Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն այսօր հետաձգեց Աշոտ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստը:
Պատճառը Ա.Խաչատրյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի գրությունն էր, որով նա դիմել էր դատարանին:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանը տեղեկացրել էր, որ վաղօրոք նշանակված մեկ այլ նիստով գտնվում է Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, խնդրել էր հետաձգել դատական նիստը, մեկ այլ հերթի նշանակելով:
Դատարանը հետաձգեց նիստը, այն նշանակելով ապրիլի 8-ին:
Կարդացեք նաև
Ի դեպ, դատարան էր բերվել ամբաստանյալ Աշոտ Խաչատրյանը, սակայն նրան դահլիճ այդպես էլ չտեղափոխեցին, հավանաբար այն պատճառով, որ պաշտպանը չկա:
Aravot.am-ը տեղեկացրել է, որ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանն էր հարուցել քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Անցյալ տարվա հուլիսի 30-ին, առավոտյան ժամը 11.30-ի սահմաններում Միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցի և 4-րդ փողոցի 3-րդ նրբանցքի խաչմերուկում Հրազդանի բնակիչ Նվեր Աբելյանի նախկին կնոջ եղբայրը` 1985 թ. ծնված Աշոտ Խաչատրյանն իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հարվածել էր տուժող Նվեր Աբելյանին, դեպքի վայրից դիմել էր փախուստի: Նվեր Աբելյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր:
Դեպքը տեղի էր ունեցել Նվեր Աբելյանի մոր՝ տիկին Անահիտի աչքերի առջև: Նա ի դեպ, դեղահաբերը գրպանում, սթրես կենտրոնից ներկայացել էր դատարան, եւ հազիվ էր զսպում իր արցունքները:
Մայրը տեսել էր, թե ինչպես է մեքենան 3 անգամ հարվածել որդուն, ինչպես է որդու ոտքը կտրվել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիաննա Գրիգորյանը: Նա դեռ, այսօրվա դրությամբ, մեղադրական եզրակացությունը չէր ստացել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ