում:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին, դատարանը հարցաքննության է հրավերել գործով եզրակացություն տված փորձագետներին:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31