Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հասմիկ Պողոսյանի միամտության աստիճանն ու մշակույթի նախարարության շահագրգռվածության պատճառները

Մարտ 18,2014 17:39

Գառնու տաճարի հարակից տարածքում սրճարան կառուցելու` ՀՀ մշակույթի նախարարության մտադրությունն այս պահին սառեցված հակամարտության է նման: Խնդիրն այն է, որ երբ շրջանառության մեջ դրվեց արգելոց-թանգարանի տարածքում սրճարան կառուցելու մտադրությունը, այն արժանացավ հասարակական լուրջ դիմադրության: Մտավորականներ, քաղաքական գործիչներ դեմ արտահայտվեցին այս նախագծին, որին հետևեց արգելոց-թանգարանի տարածքում` շինարարական աշխատանքների դադարեցումը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության» ծառայություն ՊՈԱԿ-ից օրեր առաջ Aravot.am-ին տեղեկացրին,  թե սկսել են հանդիպումների շարք` շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Ամեն ինչ պարզ է ու հստակ. մասնագետները ընդդիմանում են այս նախագծի իրականացմանը, քանի որ վտանգ են տեսնում պատմամշակութային հուշարձանի պահպանության հարցում: Բայց մեկ հարց մնում է անպատասխան. ո՞րն է ՀՀ մշակույթի նախարարության շահագրգռվածությունը այդտեղ սրճարան կառուցելու հարցում:

Ruben Babayan

Aravot.am-ն այս հարցի շուրջ զրուցեց մի շարք մտավորականների հետ: Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը մեր հարցին` մշակույթի նախարարության շահագրգռվածությունը` Գառնու տաճարի մերձակայքում սրճարան կառուցել, կասկածելի չէ՞: Պարոն Բաբայանը պատասխանեց. «Եթե ջրի երես դուրս գա, թե ով է կոնկրետ ուզում այդ սրճարանը կառուցել, ամեն ինչ պարզ կդառնա: Նախարարության շահագրգռվածությունը կարող է մեկը լինել` պահպանել մշակութային օջախը իր` հնարավորինս կուսական ձևով և ստեղծել պայմաններ, որ այն հնարավորինս շատ մարդ տեսնի: Հաստատ այդ նախագիծը չի հետապնդում մարդկանց հանգիստը կազմակերպելու նպատակ: Մենք գիտենք, թե այդպիսի գործերն ինչպես են արվում. նախ թեթև կառույց է կառուցվում, հետո մի քիչ ծանր, արդյունքում ստացվում է մեծ ռեստորանային համալիր: Սա այդ դեպքը չէ, քանի որ չորս կողմը գյուղեր են, և սնվելու վայրեր կան, և զուգարան: Ուստի կարելի է այդ փոքր տարածությունը հանգիստ անցնել առանց նման կառույցի»:

Ռուբեն Բաբայանը կարծում է, որ ժամանակն է հասարակության կարծիքի հետ հաշվի նստել:

axand_14 ferdinant_Arakelyan

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը մեր հարցին` արդյոք կասկածելի չէ՞ մշակույթի նախարարության շահագրգռվածությունը Գառնու տաճարի շրջակայքում սրճարան կառուցելու հարցում, այսպես պատասխանեց. «Հարցը խորապես չեմ ուսումնասիրել, բայց չեմ կարծում, որ Հասմիկ Պողոսյանը այդքան միամիտ է: Զրուցել եմ, նրանք պատճառաբանում են, թե այնտեղ մի փոքրիկ բան պետք է լինի: Բայց ժողովուրդը կասկածում է, որ կարող է շենք լինել: Ճիշտ է անում, որ կասկածում է: Ես այնտեղ շենք չեմ պատկերացնում, մյուս կողմից էլ՝ այսօր ամեն սրիկայություն սպասում եմ»:

Aravot.am-ի հարցին՝ Ձեզ դիմե՞լ են, քանի որ մշակույթի նախարարությունը հանդիպումների շարք է կազմակերպում Գառնու տաճարի շրջակայքում սրճարան կառուցել-չկառուցելու հարցով, քանդակագործն այսպես արձագանքեց. «Այս վերջերս այնքան զբաղված եմ լինում… մեկ հոգի է զանգել, ասել եմ, եթե գետնի տակ հնագիտական բան կա, մի մոտեցեք տարածքին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31