Համլետ Չատինյանի ընտանիքը հարկադրված սնանկության վերաբերյալ դիմում է ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի դատարան:
Վանաձորի էլիտար շենքում բնակարանի շահառու Համլետ Չատինյանն ու նրա ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանը պահանջում են սնանկ ճանաչել պարտապան «Վիմպերգ» ՍՊԸ-ին:
Կողմերի միջեւ սա առաջին դատական գործընթացը չէ:
Դեռ 2011 թվականից Չատինյանների ընտանիքի և քաղաքապետ Սամվել Դարբինյանի միջև հաշտության համաձայնություն էր կնճվել, համաձայն որի` քաղաքացիական գործով պատասխանողներ Վանաձորի քաղաքապետարանը և «Վիմպերգ» ՍՊԸ-ն պարտավորվել էին մինչև 2013թ. հոկտեմբերի 1-ը շենքի կառուցումն ավարտելուց հետո Չատինյաններին հատկացնել 55 ք.մ-ից ոչ պակաս մակերեսով բնակարան, իսկ մինչև նշված ժամկետը բնակարանով չապահովելու դեպքում, նրանց վճարել 38 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Տվյալ գումարի վճարման համար քաղաքապետարանն ու «Վիմպերգ» ՍՊԸ-ն կրում են համապարտ պարտավորություն:
Կարդացեք նաև
Ժամանակն անցել է, բայց Չատինյանները ոչ բնակարանով են ապահովվել, ոչ էլ ստացել են իրենց գումարը:
Հաշտության համաձայնագրի համաձայն` Չատինյանները դիմել են ԴԱՀԿ ծառայություն՝ հարկադիր կարգով պարտավորեցնելու պարտապաններին՝ կատարելու հաշտության պայմանները: Արդյունքում Վանաձորի բյուջեն կալանքի տակ է վերցվել:
Չնայած դրան` ոչ ՍՊԸ-ն, ոչ էլ քաղաքապետարանը մինչ օրս չեն ստանձնել գումարի վերադարձը:
Չատինյաններն էլ հարկադրված սնանկության պահանջով դատարան են դիմել:
«Չնայած նրան, որ Չատինյանները պայմանագիր են կնքել, այնուամենայնիվ, ոչ ՍՊԸ-ն, ոչ էլ քաղաքապետարանը չեն կատարում ստանձնած պարտավորությունները: Ընտանիքն, այլեւս չի հավատում ոչ սեփականատիրոջը, ոչ քաղաքապետին, որոշել են այս մեխանիզմով ստանալ իրենց գումարը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Չատինյանների ներկայացուցիչ Կարեն Թումանյանը` եզրափակելով, որ սնանկ ճանաչվելու դեպքում նշանակված ժամանակավոր կառավարիչը պետք է վաճառի գույքն ու կատարի պարտավորությունը` հասանելիք գումարը վերադարձնի Չատինյանների ընտանիքին:
Դատական նիստը կկայանա մարտի 25-ին:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ